Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Վարդան Օսկանյան

15 Հունիսի, 2026

Նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հայաստանի վերջին խորհրդարանական ընտրությունների միջազգային մեկնաբանությունը վտանգավոր չափով մակերեսային է եղել։ Արտաքին լուսաբանման մեծ մասում քվեարկությունը ներկայացվել է որպես պարզ աշխարհաքաղաքական մրցակցություն՝ արևմտամետ կառավարության և իբր ռուսամետ ընդդիմության միջև։ Այս պատմույթը կարող է հարմար լինել օտար լսարանի համար, սակայն այն խորապես մոլորեցնող է։ Այն ազգային խոր ճգնաժամը վերածում է դիվանագիտական կարգախոսի և, այդպիսով, անտեսում տեղի ունեցածի իրական իմաստը։

Այս ընտրությունները հանրաքվե չէին այն մասին, թե հայերը նախընտրում են Մոսկվա՞ն, թե՞ Բրյուսելը։ Դա գաղափարական մրցակցություն չէր Արևելքի և Արևմուտքի միջև։ Դա, ամենից առաջ, ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ։ Հայ ընտրողների հստակ մեծամասնությունը մերժեց հետագա զիջումների, հետագա հանձնման և երկրի պատմական, սահմանադրական ու քաղաքակրթական հիմքերի հետագա կազմաքանդման ուղին։ Պաշտոնական արդյունքը կարող է այլ բան պնդել, սակայն քաղաքական իրականությունը պարզ է․ Նիկոլ Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը։

Տեղի ունեցածը պարզապես վիճարկվող ընտրություն չէր։ Դա ընտրություն էր, որի լեգիտիմությունը հիմնովին խաթարվել է։ Գործընթացը նշանավորվեց ճնշման, ահաբեկման, վարչական վերահսկողության, ընտրովի իրավակիրառման և հետընտրական գործընթացի մանիպուլյացիայի մթնոլորտով։ Իշխող կուսակցության հաղթանակի պնդումը չի կարող առանձնացվել իշխանության այն լայն մեքենայից, որը ձևավորեց ընտրությունները քվեարկության օրվանից առաջ, ընթացքում և հետո։ Երբ պետական ինստիտուտները դադարում են գործել որպես հանրային կամքի չեզոք պահապաններ և փոխարենը վերածվում են մեկ մարդու իշխանությունը պահպանելու գործիքների, արդյունքը ժողովրդավարություն չէ։ Դա կառավարվող իշխանություն է։

Ուստի կենտրոնական հարցն այն չէ, թե Հայաստանը պետք է հարաբերություններ ունենա՞ Արևմուտքի, թե՞ Ռուսաստանի հետ։ Հայաստանը պետք է ունենա ինքնիշխան արտաքին քաղաքականություն՝ հիմնված սեփական ազգային շահի վրա։ Արտաքին քաղաքական կողմնորոշումը չի կարող օգտագործվել որպես դիմակ ներքին անլեգիտիմության համար։ Կառավարությունը ժողովրդավարական չի դառնում պարզապես այն պատճառով, որ խոսում է Արևմուտքի լեզվով եւ ոչ մի աշխարհաքաղաքական պիտակ չի կարող արդարացնել ընտրակեղծարարությունը, ընդդիմախոսների նկատմամբ ճնշումները կամ ինստիտուցիոնալ հավասարակշռության ոչնչացումը։

Հունիսի 7-ի քվեարկությունը շատ ավելի խոր բանի մասին էր, քան դիվանագիտությունը։ Հայ ժողովուրդը շատ լավ հասկանում է, թե ինչ է նախապատրաստվում։ Նա լսում է Ադրբեջանի պահանջները։ Նա տեսնում է սահմանադրական փոփոխությունների ճնշումը։ Նա հասկանում է «նորմալացման» լեզվի հետևում թաքնված վտանգը, երբ այն կապված է ազգային պահանջների ջնջման, պատմական հիշողության թուլացման և հետագա տարածքային ու քաղաքական զիջումների ընդունման հետ։ Նա գիտի, որ այսպես կոչված ադրբեջանական «անկլավների» հարցը, Հայաստանի Սահմանադրությունը փոխելու ճնշումը և այն մշտական պահանջը, որ Հայաստանը հրաժարվի Արցախի քաղաքական ժառանգությունից, մեկուսացված տեխնիկական հարցեր չեն։ Դրանք ավելի լայն փորձի մաս են՝ Հայաստանը վերաձևելու որպես ավելի թույլ և ավելի հնազանդ պետություն։

Հայաստանին պետք չէ օտար ներողամտություն ներքին ապօրինության հանդեպ։ Հայաստանին պետք չէ ձևական խորհրդարան կամ արհեստականորեն ստեղծված մանդատ։ Հայաստանին պետք չէ կառավարություն, որը օգտագործում է խաղաղության բառապաշարը՝ միաժամանակ հասարակությանը նախապատրաստելով հետագա հանձնման։ Եվ Հայաստանին պետք չէ, որ իր ազգային բանավեճը վերածվի Ռուսաստանի և Արևմուտքի միջև ծաղրանկարային ընտրության։

Հայաստանի առաջ կանգնած իրական ընտրությունն այլ է։ Դա ընտրություն է արժանապատվության և ենթարկվելու միջև։ Սահմանադրական կարգի և գործադիր գերիշխանության միջև։ Իրական խաղաղության և պարտադրված կապիտուլյացիայի միջև։ Ինքնիշխան ազգային ապագայի և Հայկական հարցը հայկական քաղաքական կյանքից աստիճանաբար դուրս մղելու միջև։

Հայ ժողովուրդն արդեն ավելի հստակ է խոսել, քան ենթադրում են պաշտոնական արդյունքները։ Նա չի քվեարկել նվաստացման նոր շրջանի օգտին։ Նա չի քվեարկել Արցախը ազգային հիշողությունից ջնջելու օգտին։ Նա չի քվեարկել ադրբեջանական յուրաքանչյուր պահանջ անխուսափելի համարելու օգտին։ Նա չի քվեարկել ինքնիշխանությունը արտասահմանյան ծափահարությունների հետ փոխանակելու օգտին։

Նա քվեարկել է Հայաստանի համար՝ նրա արժանապատվության, ինքնության, սահմանադրական կարգի և նրա իրավունքի համար՝ գոյություն ունենալու ոչ թե որպես մեծ տերությունների միջև սակարկության առարկա, այլ որպես ինքնիշխան պետություն։

Նմանատիպ նյութեր

Վեց իսրայելցի է ձերբակալվել Երուսաղեմում հայկական վանքի մուտքը պղծելուց հետո

Վեց իսրայելցի է ձերբակալվել Երուսաղեմում հայկական վանքի մուտքը պղծելուց հետո

Իսրայելի վեց հրեա բնակիչ է ձերբակալվել կիրակի վաղ առավոտյան՝ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի Սուրբ Հակոբի վանքի մուտքի վրա ենթադրյալ հարձակումից հետո։ Միջադեպը տեղի է ունեցել Հին քաղաքի Հայկական թաղամասում և դարձել է Երուսաղեմի պատմական հայ համայնքի վրա հարձակումների...

Եկեղեցին շարունակելու է աջակցել պետության զորացմանը․ Վեհափառը հանդիպել է ընդդիմադիր պատգամավորներին

Եկեղեցին շարունակելու է աջակցել պետության զորացմանը․ Վեհափառը հանդիպել է ընդդիմադիր պատգամավորներին

Օգոստոսի 2-ին Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ազգային Ժողովի 9-րդ գումարման «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորներին։ Նորընտիր պատգամավորների անունից Նորին Սրբությանը...

Կոտայքում բախվել են հարսանիքի մեկնող «Nissan X-Trail»-ն ու «Mercedes G»-ը. վերջինս կողաշրջվել է. կան վիրավnրներ

Կոտայքում բախվել են հարսանիքի մեկնող «Nissan X-Trail»-ն ու «Mercedes G»-ը. վերջինս կողաշրջվել է. կան վիրավnրներ

Այսօր՝ օգոստոսի 2-ին, Կոտայքի մարզում ժամը 16:30-ի սահմաններում Գառնի-Արարատի մարզ տանող ավտոճանապարհին բախվել են «Mercedes G» («Յաշիկ») և «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երկու ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց,...

Դուք ուղղակի ոտնատակ եք տվել մեր հայրենակիցների քվեն և նրանց քաղաքական դիրքորոշումը․ Գրիգորյանը՝ ՔՊ-ին 

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանի ելույթը՝ ԱԺ առաջին նիստում․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Ազգային ժողովի իններորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստն է, և ես իմ ելույթը ուզում եմ սկսել նախ և առաջ շնորհակալություն հայտնելով...

Առաջին անգամ ոչ թե ժողովուրդը, այլ ԿԸՀ-ն որոշեց՝ ով պետք է լինի ԱԺ-ում․ Քրիստինե Վարդանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ելույթը՝ ԱԺ առաջին նիստում․ «Պարոն Ռուբինյան, ողջունում եմ ձեր ռեբրենդինգի փորձը, բայց, ճիշտն ասած, վստահություն չեք ներշնչում, հավատ չեք ներշնչում ու, անկեղծ ասած, не верю,...