Ճգնաժամերը խորանում են․ մեծ պայթյուն կլինի․ «Կարճ ասած»

26 Փետրվարի, 2026

 

ՔՊ-ական իշխանությունն ակտիվ քարոզարշավի մեջ է, բայց այնքան անտաղանդ ու էժան, որ դառնում են ծիծաղի առարկա։ Երեկ Փաշինյանը հայտարարեց թոշակը բարձրացնելու մասին, ինչը, միանշանակորեն, դիտվեց ընտրակաշառք։ Էսօր հայտարարեցին իրենց ստեղծած համընդհանուր հայտարարագրման համակարգում բարեփոխումների մասին։ Իհարկե՝ այդ համակարգին ժողովուրդը ի սկզբանե ո՛չ վստահում էր, ոչ էլ ընդունեց, ու կառավարությունը ստիպված անընդհատ փոխում է։ Դե մինչև ընտրություններ էնքա՜ն բաներ կլսեք։ Այս ընթացքում երբ որևէ մեկը խորհուրդ է հարցնում, թե ուր դիմի խնդրի համար, ասում եմ՝ կառավարություն, նախընտրական, այսինքն՝ իսկը խնդիր լուծելու ժամանակ է։

Իսկ ինչո՞ւ են ծաղրում իշխանությանը։ Երեկ՝ փետրվարի 25-ին, «Վեոլիա ջուր» ընկերությունը հայտնեց, որ ամռան ամիսներին ժողովրդին ամեն օր 7 ժամ անջուր է թողնելու․ երկար դժգոհություններից հետո տարածքային կառավարման նախարարը հայտնեց, թե կառավարության միջամտության արդյունքում ջրերը գիշերը չեն կտրի։ Նախապես չեն կարգավորել հարցը, սպասել են հրապարակվի, հանրայնացվի, որ իրենք որպես ջուր բերող ասպետ գան ու իբր կարգավորեն խնդիրը։ Հետաքրքիր է՝ «կառավարության միջամտության արդյունքում» էլ ինչեր կտեսնենք մարտ ապրիլ ու մայիս ամիսներին և մինչև հունիսի 7-ը։ Հնարավոր է՝ կառավարության անդամներին տեսնենք կամրջների վրա ինքնասպանություն կանխելիս, հնարավոր է՝ նախարարները ավտոբուսով երթևեկեն միայն նրա համար, որ տատիկներին իրենց տեղը զիջեն։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» հայտնում է, որ մայրաքաղաք Երևանում և մի քանի մարզում սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ: Հնարավոր է, որ հայտարարեն՝ կառավարության միջամտության արդյունքում քամու արագությունն իջեցվելու է 16-21 մ/վի կամ էլ տեղափոխվի հունիսի 8-ից հետո։ Սրանք, ժողովուրդ ջան, պատրաստ են ծաղրվել ուժերի ներածին չափով։

Բայց պարզվեց՝ ջրի խնդիրը ոչ էլ լուծել են․ ջրային կոմիտեի նախագահն ասում է՝ մեկ է՝ լինելու են ջրանջատումներ․ բայց 70 մլն եվրո վարկի տակ են գցում ջրային բարելավումների համար։ Չեմ բացառում, որ կառավարությունն ասի՝ մի անջատեք ջրերը մինչև հունիս, ընտրություններից հետո ուզում եք՝ օրվա 20 ժամը անջատեք ջուրը, մենակ կառավարական դաչաներինը տաք՝ հերիք է։

Որ «Վեոլիա ջրից» բողոքները շատ են, փաստ է։ Ինքս առնչվել եմ։ Սարի թաղի բնակիչները բողքում էին, որ ջուր է լցվում իրենց տները, հետո հոսում փողոցներով։ Զանգում եմ «Վեոլիա ջուր», ներկայանում եմ ու ինձ ասում են՝ ձեր լրատվամիջոցով բարձրաձայնեք, հնչեղություն տվեք, գուցե հասցեատերը արձագանքի ու կկարգավորեն։ Վստահ եմ, եթե «Վեոլիա»-ն լիներ ռուսական ընկերություն, հիմա խլել էին։ Հիմա ասում են՝ ջրերը անջատում ենք գիշերը, որ կորուստները նվազեն․ է ցերեկն էլ կորուստ կա․ դե 24 ժամ անջատեք։ Նիկոլը թող կոչ անի տանը կաթիլային համակարգ քաշել։

Իրականում այս մարդիկ երկիրը մտցրել են խորը ճգնաժամերի մեջ, կառավարման խորը տճգնաժամեր են բոլոր ոլորտներում։ Ու դա տրամաբանական է․ չի կարող սրանց օրոք արտաքին քաղաքականության մեջ, դիվանագիտության մեջ քաոս լինի, ներքինում քաոս լինի, տնտեսության մեջ լինի, սոցիալականում լինի, գնաճում քաոս լինի, իրավական ոլորտում քաոս լինի և մյուս բոլոր ոլորտներում, բայց, ասենք, ջրի կառավարման ոլորտում չլինի։ Ապաշնորհ կառավարությունը ապաշնորհ է ամեն տեղ։

Ճգնաժամն ամենուր է։ Օրերս մի քանի հաղորդում նվիրեցի հանցավորության վիճակին․ ասացի՝ քանի հոգու ուզում եք՝ հեռացրեք համակարգից, ում ուզում եք՝ հեռացրեք թեկուզ նախարար ու տեղակալներ, ոչինչ չի փոխվելու․ ինչպես որ ոչինչ չփոխվեց Նիկոլի դասընկեր Վահե Ղազարյանին Արփինե Սարգսյանով փոխելով, այնպես էլ ոստիկանապետերի տեղակալներին հանելով չի փոխվի։ Որովհետև ոստիկանության առաջնահերթությունները չեն փոխվել, մնացել են նույնը՝ բռնել ընդիմադիրներին և պահել Նիկոլի անվտանգությունն ու աթոռը։ Սրանք ՆԳ նախարարի երեք տեղակալներին հանեցին գործից ու տարան նախարարի խորհրդական․ որ նորմալ չեն աշխատում, նորմալ խորհուրդ կտա՞ն։ Այսօր կարդացինք՝ Վանաձորում հերթական դանակահարության մասին, մի տնից՝ երկու հոգու։ Սա ճգնաժամի մասին է։

15 օր է՝ հայկական բեռնատարները Վրաստանից չեն կարողանում Հայաստան գալ․ հեղուկ գազով և ածուխով բեռնված մեծ քանակությամբ բեռնատար մեքենաներ են կանգնած Վրաստանի սահմանին: Ասում են՝ վրացիները փակել են Հայաստան տանող ճանապարհը և պահանջում 700 ԱՄՆ դոլար, առանց պատճառաբանության։ Էկոնոմիկայի նախարար Պապոյանն ասում է՝ սպասում ենք վրացիների պարզաբանմանը, անհասկանալի է մեզ համար։ Վրաստանում այդ իրավիճակն է փետրվարի 12-ից։ Փետրվարի 20-ին Գևորգ Պապոյանի հրավերով Հայաստան է այցելում Վրաստանի էկոնոմիկայի նախարարը։ Խոսում են իդեալական տնտեսական կապերի մասին, հատուկ քննարկում են բեռների տարանցումը։ Բազմապատկման աղյուսակից բան չհասկացող Պապոյան Գևորգը չի հարցնում իր կոլեգային, թե ի՞նչ եք անում մեր ֆուռերի հետ, հիմա ասում է՝ մեզ համար անհասկանալի է։ Իսկ մեզ համար խիստ հասկանալի է, թե ինչու ձեր օրոք տարին առնվազն 10 անգամ խնդիր լինում վրացիների հետ, վրացական անցակետերում։

Հայաստանի կառավարության որոշումները բերում են ճգնաժամերի, ոչ թե հաղթահարման։ Մեր երկրում այսօր պարտքային ճգնաժամ է, վարկային ճգնաժամ է, կրիմինալ ճգնաժամ է, մեր երկրում ուղղակի ահավոր չափերի է հասնում ապօրինի թմրաշրջանառությունը, բանակում կառավարման չգնաժամ է, գնաճային ճգնաժամ է, մայրաքաղաքում կառավարման ճգնաժամ է, ամենուր կադրային ճգնաժամ է, հակակոռուպցիոն ճգնաժամ է։ Սրանք միայն վայելում են իրենց պաշտոնները, պադավատները, արգևավճարները, գերթանկարժեք տոմսերով չվերթները։ Ամեն ոլորտում Նիկոլը մտցրել է իր աշխատաոճը, իր ճաշակը, իրեն ձեռնտու ձևը, և ստացել ենք սա։ Էն որ մեռնում ենք թվարկելով սրանց տված ու չկտարած խոստումները, պատճառը հենց կառավարման ճգնաժամն է․ չգիտեն ինչ անեն, ոնց անեն, որտեղ անեն, ինչ միջոցներով անեն։ Խոստումներ տալ գիտեն, կատարել՝ ոչ։ Ինչ – որ բան անելիս էլ բացարձակ չկա ռեալ հաշվարկ, գնահատում, կարևորը՝ ձայն կորզելն է։ Թոշակի անգամ հաազար դրամ բարձրացումը սրանք համարում էին անհնար, մի քանի տարի չեն բարձրացրել․ հիմա ձայն տանելու համար միանգամից ասում են 10 հազարով կբարձրացնենք։ Այս որոշման տակից հունիսին եկող կառավարությունը ոնց է դուրս գալու, ինչ խնդիրների է բախվելու, սրանք թքած ունեն, չեն էլ մտածել, կարևորը՝ իրենք ձայն ապահովեն։

Կարճ ասած՝ մեր երկրին, ժողովուրդ ջան, պետք է իշխանություն, որն ունի ճգնաժամային կառավարման փորձ, ոչ թե իշխանություն, որը կստեղծի ճգնաժամեր։ Սրանք ստեղծում են այդ ճգնաժամերը ու հետաձգում, այս անգամ՝ մինչև հունիս։ Սրանց որոշումների տակ չկա սրտացավություն, չկա պետության ապագայի մասին մտածում, չկա կառավարություն-քաղաքացի հարաբերություն, այլ զուտ նախընտրական հաշվարկ է։ Պրոբլեմները չեն լուծվում, հետաձգվում են և մի օր պայթելու են միանգամից։ 2017-ին էլ կային բազմաթիվ խնդիրներ, էլի մատնանշում էինք ու ասում, որ պայթելու են։ Ու պայթեցին։

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Թուրքական կողմի առաջարկով՝ հաջորդը գործարար համաժողովը կանցկացվի Հայաստանում․ Միրզոյան

Թուրքական կողմի առաջարկով՝ հաջորդը գործարար համաժողովը կանցկացվի Հայաստանում․ Միրզոյան

Վերջերս ունեցանք շատ հաջողված գործարար համաժողով Կարսում, Հայաստանից գնացել էր պատկառելի բիզնես պատվիրակություն, թուրքական կողմի առաջարկով և մեր ցանկությամբ, մենք մեծ հաճույքով համաձայնեցինք, պլանավորում ենք մյուս գագաթնաժողովը Հայաստանում հոկտեմբերի սկզբին տեղի...

Չեմ տեսնում այնպիսի հեռանկար, որ որևէ կերպ ապասառեցնենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ին․ Միրզոյան

Չեմ տեսնում այնպիսի հեռանկար, որ որևէ կերպ ապասառեցնենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ին․ Միրզոյան

Ռուսաստանը, ըստ էության, իրավական, տնտեսական, քաղաքական առումներով ավելին է քան ռազմավարական գործընկերը, մենք ունենք այնպիսի պայմանագրեր, որոնք մեզ դարձնում են դաշնակիցներ, որը ավելին է քան ռազմավարական գործընկերը։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում...

ՌԴ-ն ողջունում է ցանկացած երկրի ջանքերը, որ կարող է նպաստել ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը․ Պեսկով

ՌԴ-ն ողջունում է ցանկացած երկրի ջանքերը, որ կարող է նպաստել ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը․ Պեսկով

Ռուսաստանը ողջունում է ցանկացած երկրի ջանքերը, որը կարող է նպաստել ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Պեսկովը նաև նշել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպումը՝ ամերիկացի միջնորդների մասնակցությամբ,...

Ձերբակալվել է Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը. 24News

Ձերբակալվել է Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը. 24News

Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները ձերբակալել են Նոյեմբերյան համայնքի ղեկավար, ընդդիմադիր «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Արսեն Աղաբաբյանին։ Այս մասին հայտնում է «24News»-ը։ Ըստ աղբյուրի տվյալների՝ իրավապահները համայնքապետին տեղափոխում են Երևան։...

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավորներ

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավորներ

Այսօր՝ օգոստոսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։15-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 79-րդ կմ հատվածում բախվել են «Infiniti» մակնիշի և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը վերածվել է մետաղե ջարդոնի։ Ինչպես...