Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) դիտորդական պատվիրակության ղեկավար Դամիեն Կոտյեն հայտարարել է, որ Հայաստանում ընտրական գործընթացն ուղեկցվել է լուրջ խնդիրներով, որոնք կապված են եղել ինչպես արտաքին ճնշումների, այնպես էլ ընտրական համակարգի ներքին թերությունների հետ:
Ըստ նրա՝ «Մեր դիտարկումը ցույց տվեց թույլ կողմերն ու թերությունները», — հայտարարել է Կոտիեն:
Որպես հիմնական խնդիրներից մեկը նա նշել է նախընտրական արշավի բնույթը, որը, նրա գնահատմամբ, եղել է ծայրահեղ ծանր և բևեռացված:
ԵԽԽՎ պատվիրակության ղեկավարի խոսքով՝ առանձնահատուկ մտահոգություն են առաջացրել ընտրակաշառքի վերաբերյալ ահազանգերը: Այդ հաղորդումները հիմք են դարձել բազմաթիվ քննությունների և քրեական հետապնդումների համար, այդ թվում՝ ընդդիմության թեկնածուների և ակտիվիստների նկատմամբ:
Այսպիսով, դիտորդների ուշադրության կենտրոնում են եղել ոչ միայն հնարավոր խախտումները, այլև քաղաքական գործընթացի մասնակիցների նկատմամբ իրավապահ մեխանիզմների կիրառման հետևանքները:
Կոտիեն անդրադարձել է նաև հանրային ոլորտի աշխատողների նկատմամբ ճնշումներին, ինչպես նաև սոցիալական և տնտեսական այն միջոցառումներին, որոնք կառավարությունն իրականացրել է անմիջապես ընտրություններից առաջ:
Նրա խոսքով՝ այս հանգամանքների համախումբը լուրջ հարցեր է առաջացրել նախընտրական արշավի մասնակիցների հավասար հնարավորությունների ապահովման տեսանկյունից:
ԵԽԽՎ դիտորդական պատվիրակության ղեկավարն առանձնահատուկ անդրադարձել է վարչական ռեսուրսի կիրառմանը և թեկնածուների ֆինանսավորմանը:
Կոտիեի ներկայացրած զեկույցում ընդգծվում է ընտրարշավների ֆինանսավորման նկատմամբ վերահսկողության առավել արդյունավետ մեխանիզմներ ներդնելու անհրաժեշտությունը:
Կոտիեի խոսքով՝ ներկայացված զեկույցը պարունակում է հստակ հանձնարարականներ՝ ի հայտ եկած խնդիրները վերացնելու վերաբերյալ:
Կոտիեն ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունները ստացել են հստակ մանդատ և պետք է այն իրականացնեն՝ հաշվի առնելով արձանագրված թերությունները:
Միևնույն ժամանակ, նրա խոսքով, ԵԽԽՎ-ն և Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովը պատրաստ են շարունակել աջակցությունը Հայաստանին՝ եվրոպական չափանիշներին համապատասխան պետական ինստիտուտների ամրապնդման գործում:






