Սոցիալական պայթյունի շեմին․ պարտքերի մեջ թաղված հասարակություն. Արթուր Խաչատրյան

19 Նոյեմբերի, 2025

ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է․

«Նախորդիվ անդրադարձել էի պետական պարտքին։ Վիճակագրություն էի ներկայացրել, թե երկիրն ինչքան պարտք ունի, որ պետական բյուջե մտնող ամեն 3 դրամից 1 դրամը գնում է պարտատերերին: Այսօր կխոսեմ մարդկանց «սեփական» պարտքի մասին։

Մարդիկ իրար պարտք են տվել երևի մարդկության ստեղծման հաջորդ օրվանից։ Պարտք ենք վերցնում տարբեր պատճառներով. փողը չի հերիքում ընթացիկ ծախսերի համար (սա ամենավատ տարբերակն է), ինչ որ մեծ գնում կատարելու համար (օրինակ՝ կահույք պետք է գնես, կամ վիրահատության գնաս), ներդրում կատարելու համար, կամ՝ «ղումար ես կրվել»։ Այ սա արդեն ողբերգություն է, ընդհանրապես՝ ղումարբազությունը (շահումով խաղերը) դեպի կործանում տանող ամենակարճ ու հաստատ ճանապարհն են։ Բայց հիմա դրա մասին չէ խոսքը։

Մարդու/հասարակության/պետության վարկային պորտֆելի վերլուծությունը շատ բան կարող է ասել վարկառուի մասին։ Ըստ այդմ, դիտարկենք «հասարակության վարկային բեռը»։ 2025 թվականի սեպտեմբերի 30-ի օրվա վերջի դրությամբ Հայաստանի բանկերի կողմից տրված վարկերի ընդհանուր ծավալը կազմում է 7 տրիլիոն 265 մլրդ դրամ (ներառյալ միջբանկային վարկերը)։

Վարկերի 23% -ը՝ 1 տրիլիոն 686,4 մլրդ դրամը, սպառողական վարկեր են։ Եթե ընդհանուր վարկային պորտֆելից հանենք միջբանկային վարկերը և հաշվի առնենք, որ գյուղատնտեսական վարկերի մի որոշ ծավալ իրականում սպառողական բնույթի են, ապա սպառողական վարկերի մասնաբաժինը վարկային պորտֆելում շատ ավելի մեծ կլինի։ Հիպոթեքային վարկերը կազմում են 1 տրիլիոն 582 մլրդ դրամ, ընդհանուր պորտֆելի 22%-ը։ Ճիշտ է, հիպոթեքային վարկերը «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն սպառողական վարկ (կրեդիտ) չեն դիտվում, բայց, խոշոր հաշվով, ձեռնարկատիրական գործունեության հետ կապված չեն, չհաշված իրավաբանական անձանց կողմից հիպոթեքային վարկով ձեռք բերված/վերանորոգված անշարժ գույքը և հողը: Սպառողական վարկերը մոտ 2,5 անգամ գերազանցում են արդյունաբերությանը տրամադրած վարկերի ծավալին և 2,08 անգամ Հայաստանի տնտեսական «աճն» ապահովող շինարարական վարկերի ծավալը։

Հիմա ավելի մանրամասն վերլուծենք Հայաստանի հասարակության կողմից «շալակած» սպառողական վարկերը և, հատկապես, անհուսալի վարկերը։ 2025 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ մինչև երեք տարի «ժամկետայնությամբ» անհուսալի սպառողական վարկերի մայր գումարի ընդհանուր ծավալը կազմում է 264,5 մլրդ դրամ։ Եթե ավելացնենք ժամկետանց տոկոսները, տույժ/տուգանքները և հաշվարկված այլ ժամկետանց պարտավորությունները, ամբողջ պարտքային բեռը կգերազանցի 575 մլրդ դրամը։ Պատկերացնու՞մ եք ի՜նչ թվի մասին ենք խոսում։ Հայաստանի 2026 թվականի պաշտպանության բյուջեն այդ գումարից ավելի քիչ է։

Իսկ հիմա անդրադառնանք վարկառուների թվին։ Մինչև 250 հազար դրամ (մայր գումար) անհուսալի սպառողական վարկեր ունեցող անձանց թիվը 136 հազար 511 մարդ է։ Այսինքն՝ 136.511 մարդ չի կարողանում փակել մինչև 250 հազար դրամ վարկը։ Ոմանք այդ գումարը չեն կարողանում վճարել արդեն երեք տարի։ 250 հազար չվճարած մայր գումարն արդեն երևի կրկնակի տույժ ու տուգանք է հավաքել, վարկառուներն «ընկել են» ԴԱՀԿ, փախնում են բանկերից, կամ հեռացել են երկրից։ 136.511 մարդ ոչ միայն ինքը չի կարողանում վարկը փակել, այլև բարեկամ/ընկեր/ծանոթ չունի, որ օգնեն, վարկը մարեն…. Սա է մեր երկրի իրականությունը, սա է սոցիալական պատկերը։ 250.001 – 500.000 դրամի անհուսալի վարկեր ունեն 63.270 մարդ, 500,001-750,000 դրամ՝ 34,202 մարդ,

750,001-1,000,000 դրամ՝ 22,453 մարդ։

Փոքր անհուսալի վարկառուների թիվն ավելի մեծ է, քան համեմատաբար ավելի մեծ անհուսալի վարկեր ունեցող վարկառուների թիվը։ Սա ևս մեկ փաստարկ է այն պնդման օգտին, որ սպառողական վարկերի բեռի տակ ճկվել են հիմնականում սոցիալապես խոցելի խավերի ներկայացուցիչները։ 1,00,001-1,500,000 դրամ՝ 26,395 մարդ և 1,500,001 դրամից ավելի անհուսալի վարկեր ունեն 47,145։ Այս երկու խմբերի միջակայքն ավելի մեծ է, բայց եթե բաժանենք 250.000 դրամանոց միջակայքերի, օրինաչափությունը միևնունն է կպահպանվի։

Եթե գումարենք տարբեր գումարային խմբերում անհուսալի վարկեր ունեցող վարկառուների թվերը կստանանք 329.926 մարդ։

Չեմ բացառում, որ վարկառուների 5-10%-ը մեկ անհուսալի վարկից ավելի անհուսալի վարկ ունենա։ Համարենք անհուսալի վարկառուների թիվը 300.000 մարդ է:

Հայաստանում մշտապես բնակվող չափահաս բնակչությունը 2.500.000 մարդ է: Այսինքն, ամեն 8 չափահաս մարդկանցից 1-ը չի կարողանում իր սպառողական վարկը սպասարկել, ԴԱՀԿ «հաճախորդ» է։ Չի կարող բարեկեցիկ համարվել մի հասարակություն, որի ամեն 8 չափահասից մեկն անհուսալի վարկառու է, չի կարող։ Սա սոցիալական աղետի առաջին ագռավներից է։ Պարտքերի մեջ թաղված պետություն, պարտքերի տակ կքված հասարակություն… Սա է Նիկոլ Փաշինյանի տնտեսական քաղաքականության հետևանքը, այլ ոչ թե պարտքով ասֆալտած փողոցը։

Հ.Գ. Համեմատության համար 2017 թվականին ընդամենը 47670 մարդ, համարյա երեք անգամ քիչ քան այսօր, ունեին մինչև 250.000 դրամի անհուսալի սպառողական վարկ․․․․»։

 

Նմանատիպ նյութեր

Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային, լսել ենք բոլորս․ փաստաբանը՝ Իշխան Սաղաթելյանի գործի մասին

Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային, լսել ենք բոլորս․ փաստաբանը՝ Իշխան Սաղաթելյանի գործի մասին

Փաստաբան Երվանդ Վարոսյանը մանրամասներ է հայտնում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի գործից. «Ծանոթացանք Իշխան Սաղաթելյանին ՀՀ քննչական կոմիտեի ֆեյսբուքյան էջով ներկայացված մեղադրանքին։ Վաղուց արդեն քաղաքական պատճառ ու նպատակ ունեցող քրեական վարույթների մասին...

Ավետիք Չալաբյանը կալանավորվեց 2 ամսով

Ավետիք Չալաբյանը կալանավորվեց 2 ամսով

Ավետիք Չալաբյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց կիրառեց կալանք` 2 ամիս ժամկետով, լրագրողներին հայտնել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։ Նման որոշում կայացրեց Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ջոն Հայրապետյանը։...

6 ամիս Երևանում փակ կլինի Արին Բերդ-Արցախի պողոտա խաչմերուկի մի հատվածը

6 ամիս Երևանում փակ կլինի Արին Բերդ-Արցախի պողոտա խաչմերուկի մի հատվածը

Շուրջ 6 ամիս փակ կլինի Էրեբունի վարչական շրջանի Արին Բերդ փողոցի և Արցախի պողոտայի խաչմերուկը Արին Բերդ փողոցի 5-րդ նրբանցքի խաչմերուկին միացնող ճանապարհահատվածի երթևեկությունը, այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ «Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող...

Իրանի դեմ պատերազմի ընթացքում հարվածների տակ են հայտնվել տասնյակ մարդասիրական և բժշկական օբյեկտներ. Կարմիր մահիկ

Իրանի դեմ պատերազմի ընթացքում հարվածների տակ են հայտնվել տասնյակ մարդասիրական և բժշկական օբյեկտներ. Կարմիր մահիկ

Իրանի Կարմիր մահիկի ընկերության տվյալներով՝ վերջին պատերազմի ընթացքում ամբողջ երկրում հարվածների տակ են հայտնվել տասնյակ մարդասիրական և բժշկական օբյեկտներ, հաղորդում է Mehr գործակալությունը։ Կազմակերպության ղեկավար Փիրհոսեյն Քոլիվանդը մալայզիական Mercy մարդասիրական...

30 հազար ստորագրություն մատյաններում պակաս է քվեարկության մասնակիցների թվից․ Լևոն Քոչարյան

  «Քննչական, իրավապահ մարմինների գործողություններն էս ամբողջ ընթացքում և  արդեն տարիներ շարունակ, իմ խորին համոզմամբ, կրում են ավելի շատ շատ ավելի շատ քարոզչական բնույթ։ Այս իշխանությունների...