Ի դեպ, Փաշինյանի հետ հազվադեպ ենք համաձայնվում․ այսօր հենց այդ բացառիկ օրերից մեկն է։
Օրերս, երբ հասարակությունը դժգոհում էր, թե ինչու էր սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերությունը համերգ ցուցադրում, Նիկոլ Փաշինյանն ասաց․
«Մեր պատմությունը շատ ողբերգական օրեր ունի, և կարող է պարզվի, որ մեր բոլոր շաբաթ-կիրակիները և ընդհանրապես, եթե մենք մեր պատմությանը նայենք, 360 օրերը մեծ ողբերգություններով նշանավորված են»։
Այս մասով իսկապես համաձայն ենք։ Օրինակ՝ այսօր՝ հոկտեմբերի 6-ին, հայ ժողովրդի համար կրկնակի ողբերգական օր է։
2020 թվականի հոկտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը առաջնագծում իրավիճակը հարաբերական կայուն-լարված էր։ Իսկ առավոտյան սկսվեցին ռազմական ակտիվ գործողությունները․ Ադրբեջանը կրակում էր նաև խաղաղ բնակավայրերի և բնակչության ուղղությամբ։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այդ օրը, չնայած այս ամենին, գրեց․
«Ադրբեջանն արդեն պարտվել է այս պատերազմում։ Հաղթանակը մերն է, և թող դրանում ոչ ոք չկասկածի»։
Հաղթողի տրամադրություն էր տիրում նաև Երևանում։ Սակայն ուղիղ երկու տարի անց՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին, տրամադրությունները 180 աստիճանի տակ փոխվեցին։ Նիկոլ Փաշինյանը Պրահայում ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը։
Դրանից հետո եղավ այն, ինչ բոլորս գիտենք՝ Արցախի շրջափակում, սով, պատերազմ, բռնի տեղահանում և հայրենազրկում։
Ու այստեղ Փաշինյանի խոսքը իրապես դառնում է ուշագրավ։ Մեր պատմությունը իսկապես ողբերգական օրեր շատ ունի, հատկապես՝ իր իշխանության օրոք։ Բայց այստեղ կարևոր է հասկանալ, որ ողբերգական օրերը պարզապես չեն լինում։ Դրանց հետևում որոշումներ են, գործողություններ և, ամենակարևորը՝ պատասխանատուներ։ Իսկ թե ովքեր են վերջին 8 տարվա ողբերգությունների պատասխանատուններն ու հեղինակները, թողնում ենք ձեր դատողությանը։






