Սիրիայի նոր իշխանություններին ենթարկվող անվտանգության ուժերը փակել են դեպի ափամերձ Տարտուս և Լաթաքիա նահանգներ տանող ճանապարհները, որտեղ մարտի 6-ից զինված բախումներ են տեղի ունենում երկրի նախկին նախագահ Բաշար ալ Ասադի կողմնակիցների հետ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է SANA գործակալությունը։
Սիրիայի պաշտպանության նախարարությունում ունեցած աղբյուրի փոխանցմամբ, այս որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ զինվորականները «վերականգնել են վերահսկողությունը այն շրջանների մեծ մասի վրա, որտեղ գործել են նախկին ռեժիմի կողմնակիցները»։
Ճանապարհների շրջափակումն ուղղված է տեղում «հնարավոր խախտումները կանխելուն» և «նշված տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը»։ Աղբյուրն ընդգծել է, որ Սիրիայի նոր իշխանություններն արդեն ստեղծել են «հատուկ կոմիտե, որը կքննի վերջին ռազմական գործողության ընթացքում իշխանության չարաշահման դեպքերը», և բոլոր կասկածյալների գործերը կքննարկվեն տրիբունալի կողմից։
Սիրիայի անվտանգության ուժերը նաև հայտնել են, որ վերջին երկու օրվա ընթացքում Տարտուս և Լաթաքիա նահանգներում ավելացել են թալանի և գողության հետ կապված հանցագործությունները: Այս հարցերով արդեն զբաղվում են իրավապահները։
Մարտի 6-ին Լաթաքիա, Տարտուս և Հոմս նահանգներում բախումներ են սկսվել անվտանգության ուժերի և նախկին նախագահին աջակցող զինված խմբավորումների միջև։