Այս ընտրությունների արդյունքները չեն արտացոլում մեր ժողովրդի իրական կամարտահայտությունը. Օսկանյան

9 Հունիսի, 2026

Ես Հայաստան եմ տեղափոխվել 90-ականների սկզբին, և այդ օրվանից հետո ապրում եմ Հայաստանում։ Մասնակցել եմ բոլոր   ընտրություններին, ներկա եմ եղել, քվեարկել եմ, իսկ մի քանիսին էլ անմիջական մասնակցություն եմ ունեցել որպես պատգամավորի թեկնածու։ Տեսել եմ լավ ընտրություններ, կիսալավ, կիսավատ ընտրություններ, տեսել եմ նաև վատ ընտրություններ։

Ասեմ, որ այս ընտրությունը, որն ավարտեցինք երկու օր առաջ, վատ ընտրություն էր։ Ավելին՝ բոլոր առումներով շատ վատ ընտրություն էր՝ հաշվի առնելով երկու լրացուցիչ հանգամանք։ Առաջինը՝ մենք արդեն 35 տարվա պետություն ենք, շատ հարցերում կայացած, և նման ընտրություն ենք կազմակերպում այդ պայմաններում։ Երկրորդը, որն ավելի կարևոր է, այն է, որ այս ընտրությունն անցկացվում է մի իշխանության օրոք, որը իշխանության է եկել նաև այն խոստումով, որ թույլ չի տալու ժողովրդի կամարտահայտության նկատմամբ որևէ ոտնձգություն։

Այս ամենը հաշվի առնելով՝ իսկապես կարող եմ արձանագրել, որ սա շատ վատ ընտրություն էր։

Հիմա չեմ թվարկի բոլոր այն անհամար երևույթները, որոնք մենք տեսանք։ Նախկինում էլ նման բաներ տեսել էինք, բայց այս անգամ դրանք շատ ավելի մասսայական էին։ Պետության կողմից բյուջեի միջոցով ընտրողներին աջակցություն ցուցաբերելը վերջին պահին պետք է արգելվի։ Անհրաժեշտ է օրենք ընդունել, որ ընտրություններից վեց ամիս կամ մեկ տարի առաջ, եթե բյուջեով արդեն նախատեսված չէ, իշխանությունները իրավունք չունենան նոր ծրագրեր առաջարկել՝ լինի դա առողջապահության, թոշակների կամ որևէ այլ ոլորտում։ Կարևոր չէ՝ այդ ծրագրերը օգտակար են, թե ոչ. եթե դրանք արվում են ընտրողի քվեն ազդելու նպատակով, ապա պետք է բացառվեն։

Սա փաստացի կաշառքի ձև է, որովհետև իշխանությունն օգտագործում է իր մենաշնորհային հնարավորությունները՝ ընտրողի որոշման վրա ազդելու համար, մինչդեռ քաղաքական մրցակիցները նման հնարավորություն չունեն։ Այս արատավոր երևույթը պետք է վերացվի, իսկ այս ընտրություններում այն կիրառվել է շատ լայնորեն։

Մյուս խոշոր արատավոր երևույթը վարչական ռեսուրսի օգտագործումն է։ Սա բացահայտ արվում էր դպրոցներում, հիվանդանոցներում, պետական կառույցներում։ Ուժային կառույցների ներկայացուցիչներն անգամ չէին փորձում թաքցնել իրենց մասնակցությունը։ Նրանք դա անում են, որովհետև համոզված են, որ վերընտրվելու դեպքում մնալու են անպատիժ։ Ստացվում է մի փակ շրջան. իշխանությունները օգտագործում են վարչական լծակները, վերընտրվում են, հետո ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում։ Այս ցիկլը կարող է անվերջ շարունակվել, եթե դրա մասին լրջորեն չմտածենք և չընդհատենք այն։

Այն, ինչ ես տեսա այս ընտրությունների ընթացքում, բոլոր այն հանրապետական ընտրությունների համեմատ, որոնց մասնակցել կամ հետևել եմ, աննախադեպ էր։ Իմ խորին համոզմամբ՝ այս ընտրությունների արդյունքները չեն արտացոլում մեր ժողովրդի իրական կամարտահայտությունը։ Իշխանությունների իրական ընտրազանգվածը, առանց այս ազդեցությունների, իմ գնահատմամբ այն մակարդակն է, ինչ ցույց էին տալիս հարցումները՝ 30-ից 40 տոկոսի սահմաններում։

Սա նաև օրինականության լուրջ խնդիր է առաջացնում։ Չնայած բոլոր այդ ազդեցություններին՝ իշխանությունները չկարողացան հաղթահարել 50 տոկոսի շեմը։ Նրանք չունեն սահմանադրական մեծամասնություն, նույնիսկ չունեն երեք հինգերորդ մեծամասնություն։

Հատկապես մտահոգիչ է այն, ինչ տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ձայների հետ։ Մենք բոլորս տեսել ենք այն թվերը, որոնք հրապարակվել էին ընտրական հանձնաժողովի կողմից ամփոփման պահին։ Դրանք ցուցադրվել էին պաշտոնական կայքում, շատերն անգամ նկարել էին այդ կադրը։ Սակայն հետո թվերը փոխվեցին։ Տոկոսը նվազեցվեց այնքան, որ կուսակցությունը չանցնի անհրաժեշտ շեմը։

Ես լուրջ հիմքեր ունեմ կասկածելու, որ սա պատահականություն չէր։ Իմ համոզմամբ՝ իշխող ուժի շտաբում տեսել են, որ չունեն ոչ միայն սահմանադրական մեծամասնություն, այլև երեք հինգերորդը, որն անհրաժեշտ է մի շարք նշանակումների և սահմանադրական օրենքների փոփոխության համար։ Դա նրանց համար անընդունելի է եղել, և ինչ-որ կերպ ճնշում է գործադրվել, որպեսզի արդյունքները փոխվեն։

Հետագայում փորձեցին դա արդարացնել էլեկտրոնային քվեարկության տվյալներով, սակայն այդ հիմնավորումն էլ չդիմացավ քննադատությանը, երբ «Բարգավաճ Հայաստան»-ը կարողացավ գտնել և ցույց տալ, թե որտեղ է եղել խախտումը։ Սա արդեն ոչ թե «նկարչություն» է, այլ «մանրանկարչություն», երբ ընդամենը 0.04 տոկոսի փոփոխությամբ որոշվում են քաղաքական ճակատագրեր։

Սա չափազանց կարևոր է թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության համար, սակայն ամենից կարևորն արդարությունն է։ Անկախ ամեն ինչից՝ ես խորապես համոզված եմ, որ այս թվերը չեն արտացոլում ժողովրդի իրական կամքը։ Այս իշխանությունը չի ստացել 50 տոկոս աջակցություն, և դա լեգիտիմության լուրջ խնդիր է առաջացնում։

Այո՛, հետագայում մանդատների թիվը կարող է աճել բոնուսների և այլ մեխանիզմների միջոցով, սակայն քվեարկության անմիջական արդյունքներով իշխանությունները չեն հաղթահարել 50 տոկոսի շեմը։

Սա ի՞նչ է նշանակում։

Սա նշանակում է, որ հայ ժողովուրդը այս իշխանություններին մանդատ չի տվել սահմանադրական փոփոխություններ իրականացնելու համար։ Դա միանշանակ է, քանի որ սահմանադրական մեծամասնություն չեն ստացել։ Գործող վարչապետը բացահայտ հայտարարել էր, որ իրեն անհրաժեշտ է սահմանադրական մեծամասնություն՝ Սահմանադրությունը փոխելու համար, իսկ ժողովուրդը, ըստ ընտրության արդյունքների, դրան «ոչ» է ասել։

Երկրորդ՝ ժողովուրդը մանդատ չի տվել իշխանություններին որևէ միջամտություն իրականացնելու Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ։

Երրորդ՝ ժողովուրդը մանդատ չի տվել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից թեկուզ մեկ սանտիմետր հող հանձնելու Ադրբեջանին՝ անկախ այն բանից, թե դա ինչ հիմնավորմամբ կամ ինչ անվան տակ է ներկայացվելու։

Այսօր Հայաստանում ադրբեջանական անկլավներ գոյություն չունեն։ Ընդհակառակը՝ կան Հայաստանի տարածքներ, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Այդ ուժերը պետք է դուրս գան Հայաստանի տարածքից։ Հայաստանում չկա տարածք, որը պատկանում է Ադրբեջանին և ենթակա է վերադարձման։

Հետևաբար, իշխանությունները չունեն մանդատ՝ նման քայլեր իրականացնելու համար։ Նրանք չունեն մանդատ Սահմանադրությունը փոխելու, Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ որևէ ոտնձգություն կատարելու կամ Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտելու համար։

Սա կարևոր հանգամանք է, և պետք է արձանագրել այն։

Ես կոչ եմ անում բոլորին՝ դիմակայել այն հետագա քայլերին, որոնք, իշխանությունների հայտարարություններից ելնելով, կարող են իրականացվել։ Պետք է թույլ չտալ դրանք, որովհետև իշխանությունները չունեն բավարար լեգիտիմություն նման որոշումներ կայացնելու համար։

Այս արդյունքները չափազանց կասկածելի են, և մենք ունենք իրավական, քաղաքական, բարոյական և ազգային բավարար հիմքեր՝ օրենքի և Սահմանադրության շրջանակներում դիմակայելու ցանկացած հետագա ոտնձգության։

Նմանատիպ նյութեր

Իրանի յուրաքանչյուր նահատակված քաղաքացու դիմաց կuպանվի մեկ ամերիկացի զինծառայող․ Իրանի ԶՈւ

Իրանի յուրաքանչյուր նահատակված քաղաքացու դիմաց կuպանվի մեկ ամերիկացի զինծառայող․ Իրանի ԶՈւ

Իրանի զինված ուժերը յուրաքանչյուր զոհված իրանցու դիմաց կսպանի մեկ ամերիկացի զինվորի, հայտարարել են Իրանի զինված ուժերի հրամանատարությունից։ «Այս պահից սկսած մենք դա համարում ենք մարտադաշտում վերջնական և պաշտոնապես հայտարարված օրենք. Իրանի Իսլամական Հանրապետության...

Պուտինը հասկանում է, որ ես զենք չեմ վաճառում Ուկրաինային. Թրամփ

Պուտինը հասկանում է, որ ես զենք չեմ վաճառում Ուկրաինային. Թրամփ

Պուտինը և Սին վստահեցրին ինձ, որ զենք չեն վաճառի Իրանին, այս մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Նախագահ Սին Պեկինում մեր վերջին հանդիպման ժամանակ ինձ ասաց, որ ոչ մի դեպքում զենք չի մատակարարի կամ չի վաճառի Իրանի Իսլամական Հանրապետությանը, և այս հայտարարությունը...

Հրաժարվելու եմ պատգամավորի աշխատավարձից, իսկ խմբակցությունը հրաժարվելու է պարգևավճարներից․ Նարեկ Կարապետյան

Հրաժարվելու եմ պատգամավորի աշխատավարձից, իսկ ամբողջ խմբակցությունը հրաժարվելու է պարգևավճարներից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստանի» անդամ Նարեկ Կարապետյանը։ «Այնպես չի, որ ժողովրդի համար ինչ-որ բան...

Ցավում եմ, որ պետք է պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելով՝ ազատ արձակվեի․ Դավիթ Ղազինյան

Ես դատարանում էլ հայտարարեցի, որ շատ ցավում եմ, որ պետք է պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելով՝ ազատ արձակվեի։ Այսօր դատարանում բակում լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը։...