«2027 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ ցանկանում եմ անդրադառնալ մի հարցի, որն առաջին հայացքից թվում է, թե զուտ ծախսային թվերի մասին է, սակայն իրականում խնդիրն ավելի քան խորքային է։ Խոսքը պետական բյուջեից բարձրաստիճան պաշտոնյաների կեցության, սննդի, արարողակարգային և տրանսպորտային սպասարկման, ինչպես նաև կառավարական առանձնատների պահպանման ու վերանորոգման համար կատարվող ծախսերի մասին է։ Պետական բյուջեից կառավարական առանձնատների տնտեսության սպասարկման համար հատկացվող գումարները տարեցտարի ավելացել են։ 2022 թվականին այդ ֆինանսավորումը կազմել է շուրջ 470 միլիոն, 2023 թվականին՝ ավելի քան 542 միլիոն, 2024 թվականին՝ շուրջ 630 միլիոն, 2026 թվականին՝ 621 միլիոն 340 հազար դրամ, իսկ 2027 թվականի համար նախատեսվում է մոտ 710 միլիոն դրամ։ Այսինքն՝ 2022 թվականի համեմատ 2027 թվականին տարեկան ֆինանսավորումն ավելանում է շուրջ 240 միլիոնով՝ ավելի քան 50 տոկոսով։ Ուզում եմ ընդգծել՝ խոսքը միայն մեկ ուղղությամբ՝ կառավարական առանձնատների տնտեսության սպասարկման ֆինանսավորման մասին է։ Հիմա հարց՝ ինչո՞ւ է այս գումարը շարունակաբար աճում, և արդյունքում ի՞նչ է ստանում հանրությունը դրա դիմաց»,- այս մասին ԱԺ իր ելույթում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիանա Գասպարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։




