Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 35-ամյակը։ Բազմաթիվ հասարակական-քաղաքական գործիչներ, արցախցի պաշտոնյաներ այցելել են Եռաբլուր պանթեոն՝ ծաղիկներ խոնարհելու «Արցախի կանչը» հուշակոթողին։
«Փորձում ենք օրակարգային պահել Արցախի հարցը։ Նշեմ, որ Արցախի հարցը ոչ միայն քաղաքական բաղադրիչ ունի, այլև սոցիալ-տնտեսական, իրավական, ինչու չէ՝ նաև հումանիտար բնույթ ու բաղադրիչներ, և բոլոր այդ ուղղություններով մենք փորձում ենք գործունեություն ծավալել։ Կան բազմաթիվ սոցիալ-տնտեսական հարցեր։
Արցախի Հանրապետության ներկայացուցչությունում բազմաթիվ հանդիպումներ ու լսումներ ենք կազմակերպում։ Փորձում ենք բոլոր այն ուժերի հետ համատեղ, որոնք մտահոգված են թե՛ Արցախի ճակատագրով, թե՛ անմիջապես արցախահայության խնդիրներով, մշակել մի քաղաքականություն, որը թույլ չի տա մոռացության տալ Արցախը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը։
Մանրամասն՝ տեսանյութում։






