Մեր դիրքորոշումը միանշանակ է՝ այս նախագիծը պետք է մերժվի. Դանիելյան

23 Նոյեմբերի, 2026

ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Միայն այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության մայր օրենքի՝ Սահմանադրության փոփոխության պահանջը հնչել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից, արդեն իսկ բավարար հիմք է այս նախաձեռնությունը մերժելու համար։ Անգամ քննարկման առարկա չպետք է դարձնենք այն հարցը, թե արդյոք մեր երկրի հիմնարար օրենքը պետք է վերաշարադրվի թշնամական պետության ղեկավարի պահանջով։

Սահմանադրությունը Հայաստանի ինքնիշխան կամքի արտահայտությունն է, ոչ թե Ալիևի հետ բանակցությունների սեղանին դրված հերթական զիջումը։

Սա պարզապես Սահմանադրության փոփոխության նախագիծ չէ։ Սա Հայաստանի պետականության ազգային, պատմական և գաղափարական հիմքերը վերանայելու նախագիծ է։ Ըստ էության՝ մեզ առաջարկվում է հրաժարվել մեր պետության այն ինքնությունից, որի հիմքով է այն անկախացել և կայացել։ Սա մեր պատկերացրած հայկական պետության նախագիծը չէ։

Մեր դիրքորոշումը միանշանակ է՝ այս նախագիծը պետք է մերժվի։ Այն անգամ քննարկման առարկա չպետք է դառնա։

Եվ ուզում եմ հատուկ ընդգծել՝ այս պարագայում չեմ ցանկանում մտնել նախագծի ամբողջական բովանդակության քննարկման մեջ։ Միայն արտաքին ճնշման և Ալիևի պահանջների հետ դրա ակնհայտ քաղաքական համընկնման հանգամանքն արդեն բավարար է այն մերժելու համար։

Սակայն նույնիսկ եթե մի կողմ դնենք այս ամենը, նախագիծն ինքնին պարունակում է ներքին լուրջ ռիսկեր։

Դատական համակարգի միանվագ վերագնահատումը կարող է հարցեր առաջացնել դատական իշխանության անկախության վերաբերյալ։ Կուսակցությունների արգելման նոր հիմքերը կարող են վտանգել քաղաքական բազմակարծությունը։ Քաղաքացիությունը դադարեցնելու հնարավորությունը պահանջում է առանձնահատուկ իրավական երաշխիքներ։ Օրենքների հետադարձ ուժի կիրառման բացառությունները կարող են թուլացնել իրավական որոշակիության սկզբունքը, իսկ լրատվամիջոցների ֆինանսավորման կարգավորումները չպետք է վերածվեն նրանց նկատմամբ վերահսկողության գործիքի։

Եվ, իհարկե, իշխանության հակակշիռների ու փոխզսպումների հարցը։ Մի քանի նոր վերահսկողական մեխանիզմների ամրագրումը դեռևս չի նշանակում գործադիր իշխանության իրական բալանսավորում և վարչապետի շուրջ իշխանության կենտրոնացման խնդրի լուծում։

Եթե Նիկոլ Փաշինյանն ունի կառավարման համակարգի, դատական իշխանության կամ իշխանության բալանսավորման վերաբերյալ սեփական պատկերացումները, դրանք պետք է քննարկվեն առանձին՝ հանրային լայն քննարկումների և իրական քաղաքական կոնսենսուսի պայմաններում։ Դրանք չեն կարող փաթեթավորվել Ալիևի պահանջների հետ և ներկայացվել որպես մեկ ամբողջական սահմանադրական բարեփոխում։

Եվ հիմա մի պահ եկեք դուրս գանք իրավական հոդվածների շրջանակից։

Ի՞նչ ենք ասելու մեր հերոսների ընտանիքներին։ Ի՞նչ ենք ասելու այն ծնողներին, որոնց զավակները զոհվեցին՝ Հայաստանի ինքնիշխանությունն ու սահմանները պաշտպանելիս։ Որ այսօր մենք պատրաստ ենք վերանայել մեր պետականության հիմնարար սկզբունքները, որովհետև Ալիևն այդպե՞ս է պահանջում։

Չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է խոսել հայրենասիրությունից, հերոսների հիշատակից, պետականությունից և միաժամանակ պաշտպանել մի գործընթաց, որի առանցքային փոփոխություններից մեկը համընկնում է Ադրբեջանի նախագահի ներկայացրած պահանջի հետ։

Հայաստանի Սահմանադրությունը չի կարող լինել Ալիևի պահանջների կատարման փաստաթուղթ։

Այս նախագիծը պետք է մերժվի։ Ոչ թե վերափաթեթավորվի, ոչ թե քաղաքական քննարկումների առարկա դառնա, այլ մերժվի։

Հայաստանի պետականության իրական բարեփոխումները պետք է իրականացվեն Հայաստանի շահերից ելնելով, հասարակական լայն համաձայնությամբ և առանց արտաքին թելադրանքի։

Մեր հերոսները կյանք են տվել, որպեսզի մենք ունենանք հայկական պետություն։ Մեր պարտքն է պահպանել այդ պետության ինքնությունը, պատմությունը, ինքնիշխանությունն ու ազգային արժանապատվությունը, ոչ թե հարմարեցնել այն մեր թշնամու քաղաքական օրակարգին»։

Նմանատիպ նյութեր

Ալիևի կամակատարի հետ գործարքի չեն  գնում. Սաղաթելյան

Ալիևի կամակատարի հետ գործարքի չեն գնում. Սաղաթելյան

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել է՝ Նիկոլ Փաշինյանը ժողովրդից չի ստացել մանդատ Ալիևի պահանջով Սահմանադրություն փոխելու համար, մինչդեռ խորհրդարանական ընդդիմությունը ստացել է դա թույլ չտալու մանդատ․ «Փաշինյանը...

Անկախ բոլոր բռնաճնշումներից ու կալանավորումներից՝ մեր երկրում օտարի թելադրած սահմանադրությունը չի՛ ընդունվելու. Սամվել Կարապետյան

Անկախ բոլոր բռնաճնշումներից ու կալանավորումներից՝ մեր երկրում օտարի թելադրած սահմանադրությունը չի՛ ընդունվելու. Սամվել Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի ուղերձը․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր բոլորդ ականատես եղաք այն ամենին, ինչի մասին բազմիցս բարձրաձայնել եմ՝ ինչպես են գործող իշխանությունները, արտաքին պարտադրանքի ներքո, մեզ ներկայացում ալիևյան այս...

Թրամփ-Պուտին-Սի Ծինփին եռյակը նոր աշխարհակարգ է ձևավորում․ ԵՄ-ն լուսանցքից դուրս է մնում

Թրամփ-Պուտին-Սի Ծինփին եռյակը նոր աշխարհակարգ է ձևավորում․ ԵՄ-ն լուսանցքից դուրս է մնում

  Հայաստանը շարժվում է դեպի Եվրամիություն, իսկ Եվրամիությունը դուրս է մնում աշխարհաքաղաքական լուսանցքից։ ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Չինաստանը, առանցքային դեր են ստանձնում նոր ձևավորվող աշխարհակարգում։ Թեմայի շուրջ այսօր՝ նոյեմբերի 23-ին, Yerevan.Today-ի հարցազրույցի...

Կառավարությունում պաշտոնանկություններ են եղել

Կառավարությունում պաշտոնանկություններ են եղել

ՀՀ վարչապետի որոշումներով Գևորգ Մանթաշյանն ազատվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալի պաշտոնից, իսկ Հայկ Մկրտչյանը նոյեմբերի 30-ից կազատվի Կոտայքի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։ Համապատասխան...

Երկու ադրբեջանական խոշորագույն պրոյեկտի մեկնարկ՝ մեկ օրում․ «Կարճ ասած»

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, մեկնարկեցին նախորդ 30 տարվա երկու կարևորագույն ու ամենախոշոր նախագծերը Ադրբեջանի համար։ Մեկը «ԹՐԻՓՓ» կոչվածն է՝ Զանգեզուրի միջանցքը, որը թուրքական աշխարհի տասնամյակների, գուցե...