Սերժ Սարգսյանի բարեկամի հարցումներում Նիկոլը միշտ անպարտելի է. Politik

23 Հուլիսի, 2025

Politik.am-ը գրում է․

Վերջին մի քանի ամիսներին տարբեր փորձագետներ և սոցիոլոգիական հարցումները ակնհայտ դարձրել էին, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը գտնվում է անհավանականորեն ցածր մակարդակի վրա։ «Գելափ»-ի վերջին տվյալների համաձայն՝ Փաշինյանի վարկանիշը մոտ 9 տոկոսի սահմանում է։ Այդ պատկերը հաստատվեց նաև Գյումրիում կայացած ընտրություններով, որտեղ ՔՊ-ն՝ ամբողջ վարչական ռեսուրսն օգտագործելով, ստացավ 30 տոկոսից մի փոքր ավելի ձայներ (հաշվի առնելով վարչական ռեսուրսի ազդեցությունը՝ իրական վարկանիշը մոտ 9–10 տոկոսի սահմաններում է) և պարտվեց։

Հանրային տրամադրությունների այս պատկերը, բնականաբար, խիստ անհանգստացնում է ինչպես Նիկոլ Փաշինյանին, այնպես էլ ՔՊ-ի ներսում նրա թիմակիցներին։ Այդ իսկ պատճառով «Գելափ»-ի թվերի հրապարակումից հետո մի շարք ՔՊ-ականներ փորձեցին հրապարակայնորեն հերքել տվյալները՝ պնդելով, թե իբր իրենք ունեն ավելի բարձր վարկանիշ, քան ներկայացված է։

Սակայն այս բացասական ֆոնին հանկարծ օգնության է գալիս ամերիկյան «Միջազգային հանրապետական ինստիտուտը» (IRI)՝ հրապարակելով հարցման արդյունքներ, ըստ որոնց՝ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը 17 տոկոս է։ Ըստ նույն հարցման՝ ընդդիմադիր դաշտում ամենաբարձր վարկանիշը գրանցել է Ռոբերտ Քոչարյանը՝ մոտ 4 տոկոսի սահմանում։ Հարցումն արձանագրել է նաև, որ Արարատ Միրզոյանն ունի 5 տոկոս վարկանիշ՝ անկախ Փաշինյանից։ Սակայն նշված հարցումը ամբողջությամբ անտեսել է Սամվել Կարապետյանի գործոնը, չնայած այն հանգամանքին, որ այն անցկացվել է հենց նրա կալանավորման ընթացքում, երբ Կարապետյանը արդեն դարձել էր ակտիվ քաղաքական խաղացող։

Պարզվում է, սակայն, որ այս հարցումն իրականում չի իրականացվել «Միջազգային հանրապետական ինստիտուտի» կողմից։ Այն ընդամենը եղել է պատվիրատու, իսկ իրականացնողը եղել է «Այ-Փի-Էս-Սի» խորհրդատվական ընկերությունը (հայտնի է նաև «Բրեյվիս»)։

Ահա այստեղ էլ սկսվում են ամենահետաքրքիր հանգամանքները։ Պարզվում է, որ այս ընկերությունը, որն իրականացնում է Փաշինյանի վարկանիշը «բարձր» ներկայացնող հարցումները, ունի բազմաթիվ կապեր Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Ըստ մեր տեղեկությունների՝ ընկերության հիմնադիր Հովհաննես Գրիգորյանը գտնվում է բարեկամական հարաբերությունների մեջ Սերժ Սարգսյանի հետ։ Ավելին, ըստ նույն աղբյուրների՝ Սարգսյանը նրա երեխաների կնքահայրն է։

Սա պատահական կապ չէ։ Այս կապի շնորհիվ Գրիգորյանի ղեկավարած ընկերությունը Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին ստացել է մի շարք արտոնություններ։ Մասնավորապես՝ 2013 թվականին ընկերությունը կառավարության Պետական գույքի կառավարման վարչությունից ձեռք է բերել Դավիթ Անհաղթ փողոցի 23/6 հասցեում գտնվող 477.2 քմ մակերեսով տարածք՝ քառակուսի մետրը ընդամենը 81 հազար դրամով, այն դեպքում երբ շուկայական արժեքը գերազանցել է 280 հազար դրամը։ Այսինքն՝ Սերժ Սարգսյանի իշխանությունը պետական գույքը վաճառել է գրեթե երեք անգամ էժան գնով՝ սանիկների հոր ընկերությանը։

2017 թվականին Սերժ Սարգսյանը անձամբ մասնակցել է այդ տարածքում բացված գրասենյակի բացման արարողությանը։ Դրան գումարած՝ 2009-2017 թվականների ընթացքում Սերժ Սարգսյանի կառավարությունը նույն ընկերության հետ տարբեր գերատեսչությունների միջոցով կնքել է շուրջ 893 մլն դրամի պայմանագիր։

Հիմա, երբ այդ նույն ընկերությունը հրապարակում է հարցում, ըստ որի Փաշինյանը վայելում է 17 տոկոս վստահություն, իսկ ընդդիմությունն՝ ընդամենը 4, տրամաբանական հարց է ծագում. ինչո՞ւ Սերժ Սարգսյանի շրջապատից այսքան կախում ունեցող ընկերությունը «օգնում» է Փաշինյանին։ Արդյո՞ք այստեղ գործ ունենք քաղաքական պայմանավորվածության հետ, թե՞ պարզապես սա մաս է Փաշինյանին այլընտրանք չլինելու թեզի ներքո տարվող լայն քարոզչության։

Հիշեցնենք, որ դեռ հուլիսի 1-ին մենք բացահայտում էինք կատարել, ըստ որի՝ Սերժ Սարգսյանը վերջին տարիներին պարբերաբար պատվիրում է սոցիոլոգիական հարցումներ և դրանցում Փաշինյանին ձեռնտու պատկերն ուղարկում է արևմտյան աշխարհաքաղաքական կենտրոններին՝ հիմնավորելու, թե Հայաստանում այլընտրանք չկա։ Թերևս, նույն տրամաբանության շրջանակում է նաև այս վերջին հարցումը։

Հ.Գ. Քաղաքական դաշտին քիչ ծանոթ ցանկացած մարդ, տեսնելով հարցում, որն իրականացվել է «Բրեյվիս» ընկերության կողմից և որտեղ Նիկոլ Փաշինյանը ներկայացվում է որպես անպարտելի, պետք է հիշի մեկ պարզ բան՝ այդ ընկերության հիմնադիրը Սերժ Սարգսյանի մտերիմն է․ այն նույն Սերժ Սարգսյանի, ով 2018-ին իշխանությունը հանձնել է հենց Նիկոլ Փաշինյանին։

 

Նմանատիպ նյութեր

Իրանի փոխնախագահը Փաշինյանի հետ քննարկել է տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման գործընթացը

Իրանի փոխնախագահը Փաշինյանի հետ քննարկել է տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման գործընթացը

Փաշինյանն ու Իրանի  նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին քննարկել են  Հայաստան–Իրան միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ գործունեությունը։ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին ընդգծել  է Հայաստանի հետ փոխգործակցության ընդլայնման կարևորությունը։ Զրուցակիցները քննարկել...

Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am

Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am

168.am-ը գրում է.  «Խիստ հավաստի տեղեկություններով՝ երեկ Երևան-Մոսկվա չվերթով Մոսկվա էր մեկնել նաև Սամվել Ալեքսանյանը (Լֆիկը)։ Նույն ինքնաթիռում է եղել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը, որը մեկնել էր մասնակցելու Մոսկվայում մեկնարկած՝ ԱՊՀ մասնակից...

Եվրոպական միության համար Հարավային Կովկասի կարևորությունն անվիճելի է. Մագդալենա Գրոնո

Եվրոպական միության համար Հարավային Կովկասի կարևորությունն անվիճելի է. Մագդալենա Գրոնո

Եվրոպական միության համար Հարավային Կովկասի կարևորությունն անվիճելի է: Այդպես է եղել երկար ժամանակ, սակայն այժմ ավելի լայն հարևանության մեջ առկա աշխարհաքաղաքական մարտահրավերներն է՛լ ավելի են ընդգծում այդ կարևորությունը․ հայտարարել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ...

Պետք է սրանց հեռացնել. Հրայր Կամենդատյան

Պետք է սրանց հեռացնել. Հրայր Կամենդատյան

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը գրում է. «Հանգիստ կարող եք մահանալ։ ՔՊ նախարար Արսեն Թորոսյանը ետ է կանգնել մահվան նպաստը չեղարկելուց։ Սրանց իշխանությունն արդեն պատրաստվում է արտահերթ ընտրությունների։ Պետք է սրանց հաղթել և հեռացնել»,- նշել է...

Օդի ջերմաստիճանը կնվազի. սպասվում է առանց տեղումների եղանակ

Օդի ջերմաստիճանը կնվազի. սպասվում է առանց տեղումների եղանակ

Երևանում նոյեմբերի 9-ի ցերեկը, 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։Հանրապետության տարածքում նոյեմբերի 9-ի ցերեկը միայն Սյունիքում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 10-14-ը սպասվում է...