Այսօր՝ մայիսի 28-ը, Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման օրն է։ Հայկական տոնացույցում մեր ազգային տոներից միայն Մայիսի 28-ն է, որը դեռևս սրանք չեն պախարակել։ Շատ կարևոր է օրվա ճիշտ գնահատումը․ վերջին տարիներին բազմաթիվ ճակատամարտերում պարտված Հայաստանում հունիսի 7-ը վճռական ճակատամարտի օր է։
Այսօր՝ Հայաստանի Առաջին Հանրապետության օրը, ստացանք մեր երկրի ներքին գործերին կոպիտ միջամտության հերթական դեպքը։ ԱՄՆ նախագահ Թրամփը աջակցություն է հայտնել Փաշինյանին հունիսի 7-ի ընտրություններում: Երբ որևէ երկրի ղեկավար բացահայտ աջակցություն է հայտնում մեկ այլ ինքնիշխան պետության ընտրություններում առաջադրված կոնկրետ թեկնածուի կամ քաղաքական ուժի, դա կոշտ դիվանագիտական ու քաղաքական քայլ է, ազդեցություն է հասարակության ազատ կամարտահայտման վրա: Արտաքին խաղացողն ասում է, որ ՔՊ-ի արտաքին քաղաքական կուրսը, ծրագրերը լիովին համընկնում են ԱՄՆ-ի ազգային, տարածաշրջանային շահերի հետ: Դա ազդակ է ոչ միայն Հայաստանի ընտրողներին, այլև հարևան և այլ պետությունների: Իսկ այս տարածաշրջանում ո՞րն է ԱՄՆ շահը․ ընդդեմ Իրևանի է և ընդդեմ ՌԴ-ի։ Այս իշխանությունը դրան համահունչ է աշխատում։
Փաշինյանի իշխանությանն անթույլատրելի աջակցություն են հայտնել նաև ԵՄ-ն, Թուրքիան, Ադրբեջանը․ այսինքն՝ այս մարդը այդ բոլորի շահերի սպասարկողն է Հայաստանում։ Կարող է թյուր տպավորություն ստեղծվել, թե՝ եթե նիկոլը ընտրվի, Հայաստանը կունենա հզոր արտաքին դաշնակիցներ, տնտեսական աջակցություն, անվտանգային հավելյալ երաշխիքներ: Սուտ է, որովհետև նրանց շահերում դա չկա։ Իհարկե՝ ԱՄՆ-ի ՝ Նիկոլին աջակցությամբ առանձնապես մտահոգվել չի կարելի․ ԱՄՆ-ն, համոզված եմ, մեզ վրա չի կարող ունենալ այդ ազդեցությունը, Թրամփն էլ՝ հեղինակություն-վարկանիշը, որ այսպես ասած՝ եղանակ փոխի։
Իհարկե՝ այս ընտրություններում Նիկոլի հաղթանակի համար դաշտ է նետվել ողջ արսենալը․ ներսում՝ ոստիկանությունը, դատախազությունը, վարչական հսկայական ռեսուրս է գործադրվել, պետհիմնարկներն են օգտագործում անխնա, ահաբեկում են մարդկանց։ Համացանցում միլիարդներ են ծախսվում ընդդիմադիրների հակագովազդի համար։ Տեսնում են՝ սա չի օգնում Փաշինյանին հաղթել․ գումարվում է դրսից արդեն թվարկածս երկրների աջակցությունը։ Դա չի օգնում։ Բաժանում են պետական ընտրակաշառքներ՝ թոշակների ավելացնում, վարորդական վկայականների վերականգնում, ձրի մաքսազերծում, 65+ անձանց անվճար վիրահատություններ և այլն։ Էլի կարծես չի աշխատում։ Սպառնում է, թե՝ ինձ չընտրեք՝ պատերազմ կլինի։ Դա էլ չի աշխատում։ Հարցումները հօգուտ Փաշինյանի չեն։
Ու հիմա էլ դաշտ են նետել բոլոր զենքերը՝ պառադ են անում։ 8 մլրդ դոլար ավելացրել են պետական պարտքին, ասում են՝ զենք ենք առել։ Ամեն ավտոմատի հետ մի հատ էլ վիլիս են առել, որ էդ ավտոմատը տեղափոխի, շատ երևա․ շարքով անցնում են, հասկանում ես, որ այդ 8 մլրդը մսխված փող է։ Բացի այդ՝ այդպես էլ անհասկանալի մնաց սրանց օրոք պարադի իմաստը։ Սովորաբար ի՞նչ նպատակ ունեն ռազմական շքերթները․ դա քաղաքական, հոգեբանական, և ռազմավարական գործիք է: Ռազմական շքերթի գլխավոր նպատակը ուժի ցուցադրումն է պոտենցյալ հակառակորդներին, միջազգային հանրությանը, արտաքին զսպումը: Դա հստակ ուղերձ է առ այն, որ երկիրն ունի բավարար ռազմական պոտենցիալ՝ իր շահերն ու սահմանները պաշտպանելու համար: Մենք դիտում ենք սրանց ուժի ցուցադրությունը և հարցերն են առաջանում՝ բա ինչո՞ւ է մինչև հիմա 200 քառակուսի կիլոմետր օկուպացված։ Բա որ էսքան զենք ունես, ինչի՞ են քո քաղաքացիները Բաքվի բանտերում։ Բա որ էդքան զենք ունես, ինչի՞ ես ասում Ադրբեջանը ինչ պահանջում է՝ անենք, որ պատերազմ չլինի։ Բա որ էդքան զենք ունեիր, ինչո՞ւ քո բերած երեք պատերազմում էլ պարտվեցիր։ Պարտված ղեկավարի ռազմական շքերթը չեմ հասկանում, չեմ ընկալում։ Հանձնող ղեկավարի շքերթը չեմ հասկանում։ Դա լավ ազդակ չէ։
Ռազմական շքերթները ներքին լսարանի համար ծառայում են որպես հայրենասիրության, միասնականության, ազգային հպարտության գործիք: Նիկոլի պարագայում դա ընդամենը ծառայեց որպես նախընտրական գործիք։
Ռազմական շքերթի նպատակներից է նոր սպառազինության, տեխնոլոգիաների ներկայացումը։ Կուզենայի իմանալ՝ դրանք ձեռք ես բերել, որ ի՞նչ անես։ Ասում ես՝ սարի գլխին որ ձյուն կա, մեր ինչին է պետք, մեզանից օկուպացված տարածքները զենքով հետ չենք բերելու։ Բա ինչի՞ համար են, կարող է՞ վերջնանպատակը էլի առանց կրակելու Ադրբեջանին հանձնելը։ 44-օրյա պատերազմի ավարտից հետո Բաքվում ցուցադրած՝ Հայասատանից խլած ռազմավարը ավելի շատ էր, քան սրանց էսօր ցույց տվածը։ Այս պառադը ինձ հիշեցրեց 2020 թվականի օգոստոսը, որ մեկ դիրք առաջ տալուց հետո Սարդարապատում տոնախմբություն արեց ու ցփնեց մեդալներ, երկու ամիս հետո զենքերը, առանց կրակելու, հայտնվեցին Բաքվում։ Զորահանդեսը անվտանգություն չէ։ Այդ սպառազինությունը ցուցադրողը մեր զենքերն օգտագործել է մեր տարածքները հանձնելու համար։ Եվ ուրեմն ի՞նչն է խանգարում, որ դարձյալ հանձնի։
Ժողովուրդը նայում է շարքով անցնող սիրուն զենքերը, երևի ոչ էլ գիտի՝ ո՛ր զենքը ինչի համար է ու իրեն պետք էլ չէ, որ իմանա․ կարևորը պաշտպանվածության զգացումն է։ Բայց քո պարագայում չկա էդ զգացումը, ինչ էլ ցուցադրես։ Դու հանձնում ես բոլոր դեպքերում։ Վաղը այդ զենքը չի տանելու, չէ՞, Տիգրանաշենի պաշտպանության համար։ Ասել է՝ հանձնելու է։ Վերջ, խոսակցությունն ավարտվեց։ Այն զենքը ավելի շուտ դուք ընդդիմության վրա կկրակեք, քան թշնամու։ Երեկ ձեր նախարարը ընդդիմությանն էր համարում թշնամի։
Ասում է՝ մենք բանակի վրա ավելի ենք ծախսել, քան նախկինները։ Բա տասնյակ զորամասեր, զորանոցներ եք հանձնել, հարյուրավոր դիրքեր, հազարավոր խրամատներ, զենք ու զրահ․ բա իհարկե՝ պետք է ծախսեիք։ Ձեր ծախսածը բանակը զարգացնելու համար չէ, այլ կորցրածի մի չնչին մասը վերականգնելու։
Նիկոլի պառադից մեզ մնաց միայն երթևեկության կաթվածահար լինելը, միլիոնավոր դրամների վառելիքի անիմաստ կորուստը, պետական բյուջեի միջոցների անիմաստ փոշիացումը։ Բանակը ընդամենը օգտագործվեց որպես նախընտրական ատրիբուտ։ Ինչպես որ պետական ռեսուրսներն է տանում հավաքի՝ ուսուցիչ, դաստիարակ, գյուղապետարանի աշխատող, այսօր էլ տարավ զինվորներին։
Կարճ ասած՝ չգիտեմ, թե էլ ինչեր են մոգոնելու իրենց քարոզարշավի համար, բայց ակնհայտ է, որ այս պառադը ևս չի օգնելու Փաշինյանին, ինչպես որ չօգնեցին ԵՄ, Թուրքիայի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի աջակցությունը, կաշառքի տպավորություն թողող զանազան պետական աջակցությունները։ Մարդիկ պարզապես հօգնել են երկու ժամկետ փնթի ու վատագույն ձևով կառավարած Նիկոլից ու չեն ցանկանում նրան տեսնել երրորդ ժամկետում։
Սևակ Հակոբյան




