«Պուտինի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը սառը ջուր լցրեց այսպես ասած քաղհասարակության եւ արեւմտամոլ շրջանակների գլխին, անդրադառնալով ԵՄ անդամակցության մասին օրենքին և անելով հետեւյալ հայտարարությունը․
«Եթե անկեղծ ասենք, օրենքի ընդունումն արդեն այն ժամանակ նշանակում էր հրաժարում հանրաքվեի գաղափարից։ Որովհետև, եթե այն ժամանակ խորհրդարանը չընդուներ այդ օրենքը… Ուզում եմ հիշեցնել, որ այդ օրենքը քաղաքացիական հասարակության նախաձեռնությունն էր։ Այսինքն՝ նրանք, Սահմանադրությամբ նախատեսված այդ հնարավորությունից օգտվելով, հավաքել էին Հայաստանի քաղաքացիների ստորագրությունները և այդ նախագիծը ներկայացրել խորհրդարան։ Եթե խորհրդարանը չընդուներ այդ օրենքը, նախաձեռնողները կարող էին հավաքել ևս 250 հազար ստորագրություն, և եթե այս անգամ էլ խորհրդարանը մերժեր, ապա մենք պետք է հանրաքվե անցկացնեինք Հայաստանի Հանրապետությունում»»,-անդրադառնալով երեկ Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպմանը՝ գրում է քաղաքական վերլուծաբան Հակլոբ Բադալյանը։
«Նիկոլ Փաշինյանը սա հայտարարում է ՌԴ նախագահի հետ հանդիպմանը։ Ես հիշեցնեմ նաեւ, որ այդ օրենք համարվող փաստաթղթի նախաձեռնությունը ֆորմալ իմաստով քաղաքացիական էր, բայց դրան ներգրավված էին նաեւ քաղաքական այն ուժերը, որոնց ես բնորոշում եմ արեւմտամոլ։ Հիմա Փաշինյանը հայտարարում է, որ ընդառաջել են օրենքին, որպեսզի ստիպված չլինեն գնալ հանրաքվեի։ Այլ կերպ ասած, ընդունելով նրանց նախաձեռնությունը խորհրդարան, Նիկոլ Փաշինյանը «գցել» է նրանց։
Իհարկե, սա թվում է մի քիչ պարզունակ խոստովանություն, որի տակ կա գուցե ինչ որ այլ բան։ Մյուս կողմից, միարժեք է, որ Փաշինյանի այս հայտարարությունը ոչ թե պահի տակ է, այլ «տնային աշխատանք»։ Նա պատրաստել է այդ փաստարկը Պուտինի հետ հանդիպմանն ընդառաջ, հետեւաբար պետք է հետաքրքիր լինի, թե ինչո՞ւ է Հայաստանի վարչապետը Պուտինի դիմաց խոստովանում, որ այսպես ասած «հնարք» է կիրառել քաղհասարակության կամ արեւմտամոլ շրջանակի նկատմամբ եւ նրանց զրկել է հանրաքվեի նախաձեռնության հնարավորությունից։
Իհարկե, այսպես ասած քաղհասարակության շրջանակից մեծ հավանականությամբ կլինի այն արձագանքը, թե՝ Փաշինյանը ոչ թե իրենց է գցել, այլ հնարամիտ կերպով արձագանքել է Պուտինին, որովհետեւ նա ոչ թե կանխել է ԵՄ թեմայով հանրաքվեն, այլ թույլ չի տվել, որ այն լինի ժամանակից շուտ եւ տապալվի։ Ընդ որում, պետք է նկատել, որ դա ունի ռացիոնալություն։ Բայց, այդ դեպքում ստացվում է, որ Հայաստանի հանրությունը չի՞ աջակցում այսպես ասած եվրոպական կուրսին։
Այստեղ է ահա առանցքայինը։ Փաստացի, գործնականում տոտալ խոստովանվում է, որ Հայաստանի հանրությունը չի աջակցում այդ թեմային։
Ու սա է թերեւս ամենառացիոնալը։ Ամենառացիոնալը այն իմաստով, որ Հայաստանի հանրությունը հիասթափված լինելով ՌԴ վերջին տասնամյակի կամ մեկուկես տասնամյակի քաղաքականությունից հատկապես, այդուհանդերձ կուրորեն չի հարում ԵՄ–ին ապավինելու գաղափարի։ Հայաստանի հանրությունը ռացիոնալ է եւ Ռուսաստանի ու ԵՄ հանդեպ գնահատականները չի կառուցում էմոցիոնալ հայելայնության վրա։
Իհարկե կան շրջանակներ, որոնց էլ ես հենց բնորոշում եմ արեւմտամոլ, որ առաջնորդվում են միայն անուններով ու ցուցանակներով, այլ ոչ թե քաղաքականության իրապաշտ ու բազմակողմ գնահատականով։ Բայց, այդ շրջանակները քիչ են, իսկ իր հավաքականության մեջ Հայաստանի հասարակությունը իրականում շատ ավելի ռացիոնալ է, քան քաղաքական դաշտի մի զգալի մաս։
Ընդ որում, սա չի նշանակում, թե մարդիկ չեն ուզում աօպրել այնպիսի ստանդարտներով, ինչպես Եվրոպայում։ Պարզապես, մարդիկ առնվազն ենթագիտակցորեն պատկերացնում ու զգում են, որ այդ կյանքը կառուցելը մեր ներքին գործն ու անելիքն է, ու որեւէ կերպ կապված չէ վերպետական այդ կառույցին անդամակցելու հետ։
Այս ամենով հանդերձ, վերստին նշեմ, որ իմ կարծիքով, հայ–ռուսական հարթությունում օրակարգային գլխավոր հարցերը նրանք չեն, որ այսպես անխնա դուրս են բերվում ի տես հանրության։ ԵՄ այս թեման համարում եմ արհեստական գեներացվող, ինչի մասին է վկայում թերեւս այն, որ Մոսկվան ու Երեւանը «անհոգնել» շարունակում են՝ մեկն ասել հանրաքվե, մյուսը՝ դեռ ժամանակը չէ։ Եվ էականն այն է, որ այս «պինգ–պոնգի» սեղանի տակ թերեւս ծավալվում են այլ, ավելի էական քննարկումները։ Ես չեմ պնդում, ես կարծում եմ»։




