Ի դեպ, այսօր ԱԺ-ում Արարատ Միրզոյանը համոզում էր բոլորին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն հաստատված խաղաղություն կա, իսկ TRIPP-ի գործարկումը կարող է նպաստել այդ խաղաղության ամրապնդմանը, մինչդեռ Ալիևը Ադրբեջանից ասում է՝ մենք ջախջախել ենք մեր թշնամուն։
Թշնամին, ինչպես կարող եք հասկանալ, Հայաստանն է։ Ադրբեջանի համար Հայաստանը երբեք չի դադարել թշնամի լինել։ Եվ ի տարբերություն ՔՊ ներկայացուցիչների, որոնք պատրաստ են Տիգրանաշենը Քյարքի անվանել, միայն թե պատերազմ չլինի, սահմանն անցած ադրբեջանցիներին արտահանձնել, միայն թե պատերազմ չլինի, չխոսել արմատների մասին, միայն թե պատերազմ չլինի, չպաշտպանել օկուպացիայի տակ մնացած եկեղեցիներն ու այլ ազգային արժեքներ, միայն թե պատերազմ չլինի, Ադրբեջանը բացահայտ է խոսում իր նկրտումների ու պահանջների մասին՝ չվախենալով որևէ պատերազմից։
Այդ նույն համատեսքում էլ չեն դադարում այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի մասին խոսակցությունները, որի շրջանակում արդեն Լոռիում գտնվող Սանահին վանական համալիրն են ներկայացնում որպես Ադրբեջանական։
Ստացվում է՝ Հայաստանը պետք է շարունակ զիջի ու լռի՝ պատերազմից խուսափելու համար, իսկ Ադրբեջանը կարող է հայտարարել, որ ջախջախել է թշնամի Հայաստանին, և ամեն հայկականը իրեն վերագրել։ Ու այս ամենը մեզ ներկայացվում է որպես խաղաղության գործընթաց։ Միայն թե խաղաղությունը, որի համար մի կողմը պետք է հրաժարվի իր իրավունքներից ու ինքնությունից, իսկ մյուսը՝ ոչնչից, որքանո՞վ է իրական խաղաղություն։






