Սա ճակատամարտ է Հայաստանի ոգու համար. Վարդան Օսկանյան

31 Մայիսի, 2025

«Խոր ազգային ճգնաժամի պայմաններում՝ Արցախի կորստից, ավելի քան 120,000 հայրենակիցների տեղահանությունից և նոր տարածքային զիջումների սպառնալիքից հետո, կարելի էր ակնկալել, որ Հայաստանի ղեկավարությունը կցուցաբերի խոնարհություն, բարոյական հստակություն և կնպաստի ազգային միասնությանը։ Փոխարենը, Նիկոլ Փաշինյանը նախաձեռնել է աննախադեպ և պախարակելի հռետորական արշավ՝ ընդդեմ Հայ Առաքելական Եկեղեցու և նրա հոգևորականության։ Վերջին սրբապղծական արտահայտությունները ոչ միայն անհարիր են պետության ղեկավարին, այլև վտանգավոր և քայքայիչ՝ մեր պետականության հիմքերի համար»,-գրում է նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը։

Նա շարունակում է.

«Ի՞նչ է Եկեղեցու «մեղքը» Փաշինյանի աչքում։ Այն, որ համարձակվել է խոսել՝ բարձրացնելով իր բարոյական ձայնը մի ժամանակ, երբ շատ հաստատություններ լռեցվել են կամ ենթարկվել։ Այն, որ հրաժարվում է խոնարհվել մի իշխանության առաջ, որը պատասխանատու է ռազմական աղետի, հասարակական բարոյալքման և Հայաստանի ինքնիշխանության մաշման համար։ Այն, որ շարունակում է մարմնավորել ու փոխանցել դարավոր ազգային ինքնություն, որը ոչ հեղափոխությունը, ոչ ճնշումները չեն կարող վերացնել։

Պարադոքսալ է, սակայն Եկեղեցին պատերազմ չի հայտարարել պետության դեմ. պետությունն է, որ պատերազմ է հայտարարել Եկեղեցու դեմ։ Խիստ խոսուն է այն հանգամանքը, որ այս հարձակումները համընկել են Ամենայն Հայոց և Կիլիկիո Կաթողիկոսների մասնակցությամբ Բեռնում անցկացված՝ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի միջազգային համաժողովի հետ, որի նպատակն էր պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հայ հոգևոր և մշակութային ժառանգությունը։ Մինչդեռ նույն ժամանակահատվածում Ադրբեջանի բարձրագույն հոգևոր առաջնորդը հանդես է եկել բացահայտ հակահայ հայտարարություններով։ Սա պատահականություն չէ։ Քանի դեռ Եկեղեցին պաշտպանում է հայկական ինքնությունը միջազգային հարթակներում, Փաշինյանը հարձակվում է դրա վրա երկրի ներսում։

Ոմանք այս հարձակումները մեկնաբանում են որպես փորձ՝ հաճոյանալու Ադրբեջանին՝ հանուն վերջինիս հավանության Փաշինյանի այսպես կոչված «խաղաղության» թղթին։ Մյուսները դրանք տեսնում են որպես շեղում՝ ներքին խնդիրներից՝ տնտեսական անկումից, ժողովրդավարական հետընթացից կամ քաղաքացիական հիասթափությունից։ Երկուսն էլ, և նրանց միջև եղած բոլոր բացատրությունները, իրենց բաժին ճշմարտությունն ունեն։ Սակայն կա նաև ավելի խորքային շարժառիթ՝ Փաշինյանի վախը։ Վախ այն իրողությունից, որ Հայ Առաքելական Եկեղեցին՝ իր անսասան հեղինակությամբ, լայն հասարակական աջակցությամբ և բարոյական պարզությամբ, վեր է դառնում իր մեկուսացած իշխանության արժանապատիվ այլընտրանքին՝ որպես ուժ, որ պաշտպանում է Հայաստանի և Սփյուռքի հայության իրավունքները։ Եկեղեցին կրում է պատմության բարոյական ծանրությունը, ժողովրդի վստահությունը և մի ինքնություն, որն անցյալի քաղաքականությունից ու ներկայի աղետալի ձախողումներից վեր է կանգնած։ Փաշինյանը դա տեսնում է՝ և դա է նրան վախեցնում։

Սա առաջին դեպքը չէ մեր պատմության մեջ, երբ Եկեղեցին վեր է բարձրացել որպես ժողովրդի պահապան՝ քաղաքական փլուզման և գոյաբանական սպառնալիքի պայմաններում։ Դարեդար՝ օտար տիրապետությունների ու խորհրդային տարիներին, Հայ Եկեղեցին պահպանել է մեր հավաքական հոգին ու խոսել մեր անունից՝ այն ժամանակ, երբ ոչ ոք չէր կարող։ Եվ այսօր նա կրկին անում է այդ գործը՝ ոչ որպես քաղաքական ուժ, այլ որպես ազգի խիղճ։

Փաշինյանի ամոթալի հարձակումները Եկեղեցու դեմ պարզապես խոսքեր չեն։ Դրանք փորձ են՝ նվաստացնելու և ապօրինացնելու միակ հաստատությունը, որը շարունակում է մնալ անկախ իր վերահսկողությունից։ Սակայն որքան ուժգին են հարձակումները, այնքան ավելի տեսանելի է դառնում նրա անապահովությունը՝ և այնքան ավելի ժողովուրդը գիտակցում է, թե ով է իրապես կանգնած իրենց կողքին։

Սա պարզապես բախում չէ՝ Փաշինյանի կողմնակիցների և հոգևոր դասի միջև։ Սա ճակատամարտ է Հայաստանի ոգու համար։ Եվ երբ իշխանությումը ընտրում է նսեմացնել Եկեղեցին՝ փոխարենը պաշտպանելու իր ժողովրդին, նա կորցնում է թե՛ բարոյական հեղինակությունը, թե՛ ազգային լեգիտիմությունը»։

Նմանատիպ նյութեր

Տեսա, կարդացի, ևս առավել համոզվեցի՝  հզոր և հաղթական է Հայոց Սուրբ Եկեղեցին. Հայր Ասողիկ

Տեսա, կարդացի, ևս առավել համոզվեցի՝ հզոր և հաղթական է Հայոց Սուրբ Եկեղեցին. Հայր Ասողիկ

Կառավարությունը հրապարակել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը, որում, մասնավորապես, անդրադարձ է կատարվում մի շարք հոգևորականների անձնական կյանքին։ Մայր Աթոռի միաբան Հայր Ասողիկն արձագանքել է հրապարակված...

Կիևի պատվիրակությունը Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցություններ է անցկացրել Նյու Յորքում

Կիևի պատվիրակությունը Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցություններ է անցկացրել Նյու Յորքում

Ուկրաինական պատվիրակությունը բանակցություններ է անցկացրել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում։ Այս մասին հայտնել է Վլադիմիր Զելենսկին։ Գրում է ՏԱՍՍ-ը: Նրա խոսքով՝...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Ներքաղաքական զարգացումները Հայաստանում․ քննարկում

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Ներքաղաքական զարգացումները Հայաստանում․ քննարկում

«Alpha Media Centre»-ում տեղի է ունենում քննարկում «Ներքաղաքական զարգացումները Հայաստանում» թեմայի շուրջ: Բանախոսներն են՝ Քրիստինե Վարդանյանը, Արամ Օրբելյանը, Ռուբինա Պետրոսյանն ու Բենիամին Մաթևոսյանը։ Մանրամասները՝ ուղիղ հեռարձակմամբ։...

Արգամ Աբրահամյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Արգամ Աբրահամյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Հովիկ Աբրահամյանի որդին` Արգամ Աբրահամյանը, կշարունակի մնալ կալանքի տակ, Վերաքննիչ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը, @ArmeniaSputnik–ին հայտնեցին դատարանից։ Նշենք, որ Արգամ Աբրահամյանը կալանավորվել է հուլիսի 9–ին։ Նրան մեղադրում են սպանություն կազմակերպելու...

Տարածաշրջանի անվտանգությունը պետք է ապահովվի բացառապես տարածաշրջանի պետությունների ուժերով. Իրանի նախագահ

Տարածաշրջանի անվտանգությունը պետք է ապահովվի բացառապես տարածաշրջանի պետությունների ուժերով. Իրանի նախագահ

Իրանի նախագահը հայտարարել է Եվրոպայի «պասիվության, բայց ոչ չեզոքության» մասին վերջին հակամարտության ընթացքում: Գրում է ԻՌՆԱ-ն: Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի...