Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություններ, որ Մեծամոր քաղաքի երկու բնակիչ, որոնք նախկինում դատապարտվել էին ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների համար, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, շուրջ 5000 ԱՄՆ դոլարի դիմաց նախապատրաստվում են սպանել Երևանի մի բնակչի։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։
Օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ երկու տղամարդիկ նախապատրաստվում էին սպանել նաև Արմավիրի մարզի Արգավանդ բնակավայրի մի բնակչի։
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նոյեմբերի 6-ին ձերբակալվել են սպանության նախապատրաստության հետ առնչություն ունենալու մեջ կասկածվող երեք տղամարդիկ։ Այսպիսով՝ Արմավիրի քրեական ոստիկանների օպերատիվ տեսադաշտում հայտնված անձանց նկատմամբ ձեռնարկված հետևողական միջոցառումների արդյունքում կանխվել է նախապատրաստվող առանձնապես ծանր հանցագործության՝ սպանության կատարումը։
Բացի այդ, ձերբակալվածներից մեկին պատկանող «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է մեթադոնի լուծույթ։
Օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ այն նույն օրը Փարաքար բնակավայրում տղամարդուն իրացրել էր մեկ այլ քաղաքացի։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։
Հանգամանքները պարզվում են։






