Հայկական ծիրանը՝ Մարտա Կոսին, եվրոպական կտերը՝ մեզ․ «Կարճ ասած»

10 Հուլիսի, 2026

 

Երևանի «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ ծաղկի մեծածախ վաճառքի շուկա կա։ Առաջ շուկայի օրերին ամբողջ փողոցը խցանված էր, որովհետև նաև ոչ ծաղկավաճառներ էին գնում՝ համեմատաբար էժան բուկետներ գնելու համար։ Հիմա, քանի որ ծաղիկներն ամենուր են էժան, մեկ-երկու բուկետի համար արդեն չեն գրոհում շուկան։ Զրուցում եմ ծաղկավաճառների հետ, հուզված են, նյարդային․ ջերմոցում աճեցրել են ծաղիկներ, և վաճառքով անգամ ծախսերը չեն փակում, ուր մնաց եկամուտ ունենան։ Չհանդիպեցի մեկին, որ պլյուսով դուրս եկած լինի։ Ասում են՝ եվրոպական շուկան բացվել է ծաղկի առաջ, բայց իմ հանդիպածներից ոչ ոք ծաղիկ չի արտահանել։ Իրենք խնդրում են գտնել ԵՄ ծաղիկ արտահանածի և տվյալները փոխանցել, որ ձևը իմանան։ Ու չգիտեն՝ ինչ է լինելու վերջը․ ասում են՝ բիզնեսը փակելու են, բայց վարկերը չգիտեն ոնց փակեն։ Եզրակացնում են՝ սա թշնամական երկրների թելադրանք է մեր երկիրը ղեկավարողներին և ուղղված է հենց ժողովրդի դեմ։ Նիկոլը գիտեր, չէ՞, որ ռուսական շուկայի փակվելը ոչ թե Ռուսաստանին է վնասելու, այլ մեր արտադրող-արտահանողին, ու իմանալով՝ թշնամացավ։ Գիտեր ինչ է լինելու ու թշնամացավ․ ուրեմն մեր դեմ էր, ոչ թե Ռուսաստանի։

Պատժամիջոցների պատճառով մեր գյուղմթերքի արտահանումը նվազել է 75 տոկոսով․ ՌԴ-ն չի տուժել, այլ շուկաներից լրացրել է, տուժել ենք մենք․ ուրեմն ուղղված էր մեր երկրի ու ժողովրդի դեմ։ Ամռան ամիսների հիմնական արտահանվողը ծիրանն է։ Նախորդ տարվա հունիսին արտահանվել է մոտ 23 հազար տոննա ծիրան, այս տարվա հունիսին՝ 3 հազար տոննա։ 87 տոկոս անկում է գրանցվել մենակ ծիրանի ոլորտում։ Ծիրանն այս տարի քիչ էր, իհարկե՝ ոչ էնքան, որ 87 տոկոս անկում ունենա։ Նախորդ հունիսին արտահանվել է 1500 տոննա լոլիկ, այս հունիսին՝ ընդամենը 440 տոննա։ Լոլիկը ջրի գին ունի հիմա։ Ջերմոցի լոլիկի արտադրման համար մարդիկ փող են ծախսել, բայց վաճառում են ինքնարժեքից էժան։ Նախորդ տարվա հունիսին արտահանվել է 39 տոննա դեղձ, այս տարվա հունիսին գիտե՞ք քանի տոննա։ Զրո․ զրո տոննա։ Նախորդ տարվա հունիսին արտահանվել է 19 տոննա բալ։ Այս տարվա հունիսին գիտե՞ք որքան է արտահանվել՝ ընդամկենը 150 կիլոգրամ։ 

Ու ասում է՝ մեր տնտեսվարողները պետք է հարմարվեն. սա ՀՀ ինքնիշխանության ամրապնդման ճանապարհն է։ Ի՞նչ կապ ունի սա ինքնիշխանության հետ, ինչի՞ն հարմարվեն։ Որ այս տարի դու միայն մեկ ամսում 21 հազար տոննա պակաս ծիրան ես արտահանել, ավելի ինքնիշխա՞ն ես։ Այսինքն հերիք չէ՞ ձեր տապալումները կապեք ինքնիշխանության հետ։ Ինչի՞ պետք է արտադրողն ու արտահանողը համակերպվի քո տապալումների հետ։

Էկոնոմիկայի նախարարը խոստանում էր հնգապատկել արտահանումը Եվրամիություն։ Նայում ես թվերը, լացդ գալիս է։ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը ֆեյսբուքյում գրում է․ «Ռուսաստանը փորձել էր ազդել ընտրությունների վրա՝ սահմանափակելով հայկական մրգերի և ծաղիկների ներմուծումը։ Ի պատասխան՝ Եվրամիությունը աջակցեց Հայաստանին՝ բացելով իր շուկան այդ ապրանքներից շատերի համար»։ Դրա համար էլ, ասում է, Հայաստանից մի զամբյուղ ծիրան բերեցի, մեծ մասը նվիրեցի ընկերներիս, մի մասով էլ ջեմ պատրաստեցի։ Դա գրել է հուլիսի 6-ին։ Երբ բացում ես վիճակագրությունը, տեսնելու, թե այդ՝ հայկական ապրանքների առաջ ոնց են բացել շուկան, տեսնում ես, որ տիկին Մարթան հայկական ծիրանից ջեմ է սարքել, բայց հայ ժողովրդին տալիս է եվրոպական կտեր։ Չկա ապրանք, որի առաջ բացել են եվրոպական շուկան։ Հայաստանից ԵՄ անդամ երկիր առևտրային նպատակով, եթե Մարթա Կոսի մեկ զաբմյուղը դուրս հանենք, չի գնացել ոչ մի գրամ ծիրան։ Այ 2025 թվականի հունիսին, երբ «ԵՄ-ն չէր բացել իր շուկան», ԵՄ անդամ երեք երկիր հայկական ծիրան է գնացել՝ փոքր քանակությամբ՝ Գերմանիա, Չեխիա և Բելգիա։ Այս հունիսին չի գնացել ընդհանրապես։ Եվ ոչ միայն ծիրան, ընդհանրապես համարյա ոչինչ չի գնացել՝ միայն 45 կգ ելակ՝ Լատվիա, ու Լեհաստան էլ փոքր քանակի կեռաս և պղպեղ։ Սա՛ է «մեր առաջ բացված» եվրոպական շուկան։ ԵՄ անդամ 11 երկիր գնացել է միայն հայկական ծաղիկ, սահմանափակ։ Ո՞ւմ եք խաբում։ Հայաստանից թարմ ծիրանի արտահանման սեզոնը ամառվա երեք ամիսներն են։ Հիմա եթե հունիսին ընդհանրապես չեք տարել, ձեր եփած ջեմով ո՞ւմ եք հիմարացնում։ Լրիվ նմանվում է «բորշ ու կարկանդակ՝ հանուն Ուկրաինայի» կարգախոսին։ Իսկ թե ինչ եղավ հետո Ուկրաինայի հետ, պատմելու կարիք չկա։ Եվրամիության բարձր պաշտոնյան ասում է՝ ԵՄ-ն իր առաջ բացեց շատ հայկական ապրանքների առաջ դռները, որ մի ապրանքդ նայում ես՝ ԵՄ չի մտել․ ամենաշատ արտահանվող գյուղմթերքից բալ չի մտել, ելակ չի մտել, կեռաս չի մտել, թութ չի մտել, լոլիկ, կաղամբ, կանաչիներ, ոչ մի բան։ Վիճակագրության մեջ միակ հայտնությունը Ուզբեկստանն է․ 2025-ին ոչ մի գրամ բան չի արտահանվել, 2026-ին գնացել է արտահանված 3 հազար տոննա ծիրանի կեսը, էլ կեռաս, էլ պղպեղ, Լոլիկ, ծաղիկ։ Հարցն այն է՝ Ուզբեկստանը եղել է արտահանման վերջնակե՞տը, թե՞ այստեղ ձևակերպվել է որպես այլ երկրի անունով ու հասել Ռուսաստան։ Ամեն դեպքում փաստ է, որ ուզում էին բազմապատկել ԵՄ, բայց Ուզբեկստան տարան։ Էն որ ասում եք գնալու ենք ԵՄ, Ուզբեկստան եք գնո՞ւմ իրականում։ Ուղղակի մեկը արևմուտքում է, մեկը արևելքում է։

Մի հատ պարզ ճշմարտություն սարքել են դրոշակ՝ պետք է շատ երկրներ արտահանենք, որպեսզի մեկ շուկայից կախվածություն չլինի։ Գյուտ արիք։ Բա արտահանեք։ Արտահանման շուկաների դիվերսիֆիկացիան այն ռազմավարությունն է, երբ մեծացնում ես այն շուկաների և պետությունների ցանկը, ուր վաճառում ես քո ապրանքներն ու ծառայությունները։ Մեկ շուկայի վրա հույս դնելը, այո, վատ է, եթե հիմնական գնորդ երկրում առաջանում է տնտեսական ճգնաժամ, արժեզրկվում է ազգային արժույթը, կամ կիրառվում են նոր մաքսատուրքեր, ամբողջ արտահանման համակարգը կաթվածահարվում է։ Բացի այդ, տարբեր շուկաներ մուտք գործելը ստիպում է արտադրողներին բարձրացնել ապրանքի որակը՝ համապատասխանելով տարբեր երկրների միջազգային ստանդարտներին։ Հիմա սրանք 45 կիլո ելակ մի երկիր են արտահանում, 1 տոննա բիբար մի երկիր, 120 հատ վարդ մի երկիր, ասում են՝ դիվերսիֆիկացնում ենք։ Բայց արդյունքում 75 տոկոս անկում է։ Երբ տարբեր երկրների մեջ ես բաշխում արտադրանքիդ 25 տոկոսը, մնացածը փչացնում-թափում ես՝ դա դիվերսիֆիկացիա չէ։

Մարդիկ ասում են՝ վարկեր ունենք, ի՞նչ անենք, ոնց փակենք։ Իրենց ունեցած հողը՝ բերքը մեջը, վաճառում են, որ փակեն վարկերը։ Էն հողը, որ իրենց պետք է բարեկեցիկ դարձներ, հիմա վաճառում են, որ փակեն Նիկոլի բերած աղետների տոկոսները։ Ջերմոցատերն ասում է՝ կարո՞ղ եմ Նիկոլի ելույթները, Մարթա Կոսի ջեմի մասին գրառումները, էն որ 50 մլն եվրո պետք է փոխհատուցեն, էդ լուրը վերցնեմ գնամ բանկ, ասեմ՝ արժեքավոր բաներ են, սրանցով վարկս փակեք, նրանք մեզ են կերակրում, մենք բանկերին կերակրենք։ Մարդիկ ասում են՝ համոզում են մարզպետարանից, համայնքապետարանից, թե՝ ձեն մի հանեք, մի բողոքեք, լրատվականների մոտ մի խոսեք, փոխհատուցում կտան։ Էդպես համոզում-նստեցնում են տեղները։ Համոզելուց լավ են։ Որ համոզելով ժամանակին կարողացան անհետ կորածների, գերիների հարազատներին լռեցնել, հիշում ենք, պոմիդոր աճեցնողին կկարողանան։

Գյուղացին, արտադրողն ու արտահանողը աղետի մեջ է ոչ թե եղանակի, որակի կամ մրցակցության պատճառով, այլ զուտ մեկի քաղաքական արկածախնդրության պատճառով։ Գյումրեցին ասում է՝ բնական աղետ կարկուտը բերքս հողին հավասարեցրեց, լոլիկի ձեռքը կրակն ընկած մասիսցին ասում է՝ դու արհեստական աղետ Նիկոլից խոսիր։

Կարճ ասած՝ իրականությունը ոչ թե եվրոպական հեռանկարներն են, այլ աղբանոցում հայտնված մթերքը, պարտք ու վարկի տակ խեղդվող, սննկացած արտադրողը։ Չես հասկանում՝ լավ, իմաստը ո՞րն էր էսպես անելու, անմաքս, անխոչընդոտ հայկական ապրանքը գնում-հասնում էր տասնամյակների կլիենտներին, ինչի՞ սենց արիք։ Նոր շուկաներ էիք ուզո՞ւմ, լավ էիք անում, ստեղծեիք, քանդելու իմաստը ո՞րն էր։ Պատվե՞ր էր։

 

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է Իրանի նկատմամբ նոր պատժшմիջոցների սահմանման մասին

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է Իրանի նկատմամբ նոր պատժшմիջոցների սահմանման մասին

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանման մասին։ Սահմանափակումներ են կիրառվել երեք իրանական ընկերությունների նկատմամբ, որոնք զբաղվում են արժույթի փոխանակմամբ, ինչպես նաև Իրանի ևս երկու ֆինանսական կազմակերպությունների դեմ։...

Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով

Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան այլևս չի վստահի Արևմտյան երկրների՝ Ուկրաինայի հարցով բանակցություններ վարելու ցանկությանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ մեջբերելով...

Բաքվում հայ գերիների «դատավարության» նոր նիստ է անցկացվել

Բաքվում հայ գերիների «դատավարության» նոր նիստ է անցկացվել

Բաքվում հայ գերիների «դատավարության» նոր նիստ է անցկացվել, որի ընթացքում Արցախի նախկին ղեկավարները կրկին հայտարարել են իրենց անմեղության մասին։ ԼՂ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը շարունակել է նախորդ նիստում սկսված իր ելույթը: Ելույթ են ունեցել նաև Վասիլի Բեգլարյանի և...

Եղեգնաձորում բախվել են «Ford Focus»-ն ու «ՎԱԶ 2121»-ը․ կան վիրավորներ

Եղեգնաձորում բախվել են «Ford Focus»-ն ու «ՎԱԶ 2121»-ը․ կան վիրավորներ

Այսօր՝ հուլիսի 10–ին ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 17։00–ի սահմաններում Երևան–Երասխ–Մեղրի ավտոճանապարհի Մ–2 119 կմ հատվածում բախվել են «Ford Focus» և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 3 հոգի մարմնական...

Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին ու դուրս եկել եզրափակիչ

Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին ու դուրս եկել եզրափակիչ

Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ընթացող մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ են մտել ազատ ոճայինները։ Այսօր գորգ դուրս եկած ըմբիշներից եզրափակիչ է դուրս եկել 65 կգ քաշային Արեն Հայրապետյանը: Վերջինս կիսաեզրափակչում 6-5 հաշվով...