Հասմիկ Հակոբյանի «ուղիղ Ադրբեջանից» ցորենի ներկրման պնդումը սխալ է. «Ժողովուրդ»

8 Մայիսի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը «Հետք»-ի հետ զրույցում հայտարարել էր, թե ցորենը Հայաստան է ներկրվում «ուղիղ Ադրբեջանից»։ Ավելին՝ լրագրողի ճշտող հարցից հետո, երբ նշվել էր, որ խոսքը Վրաստանի տարածքով տարանցման մասին է, պատգամավորը կրկին պնդել էր՝ «ոչ, ուղիղ Ադրբեջանից ենք ցորեն ներկրում, ապաշրջափակումը հենց դա է»։

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ Պետական եկամուտների կոմիտեի տրամադրած պաշտոնական տվյալները միանգամայն այլ պատկեր են ցույց տալիս։

ՊԵԿ-ը հայտնել է, որ 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի մայիսի 4-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծված ԱՏԳ ԱԱ 1001 ծածկագրով ցորենի վերաբերյալ տվյալները կազմվել են ապրանքների հայտարարագրերի, ինչպես նաև տնտեսվարող սուբյեկտների կողմից ներկայացված վիճակագրական ձևերի հիման վրա։

Այդ տվյալներով՝ նշված ժամանակահատվածում ցորենի ներմուծման աղյուսակում Ադրբեջանը չի նշվում ո՛չ որպես արտահանող երկիր, ո՛չ որպես ծագման երկիր։

ՊԵԿ-ի տրամադրած տեղեկանքի համաձայն՝

2024 թվականին Հայաստան է ներմուծվել 314 538,4 տոննա ցորեն։ Աղյուսակում որպես արտահանող և ծագման երկիր նշված է Ռուսաստանը։

2025 թվականին Հայաստան է ներմուծվել 332 294,8 տոննա ցորեն։ Տվյալներում նշված են, մասնավորապես, Ղազախստանը, Ալժիրը և այլ երկրներ՝ որպես արտահանող կամ ծագման երկրներ։

2026 թվականի հունվարի 1-ից մայիսի 4-ն ընկած ժամանակահատվածում Հայաստան է ներմուծվել 77 226,4 տոննա ցորեն։ Աղյուսակում կրկին Ադրբեջանը նշված չէ։

Այսինքն՝ պաշտոնական մաքսային և վիճակագրական տվյալներով չի հաստատվում իշխանական պատգամավոր, ՔՊ վարչության անդամ Հասմիկ Հակոբյանի այն պնդումը, թե ցորենը Հայաստան է ներկրվում «ուղիղ Ադրբեջանից»։

Հատկանշական է, որ ավելի ուշ Հասմիկ Հակոբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում փորձել է մեղմել իր ձևակերպումը՝ ասելով․

«Մինչ օրս հնարավորություն ունեցել եմ հերքելու և ևս մեկ անգամ հերքում եմ. հաղորդման ընթացքում ձևակերպումս կարող էր առաջացնել շփոթ»։

Այնուհետև պատգամավորը հավելել է․

«Ինչպես գիտեք՝ Ադրբեջանը վերացրեց դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները, ինչից հետո Ադրբեջանի և Վրաստանի միջով Հայաստան են հասնում բեռներ»։

Սակայն սա արդեն սկզբնական հայտարարությունից էապես տարբեր ձևակերպում է։ «Ցորենը Հայաստան է ներկրվում ուղիղ Ադրբեջանից» ասելը նույնը չէ, ինչ ասել՝ որոշ բեռներ կարող են Հայաստան հասնել Ադրբեջանի և Վրաստանի միջով տարանցմամբ։

Առաջին դեպքում խոսքը կարող է ընկալվել որպես Ադրբեջանից կամ Ադրբեջանի ուղղակի մասնակցությամբ ցորենի ներմուծում։ Երկրորդ դեպքում խոսքը ընդամենը տարանցիկ ճանապարհի մասին է, այն էլ՝ ոչ կոնկրետ ցորենի մասով հաստատված փաստով։

ՊԵԿ-ի պատասխանը, ըստ էության, արձանագրում է՝ 2024-2026 թվականների ընթացքում Հայաստան ներմուծված ցորենի վերաբերյալ պաշտոնական տվյալներում Ադրբեջանը չկա։ Հետևաբար, իշխանական պատգամավորի հրապարակային պնդումը, թե ցորենը Հայաստան է գալիս «ուղիղ Ադրբեջանից», առնվազն փաստական հիմքով հիմնավորված չէ։

Այս պատմության խնդիրը միայն մեկ անհաջող ձևակերպումը չէ։ Խոսքը պարենային անվտանգության, ռազմաքաղաքական զգայունության և հանրային վստահության մասին է։ Երբ իշխանական պատգամավորը նման պնդում է անում, այն էլ՝ առանց պաշտոնական տվյալների, դա կարող է հանրության շրջանում առաջացնել սխալ պատկերացում, թե Հայաստանի ցորենի մատակարարման շղթայում Ադրբեջանն արդեն ունի ուղիղ դերակատարում։

ՊԵԿ-ի փաստաթղթային պատասխանը ցույց է տալիս հակառակը։

Այսպիսով՝ Հասմիկ Հակոբյանի հայտարարությունը և դրա հետագա պարզաբանումը ավելի շատ հիշեցնում են սկզբնական պնդումից հետքայլ, քան դրա փաստական հիմնավորում։

Այս պատմության մեջ ամենատարակուսելին այն է, որ ընդդիմադիր գործիչների անգամ փռշտոցները հերքող իշխանական պատգամավորները, ՊԵԿ-ն ու Էկոնոմիկայի նախարարությունը չհամարձակվեցին հերքել Հասմիկ Հակոբյանին և ասել, որ նա ստել է։ Իսկ պատգամավորն էլ, ինչպես ընդունված է ՔՊ-ում, հարկ չհամարեց ներողություն խնդրել իր տարածած սուտ տեղեկության համար»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր

Hotelstars Union-ի չափանիշները՝ Հայաստանում․ հյուրանոցների աստղայնության նոր համակարգ

Hotelstars Union-ի չափանիշները՝ Հայաստանում․ հյուրանոցների աստղայնության նոր համակարգ

Շուրջ չորս տարի տևած բանակցությունները, օրենսդրական փոփոխությունները և հյուրանոցային ոլորտի միահամուռ ջանքերը վերջապես տվեցին սպասված արդյունքը: «Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիա» ՀԿ-ն ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի կողմից ընտրվեց որպես հյուրանոցային տնտեսության...

ԵԱՏՄ խորհրդի նիստում Փաշինյանը փաստաթղթեր է ստորագրել

ԵԱՏՄ խորհրդի նիստում Փաշինյանը փաստաթղթեր է ստորագրել

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների կառավարությունների ղեկավարները, որոնց թվում էր նաև Հայաստանի վարչապետը, Չոլպոն Աթայում, Եվրասիական միջկառավարական խորհրդի 47-րդ նիստի արդյունքներով, ստորագրել են փաստաթղթերի փաթեթ։ Փաստաթղթերի թվում են միանգամից երեք...

Դուք ստեղծել եք ավտորիտար համակարգ, որը ծառայում է ձեր իշխանության երկարաձգմանը․ Լիլիթ Գալստյան 

  Գումարումը սկսեցինք մի ուղերձով, որի առանցքում դահլիճի բարեվարքությունն էր. Առաջին հայացքից՝ համոզիչ, անգամ սպասված մոտեցում, բայց միայն առաջին հայացքից։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 7-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության...

Թրամփը խստացնում է ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիություն ստանալու կանոնները

Թրամփը խստացնում է ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիություն ստանալու կանոնները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է երկու հրամանագիր, որոնք միտված են սահմանափակելու ծննդյան իրավունքով քաղաքացիություն ստանալու իրավունքը և ուժեղացնելու «ծննդաբերական զբոսաշրջության» դեմ պայքարի դաշնային միջոցառումները։ Այդ մասին հայտնել է Սպիտակ տունը։ Առաջին...

Իրանը չի տրվի ճնշման․ Մոհամադ Բաղեր

Իրանը չի տրվի ճնշման․ Մոհամադ Բաղեր

Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ երկիրը չի տրվի ճնշման։ «Սպասվում է զանգվածային հարձակում… Սպասեք, կարևոր չէ, նրանք ցանկանում են բանակցել»։ Սա մաշված թատերական դիվանագիտություն է։ Վախեցնելու, խախտված խոստումների և կեղծ լուրերի...