Ո՞վ է ընտրողը, ի՞նչ որակներ ունի, ո՞նց է կողմնորոշվում․ Սահմանադրական դատարանում շատ ուշագրավ քննարկում ծավալվեց այս հարցի շուրջ։ Երբ ընտրության արդյունքները վիճարկող ուժերը ներկայացրին ընտրակեղծիքների, վարչական ռեսուրսի չարաշահման, ընտրողներին ահաբեկելու, ատելություն տարածելու, դրսից Փաշինյանին աջակցելու, ընտրակաշառքների և բազմաթիվ այլ փաստեր, ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանը հարց ուղղեց, թե՝ «Ինչպե՞ս է ՀՀ քաղաքացին իր ընտրությունը կատարում»։ Դատավորը տպավորություն էր ստացել, թե մեր ընտրողները զոմբիներ են, որոնց թոշակը կարող են բարձրացնել, և գնան ընտրեն կամ վախեցնելով ձայն տանեն։ Իր կարծիքն այն է, թվարկած բացասականը կարող է հակառակ էֆեկտ։ Թեմային անդրադառնանք օրինակներով, այդ թվում՝ իր՝ դատավոր Վաղարշյանի։
Ո՞վ է ընտրողը և ի՞նչ չափանիշներով է ընտրություն կատարում։ Մարդիկ, իհարկե, ունեն կրթական ցենզի, սոցիալական վիճակի, կենցաղի, գաղափարական և բազմաթիվ տարբերություններ, և բազմաթիվ գործոններ կարող են ազդել ընտրություն կատարելու վրա։ Չափանիշները տարբեր են։ Իդեալական պայմաններում ընտրողը գնահատում է՝ իր կենսամակարդակի, զբաղվածության, գնաճի բարելավումը։ Շատ երկրներում սա ամենաազդեցիկ գործոններից է։ Ընտրողների մի մասն ունի երկարամյա համակրանք որևէ կուսակցության հանդեպ, որին հավատարիմ է մնում։ Ընտրողների մի մասի համար կարևոր է առաջնորդի անձնական հատկանիշները․ վճռականություն, փորձ, հատւկապես ճգնաժամային կառավարման ունակություն։ Ընտրողների ավելի փոքր հատված քվեարկում է նախընտրական ծրագրերում առաջարկվող կոնկրետ լուծումներվ։ Հատկապես պատերազմ կամ լարվածություն ապրած երկրներում անվտանգությունն ու արտաքին քաղաքականությունը դառնում է գլխավոր չափանիշ ընտրություն կատարելու, և նրան, ով խարխլել է անվտանգությունը, չեն ընտրում։ Եվ առաջնային չափանիշ է դառնում, թե որ ուժն է ի վիճակի ապահովել պետության սահմանների պաշտպանությունը, զինված ուժերի արդիականացումը և վարել ճիշտ դիվանագիտություն արտաքին գործընկերների հետ: Այլ չափանիշներ էլ կան, իհարկե՝ կոռուպցիայի և արդարադատության ընկալում, արժեքներ ու ինքնություն և այլն։ Մեզ մոտ ևս սա գործել է, բայց ընտրություններն անցել են անհավասար պայմաններում, եղել են շատ ընտրակեղծիքներ, ընտրակաշառք, ահաբեկումներ, դրսի ազդեցություն, վարչական ռեսուրս և այլն, բայց դրանով հանդերձ, իշխանությունը չի հաղթել և սկսել է տոտալ կեղծիքները, ընդհուպ՝ գողացել են խորհրդարան անցած ուժի ձայները։
Մեզ մոտ իշխանությունը գործել է այլ խաղի կանոններով․ այն ընտրողը, որ պետք է իմ հիշատակած չափանիշներով շարժվեր, նրան իշխանությունը սպառնացել է գլուխը ջարդելով, բիզնես խլելով, իսկ իրավապահ համակարգը գործ չի հարուցել։ Քաղաքացին տեսել է, որ իր մի կոպիտ բառի համար կալանավորում են իրեն, բայց Նիկոլը որ գլուխ ջարդելու մասին է խոսում, բան չեն անում, ի՞նչ վարք կդրսևորի։ Ու մեր երկրում արդեն 8 տարի է՝ իշխում է տոտալ վախը, ահաբեկումները, ոստիկանական ու իրավական տեռորը, ֆեյքային քարոզչությունը, սպառնալիքները, ու դրանք ազդում են ընտրողի կամարտահայտության վրա։ Իմ կարծիքն այն է, որ անարդար է, որ հավասար ձայնի իրավունք ունեն բոլորը, օրինակ՝ և՛ դատավոր Վաղարշյանը ունի մեկ ձայնի իրավունք, և՛ էն քաղաքացին ունի մեկ ձայնի իրավունք, որը մինչև հիմա հավատում է, որ զատկից առաջ Քոչարյանը բոլոր ձվերը խանութներից առել է, որ կրիզիս առաջանա։ Ես էլ ունեմ մեկ ձայն, նրանք էլ ունեն, որ հավատացել են ֆեյքնյուզին, թե Էրդողանը ծնկաչոք ներողություն է խնդրել Նիկոլից, և Կարսը հետ է ուզում տալ։ Անձամբ ճանաչում եմ մարդու, որը չհրկիզվող պահարան էր գնել, որովհետև հավատում էր, թե Նիկոլը ինչ-որ թալան է բերելու բաժանի․ դա էլ ունի մեկ ձայն, նա էլ ունի մեկ ձայն, որ 2018-ից ասում է՝ Նիկոլը խաբեբա է։ Այո, ընտրողը մանիպուլյացիաներից պաշտպանված չէ։ Հատկապես պաշտպանված չէ իշխանության մանիպուլյացիաներից, ու իրավապահ համակարգը այստեղ իշխանության պաշտպանն է, ոչ թե ընտրողի։
8 տարում երեք պատերազմ, 5 հազար զոհ, բռնագաղթ տեսած ընտրողը, որին նաև ամեն օր պատերազմով սպառնում են, բանտերն են լցնում, բիզնեսներ են խլում, կեղծ ձայնագրություններ են տարածում ու քրգործեր հարուցում, ձայները գողանում են, շատ անպաշտպան է։ Նիկոլն ասում է՝ սատկացնելու եմ, կզցնելու եմ, բան չեն անում։ Մեկ այլ ընտրող, որ Նիկոլի պլակատն է պոկում, տանում են հոգեբուժարան, ինքնասպան է լինում, ու զրո արձագանք պաշտոնավարող իրավաբանների կողմից։ Հիմա ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանն ասում է՝ ձեր կարծիքով ընտրողի վրա այդքան հեշտ կարողանո՞ւմ են ազդել։ Այդ դատավորը այդ հարցը կարող էր տալ, եթե ընտրվելու և ընտրելու պայմանները հավասար լինեին։ Նիկոլական ընտրվողներին ու ընտրողներին կարելի էր ամեն ինչ, ընդդիմադիր ընտրվողներին ու ընտրողներին՝ սպառնալիքներ։ «Ուժեղ Հայաստան»-ին ձայն տալու համար դասախոսին ազատել են աշխատանքից։ Թող դատավորն ասի՝ ընտրողը որքանով է պաշտպանված․ ի դեպ՝ նա վաղը պետք է վճիռ կայացնելիս գնահատի դա։ Փաշինյանը մեռավ սպառնալիքներ հնչեցնելով, բայց ոչ մի դատավոր ու ոչ մի ԿԸՀ նրան դուրս չթողեց ընտրարշավից։
Եվ ուրեմն մենք քննարկեցինք, թե ով է ընտրողը, բայց մեկ այլ կարևոր հարց կա՝ իսկ ո՞վ է դատավորը։ Համաձայն ՍԴ անդամ Վաղարշյանի՝ միջին վիճակագրական ընտրողը պետք է ազդեցության տակ չընկնի, չվախենա․ իսկ դատավո՞րը։ Օրենքով ամենապաշտպանված ՍԴ դատավորները վախեցա՞ն ձայն հանել, թե՞ չվախեցան, երբ Նիկոլը իրենց անվանում էր վնգստացող, երբ շրջափակում էր դատարանների դռները, երբ ասում էր՝ «կա՞ տենց մի դատավոր, որ իմ ասածը չանի»։ Դուք ձեր դատավոր հալով ինչե՞ր եք զոհաբերել, մինչև անգամ մասնագիտական պրոֆեսիոնալիզմը, որ չհայտնվեք մարդամեկի թիրախում։ Վաղարշյանից առաջ իր տեղը այլ դատավոր էր նստում, իրավական գիտելիքներից զրո Վահագն Հովակիմյանը օրենք հեղինակեց, նրանց հանեցին, նրանց փոխարեն նշանակվեց այս նոր կազմը, ու ինչպե՞ս արձագանքեցին դատավորները։ Էսօրվա ՍԴ դատավորի եղբայրը որ քաշքշում էր ՀՀ ամենահարգված դատավոր Ալվինա Գյուլումյանին, ի՞նչ արեցիք, դատավոր էիք։
ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանն ասում է՝ զոմբինե՞ր են ընտրողները, որ թոշակը բարձրացրին, գնաց-ընտրեց։ Հիմա հարց․ եթե կարծում եք, որ ապրիլի 1-ից թոշակը 10 հազար դրամով բարձրացնելը չի ազդել քաղաքացու կամարտահայտության վրա, իսկ որ հունիսի 1-ից ՍԴ դատավորների հավելավճարները աշխատավարձի 35 տոկոսի չափով բարձրասցրել են, դա կազդի՞ ՍԴ դատավորների այս որոշման վրա։ Ինչպես որ ընտրություններից երկու ամիս առաջ թոշակառուները 10 հազար դրամով բարձր թոշակ են ստացել, այնպես էլ ՍԴ դիմումի քննարկումից 25 օր առաջ ՍԴ դատավորները բավականին բարձր հավելավճար են ստացել նույն կեղծիքներով ընտրված իշխանության կողմից։ Հիմա դա չի՞ ազդելու վաղը իրենց որոշման վրա։ Կուզենայի, որ այդպես լիներ։
Այնպես որ դարձյալ կրկնում եմ՝ իսկ ովքե՞ր են դատավորները։ Եթե Նիկոլը էսքան բան մեր երկրի գլխին բերելուց հետո ազատության մեջ է, ուրեմն ովքե՞ր են դատավորները։ Գիտե՞ք, մի քանի օր առաջ ՍԴ դատավորները ընտրողներ էին ու պետք է ընտրեին՝ ակնհայտ կողմնակալ Սեդա Սաֆարյանը մասնակցի՞ ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումների քննությանը, թե ոչ։ ՍԴ դատավորները այդ հասարակ ընտրությունը պրավալ են տվել, որովհետև երևի իշխանությանը պետք էր, որ Սեդա Սաֆարյանը մնա։ Հիմա Արթուր Վաղարշյանին հարց տամ՝ ինքը որպես ընտրող ինչո՞վ առաջնորդվեց։ Նրանք, որ վճռականություն չեն ունեցել ՍԴ լեգիտիմ կազմ ձևավորելու, ի՞նչ են պահանջում ըն տրողից, իրենց չափանիշըտ ո՞րն է։ Նա՝ այդ դատավորը, ընտրող է լինելու նաև երեք օրից, երբ պետք է իր քվեարկությամբ վճիռ կայացնի, տեսնեմ ինքը կունենա՞ նույն խիզախությունը, որը պահանջում է շարքային ընտրողից։ Հիմա ես էսքանից հետո պատմե՞մ սովորական խեղճացած մարդու վախերի մասին, երբ ամենապաշտպանված ՍԴ դատավորներն իրենք են վախերի մեջ։ Կուզենայի, որ ՀՀ ընտրողը կլիներ այնպիսին, որի վրա չկարողանային ներգործություն ունենալ, բայց որպեսզի ընտրողը ոչնչից չվախենա, պետք է, ախար, դատավորն էլ դատավոր լինի, իրավապահն էլ, պետք է տեսնի, որ ինքը պաշտպանված է անգամ՝ իշխանության գրոհներից։
Կարճ ասած՝ ՀՀ ընտրողը լինելով այ էսքան ահաբեկված, ճնշված, սպառնալիքի տակ, ֆեյքային, ինֆորմացիոն գրոհների տակ, աշխատանքը, բիզնեսը կորցնելու վախի տակ, գնացել-մերժել է իշխանությանը։ Այդ ընտրողի ձայները գողացել են, 60 հազարը՝ ուղիղ եթերի տակ, մնացածը՝ էկրաններից հեռու, ու հիմա ՍԴ դատավորները պետք է որոշեն՝ քաղաքացու ձայն գողանալը ճի՞շտ է, թե՝ սխալ, էդքան կեղծիքները լա՞վ են, թե՞՝ վատ են։ Մենք իմացանք՝ ովքեր են ընտրողները, 4 օրից էլ կիմանանք՝ ովքեր են դատավորները։
Սևակ Հակոբյան






