Ի՞նչ է արժենում պետությանը Քոչարյանի կալանքը․ «Կարճ ասած»

17 Սեպտեմբերի, 2026

Վաղը՝ սեպտեմբերի 18-ին, դատական նիստ է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ հակասահմանադրական քրեական գործով։ Դա այն գործն է, որը բացվել է 2018 թվականից՝ հրահանգավորված, 2021 թ․ ճանաչվել է հակասահմանադրական, բայց շարունակում են քննել։ Աբսուրդ է, բայց չենք զարմանում։ Երկրորդ նախագահն այս պահին կալանավորված է մեկ այլ շինծու գործով։ Նա կալանքի տակ է արդեն չորրորդ անգամ։ Կարծես այս իշխանության համար կենաց-մահու հարց է Ռոբերտ Քոչարյանին կալանավորված տեսնելը։ Կարևոր չէ՝ հանցանք կա, չկա, կեղծ է, շինծու է, իրականության հետ աղերս ունի որևէ կերպ, թե ոչ։ Ըստ երևույթին և գլխավոր պատճառը դրսից հրահանգն է մարդամեկին։ Մարդամեկն իր հերթին հրահանգել է դատախազություն-քննչականին, դրանք հրահանգել են դատարաններին՝ «ուզես-չուզես, պետք է կալանքը տաս» հայտնի սկզբունքով, դատարանն էլ գուցե չի ուզել, տեսել է հիմքեր չկան, բայց տվել է կալանք, որովհետև «կա՞ տենց մի դատավոր, որ Նիկոլի ասածը չանի»։

Խորհրդարանում նիստեր են, գիշեր-ցերեկ խոսում են Ռոբերտ Քոչարյանից։ Այսքան պրոբլեմների մեջ թաղված երկիրը, վստահեցնում եմ, պետք է այլ թեմաներից խոսեր․ կրթության ոլորտում աղետ է այս պահին, սրանք մեծացնում են անգրագետ սերունդ, վարի են տալիս սերնդին, հազարավոր մեր ջահել տղերքին սպանել տվեցին, հարյուր հազարավորներին մեծացնում են անգրագետ։ Հանձնում են հողեր, մեր մայրուղիները վտանգի տակ են, ադրբեջանցիներին Հայաստան բերելու վտանգի տակ ենք։ Նիկոլը գնում է Սևան՝ խալաթով լողանալու, Ադրբեջանի նախկին արտգործնախարարը գրում է՝ մի լողացիր Սևանում, «Գյոյչա» էլ ասում է․ քանի դեռ չենք բաժանել, մի լողացիր։

Ռուսաստանի հետ թշնամական հարաբերություններին 5 է պակաս, գնում են Սաակաշվիլու և Զելենսկու ճանապարհով, որի վերջը բախումն է։ ԿԲ նախագահն ասում է, որ ապոկալիպտիկ սցենար է գազի թանկացումը, որը շատ հնարավոր է․ ու այս ամենը մի կողմ՝ սրանք ամեն օր խորհրդարանում, կառավարությունում, իրենց ելույթներում, ճեպազրույցներում, հարցազրույցներում խոսում են միայն Ռոբերտ Քոչարյանի մասին։ 2026 թվականի Հայաստանում իշխանության գլխավոր թեման, վախի աղբյուրը 18 տարի պաշտոնաթող եղած նախագահն է։ Նրա անունն անընդհատ տալով, ստեր տարածելով՝ փորձում են այս մնացած բոլոր թեմաները ծածկել։

Բա որ չե՞ն ասում՝ «Քոչարյանը քաղաքական ֆիգուր չէ»։ Բա որ քաղաքական ֆիգուր չէ, անցեք այս երկրի գլխին ձեր բերած ու բերելիք աղետների թեմաներին։ Հորն ու որդուն փակել են ԱԱԾ-ի նկուղում, ամեն օր խոսում են այդ թեմայով ու ասում են՝ ֆիգուր չէ։ Քոչարյանենց բռնելուց հետո ի՞նչ պետք է անեին սրանք, իմ տրամաբանությամբ, պետք է ասեին՝ երկրորդ նախագահի մասին հարցերին չենք պատասխանում, չենք խոսում, իրավական գործընթաց է, այդ համակարգի տիրույթում է, դատարանը կպարզի։ Չէ՛, ժողովո՛ւրդ ջան, ինչ իրավական․ գիշեր-ցերեկ սրանց խոսույթը Ռոբերտ Քոչարյանն է, ու հենց դրանով էլ առաջին հերթին «պալիտ» են անում, որ այս թեման իրավաբանության հետ կապ չունի։

Հրահանգավորված նստեցրել են Քոչարյանին, բայց չեն հանգստացել, որովհետև գուցե մարդամեկը շարունակում է վախենալ Քոչարյանից, որովհետև գիտի՝ գործընթացը լրիվ սուտ է, անօրինական է, գիտի, որ հանցանք է արել, ու այդ հանցանքի տակ լիքը մարդ են մտցրել, ի վերջո՝ պատասխան են տալու։ Վախենում է, որովհետև ինքը վարչապետ է, Քոչարյանը՝ պաշտոնաթող նախագահ, բայց մեկ է՝ թույլ է նախագահից։ Գուցե կալանավորել է, որ առաջիկա զիջումների, հանրաքվեների ֆոնին ընդդիմադիր շարժումները թույլ լինեն, գուցե պայմանավորված է հայ-ռուսական հարաբերություններով, գուցե և, ամենայն հավանականությամբ, Ալիևի խիստ պատվերն է․ ամեն ինչ կարող է լինել։ Բայց որ Ռոբերտ Քոչարյանի բանտում գտնվելը կապ չունի մեղադրանքի հետ՝ դա հաստատ է։ Մեղադրանքը քողն է ընդամենը։ Ու անընդհատ խոսում են Ռոբերտ Քոչարյանից, իբր թալանից՝ տպավորություն թողնելու համար, թե գործը դրան է վերաբերում։ Ո՛չ, դուք էլ գիտեք, որ այդպես չէ․ դուք էլ գիտըեք, որ եթե թալանի գեթ մեկ ապացույց գտած լինեիք, վաղուցվանից բացահայտած և ձեր բոլոր ալիքներով ներկայարևած կլինեիք, ոչ թե զուտ վերնագրեր կհրամցնեիք հանրությանը։

Ոնց էլ նայում ես, այս գործն ապօրինի է, թեկուզ Քոչարյան ընտանիքին պատկանող հիմնարկների վրա գրոհի տեսանկյունից։ Կապարակնքել են հիմնարկներ՝ բոլորովին ապօրինի։ Պատգամավորը հարցում է անում քննչական մարմիններին, թե ինչ իրավական հիմքով եք կապարակնքել, պարզվում է՝ դա արվել է առանց որևէ օրենքի, ուղղակի փակել են, որպեսզի, ըստ իրենց, հարկային ստուգումներ անեն։ Ե՞րբվանից են հարկային ստուգումները պահանջում հիմնարկի պլոմբում։ Հարկային ստուգումներ լինում են տարին 12 ամիս, էդ ե՞րբ եք լսել, որ հիմնարկը փակեն, որ հարկային ստուգում անեն։ Էդ ի՞նչ նորամուծություն է։

Ես էլ եմ նույն հարցը տալիս՝ արդյո՞ք իրավունք կա բիզնես կապարակնքելու ամիսներով, որպեսզի ՊԵԿ-ը գնա ստուգումներ անի։ Առաջին անգամ եմ լսում սրա մասին, լսում եմ այս իշխանությունների օրոք ու՝ վերջին ընտրությունների նախընտրական ու հետընտրական իրադարձությունների համատեսքստում։

Եվ ամենագլխավոր հարցը՝ ո՞րտեղ է այստեղ հանրության շահը։ Չէ՞ որ պետության, պետական հիմնարկների առաքելությունն է ապահովել հանրության շահը՝ օգտագործելով օրենքները, լիազորությունները։  Այսինքն, ուզում եք բացատրել, որ խոշոր բիզնեսների փակումը, թեկուզ՝ ժամանակավոր, հետևաբար առնվազն պետությանը զրկելը խոշոր հարկային մուտքերից, կարող է համարվել հանրային շա՞հ։ Տղերք, ոնցոր հանցագործություն եք անեում պետության նկատմամբ։ Մի կողմից ասում եք՝ զինվորը հերոս չէ, հերոս է հարկատուն, մյուս կողմից՝ այսօր խոշոր հարկատուների հիմնարկներ եք փակում, կապարակնքում։ Չասեք՝ հարկեր են թաքցնում և այլն, վստահ եմ, որ հարկերի թաքցնումը կարելի է այլ կերպ ստուգել։ Եվ եթե հարկերի թաքցնում լիներ, շուտվանից բացահայտված էլ կլինեին, փոխհատուցումն էլ վճարած կլիներ։ Դուք այդ բիզնեսները կապարակնքելով՝ ավելի շատ վնաս եք տալիս ամեն օր պետբյուջեին, հանրությանը, քան այն գումարն է, որ ենթադրաբար և ըստ ձեզ՝ փորձելու եք բացահայտել։

Ի՞նչ են անում սրանք․ մի քանի տասնյակ խոշոր հիմնարկներ փակում են, պետությունը զրկում հարկային մուտքերից, հետո գնում-արտաքին պարտք են վերցնում, որ բյուջեն կատարեն։ Տրամաբանությունը չեմ հասկանում։ Հենց այսօր սրանք կառավարության անդամների աշխատավարձը էլի բարձրացրին, մի քանի միլիոնի հասցրին, ու վաղը պարտք են անելու՝ դա փակելու համար։ Այն գործարարը, ում բիզնեսը կապարակնքել եք, այո՛, նրան վնասում եք, բայց վնաս եք տալիս առաջին հերթին պետությանը, պետական բյուջեին։ Դուք սրանով նաև շատ մեծ վնաս եք տալիս այն անձանց, որոնք աշխատում են, հացի փող են վաստակում։ Այդ մարդիկ հարկադիր պարապուրդի մեջ են։ Էլ չեմ ասում վաղվա հայցերի մասին պետության նկատմամբ։ Երեկ մամուլն էր հրապարակել, թե քանի միլիոն դոլար է պետությունը ստիպված տալու ապօրինի որոշումների, դատական ակտերի փոխարեն։

Կարճ ասած՝ ժողովո՛ւրդ ջան, այո՛, Ալիևի ցանկությամբ Քոչարյանին կալանավորելով՝ նրան վնաս են հասցնում, բայց միայն նա չի տուժում․ տուժում են հարյուրավոր քաղաքացիներ, տուժում է պետական բյուջեն, տուժում է նվաստացող դատաիրավական համակարգը, որն ապօրինություն է անում և հաստատ պատասխան է տալու, տուժում է գործարար միջավայրը, որից համարյա բան չի մնալու, մշտապես լսում ենք Հայաստանը լքող բիզնեսմենների մասին։ Բոլորը տուժում են, որովհետև մեկն ուզում է Քոչարյան ընտանիքին վատություն անել։

 

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Կառավարությունում քննարկվել է TRIPP զարգացման ընկերության իրավապայմանագրային փաթեթն և առաջիկա անելիքները

Կառավարությունում քննարկվել է TRIPP զարգացման ընկերության իրավապայմանագրային փաթեթն և առաջիկա անելիքները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են TRIPP նախագծի իրագործման ընթացքին վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել TRIPP զարգացման ընկերության (TDC) իրավապայմանագրային փաթեթին և առաջիկա...

Հանրության մի ստվար մաս սկսել է աշխարհն ու սեփական պետությունը չափել բլոգների «պատուհաններից»․ Բադալյան

Հանրության մի ստվար մաս սկսել է աշխարհն ու սեփական պետությունը չափել բլոգների «պատուհաններից»․ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեսբուքյան գրառումը․   «Հայաստանի մի բնակավայրում ամիսներ շարունակ արձանագրվում են զանգվածային թունավորման դեպքեր, վերջերս էլ Ծավ գյուղում ջրի մեջ հայտնաբերվում է սնդիկի պարունակություն։ Հասարակությունը իր համար ապրում է,...

Դիվանագիտությունը, որտեղ զոհաբերվում են սկզբունքները, արագ վերածվում է հանցակցության. բաց նամակ՝ Գրոնոյին

Դիվանագիտությունը, որտեղ զոհաբերվում են սկզբունքները, արագ վերածվում է հանցակցության. բաց նամակ՝ Գրոնոյին

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD) բաց նամակ է հղել Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ (ԵՄՀՆ) Մագդալենա Գրոնոյին՝  խոր հիասթափություն հայտնելով վերջինիս մասնակցությանը Ադրբեջանի կառավարության կազմակերպած շրջայցին՝ դեպի օկուպացված Արցախ։...

Հրահանգել են ժամկետայիններին դիրքեր չբարձրացնել. «Հրապարակ»

Հրահանգել են ժամկետայիններին դիրքեր չբարձրացնել. «Հրապարակ»

Բանակում վերջին շրջանում մեկը մյուսին հաջորդած ողբերգական դեպքերից հետո հանրության շրջանում զայրույթը զսպելու համար պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սկսել է զորամասեր ու դիրքեր այցելել` սոցիալական ցանցերում հրապարակելով անակնկալ այցերի տեսանյութերը և փորձելով...