«Աննան ու Նիկոլը մեծ կապիտալ են կուտակել, որ ուզում են արդեն թղթերով օրինականացնել». Փաշինյանը հայց է ներկայացրել դատարան. «Հետք»

3 Նոյեմբերի, 2026

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրպարտության պահանջով հայց է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով պարտավորեցնել Աննա Գևորգյանին և «Իրավունք թերթ» ՍՊԸ-ին հրապարակային հերքում տարածել իր և Աննա Հակոբյանի բաժանման պատճառների վերաբերյալ հրապարակված տեղեկությունների կապակցությամբ։ Վարչապետը պահանջում է նաև դրամական փոխհատուցում՝ 4 մլն դրամի չափով, գրում է «Հետքը»։

Հայցապահանջի համաձայն՝ Աննա Գևորգյանը 2026թ. սեպտեմբերի 30-ին իր «Հայկական ժամ» ֆեյսբուքյան էջերում, իսկ «Իրավունք թերթ» ՍՊԸ-ն հոկտեմբերի 5-ին՝ իր լրատվական կայքում և ֆեյսբուքյան էջում, Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի բաժանման պատճառների վերաբերյալ տեղեկություններ են հրապարակել, որոնք հայցվորը համարում է զրպարտություն։

Մասնավորապես, հրապարակումներում նշվել է.

. «Աննան ու Նիկոլը մեծ կապիտալ են կուտակել, որ ուզում են արդեն թղթերով օրինականացնել»։

. «Քանի նրանք ապրում էին նույն տանը, Աննան պարտավոր էր հայտարարագիր ներկայացնել։ Այս պատմությամբ Աննան ազատվեց հայտարարագրեր լրացնելուց ու հիմա արդեն սկսկել են իրենց կապիտալը Աննայի անունով դարձնելու գործընթացը»։

. «Հայաստանում որևէ բան չեն ունենալու, հիմնական գույքն ու փողերը պահվելու են ԵՄ տարածքում»։

. «Աննան արդեն Փարիզի կենտրոնում մեծ տուն է գնել, որի գինը 5,7 մլն եվրո է եղել»։

Հրապարակումներում անդրադարձ է եղել նաև Աննա Հակոբյանի՝ 2018-2020 թվականներին Շվեյցարիա կատարած այցերին։ Մասնավորապես, նշվել է, որ այցերը հիմնականում գաղտնի են մնացել, և անհայտ է եղել դրանց նպատակը։ Շվեյցարիայի բանկային գաղտնիքին անդրադառնալուց հետո հրապարակման մեջ տեղ է գտել նաև Կենտրոնական բանկի աշխատակցին վերագրվող հետևյալ խոսքը. «Եթե ուզում եք հասկանալ՝ ինչու է Աննա Հակոբյանը Շվեյցարիա գնում, նայեք դրամական հոսքերին»։

Հրապարակման մեկ այլ հատվածում նշվել է. «Տարբերությունը հսկայական է։ Հետաքրքիր է, թե Աննա Հակոբյանը այս փողերի քանի՞ տոկոսի հետ կապ ունի»։

Նիկոլ Փաշինյանը նշված տեղեկությունները համարում է ամբողջությամբ զրպարտչական, կեղծ և իրականությանը չհամապատասխանող։

Հայցվորը պահանջում է, որ Աննա Գևորգյանը հերքումը հրապարակի իր այն ֆեյսբուքյան էջերով, որոնց միջոցով տարածվել էր վիճարկվող հրապարակումը։ Նույն պահանջն է ներկայացվել «Իրավունք թերթ» ՍՊԸ-ի դեմ՝ հերքումը պետք է հրապարակվի վիճարկվող նյութը տարածած լրատվական կայքով և ֆեյսբուքյան էջով։

Երկու պատասխանողներն էլ, ըստ հայցապահանջի, պետք է հերքումը հրապարակեն վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում։ Այն պետք է հասանելի լինի բոլորին՝ առանց ժամկետի սահմանափակման։ Հերքման տեղակայումը, ձևավորումը, տառատեսակն ու չափը չպետք է զիջեն վիճարկվող հրապարակմանը։ Հերքումը պետք է պարունակի բացառապես պահանջվող տեքստը՝ առանց պատասխանողների կամ երրորդ անձանց որևէ հավելման կամ մեկնաբանության։

Հայցի մյուս պահանջով Նիկոլ Փաշինյանը պատասխանողներից՝ Աննա Գուրգենի Գևորգյանից և «Իրավունք թերթ» ՍՊԸ-ից, համապարտության կարգով պահանջում է բռնագանձել 4 մլն դրամ՝ որպես ոչ նյութական վնասի դրամական փոխհատուցում։

Գործը մակագրվել է դատավոր Գայանե Մազմանյանին և դեռևս վարույթ ընդունելու հարցը որոշված չէ։

Նմանատիպ նյութեր

Այդ ի՞նչ ծանր աշխատանք ենք անում, որ առանց 116% աշխատավարձի բարձրացման չեք կարող անել․ լրագրողը՝ Մակունցին

  «Թե որ պաշտոնյայի պարագայում աշխատավարձի ինչպիսի բարձրացում է նախատեսվում և ինչ տրամաբանությամբ, ապա այն ժամանակ, երբ այդ քննարկումները տեղի ունենան, և այդ նախագիծն արդեն շրջանառության մեջ կլինի, փոխվարչապետ պարոն Տիգրան Խաչատրյանը,...

ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին

ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին

ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին։ Իրանի հարավում՝ Քեշմ կղզում և Բանդար Աբաս քաղաքում, բազմաթիվ պայթյուններ են որոտացել՝ Պարսից ծոցի շրջանում ԱՄՆ-ի ինտենսիվ օդային ակտիվության ֆոնին։ Հայտնում են իրանական ԶԼՄ֊ները։...

Մարտի 1-ի գործով միջազգային ատյանում Փաշինյանն ընդդեմ Հայաստանի է․ Արթուր Խաչատրյան

  «Մարտի մեկի գործով Հայաստանի իշխանությունները ոչ պատշաճ, ոչ բավարար ջանք են թափել, մասնավորապես՝ տեղեկություն չեն տրամադրել, գոնե ինչպես որ դա արձանագրված է։ Այստեղ ակնհայտ է վիճակը՝ «Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Հայաստանի...

Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին․ ԶԼՄ-ներ

Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին․ ԶԼՄ-ներ

Իրանի բալիստիկ հրթիռների արձակման համակարգեր են նկատվել Ադրբեջանի հետ սահմանի մերձակայքում՝ Արաքս գետի հարավային ափին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Հրապարակված տեղեկությունների և սոցիալական ցանցերում տարածված լուսանկարների համաձայն՝ տարածքում...

Արշակ սրբազանի գործով ինքնաբացարկ հայտնելու համար Գևորգ Մանուկյանի նկատմամբ հայտարարվեց նկատողություն. «Փաստինֆո»

Արշակ սրբազանի գործով ինքնաբացարկ հայտնելու համար Գևորգ Մանուկյանի նկատմամբ հայտարարվեց նկատողություն. «Փաստինֆո»

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով ինքնաբացարկ հայտնելու համար Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գևորգ Մանուկյանի նկատմամբ հայտարարվեց նկատողություն։ ԲԴԽ-ն բավարարել է Մանուկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ...