«Իմ գնահատմամբ՝ Հայաստանի Հանրապետության և ԵԱՏՄ գործընկերների հարաբերությունները գնալով ավելի վատ վիճակում են հայտնվում, ինչը կանխատեսելի էր։ Պարբերաբար, երբ ասում էինք՝ գտեք ճանապարհ, այսօր դուք եք պատասխանատուն, դուք եք պատասխանատու, որ մեր գյուղացիները կարողանան իրենց մթերքն արտահանել, կամ հետագայում ավելի ծանր տնտեսական հետևանքներ չլինեն, ասում էինք՝ ինչ-որ քայլ անելուց առաջ մտածեք, թե դրա հետևանքներն ինչպիսին կլինեն, ինչ կշահեք և ինչ կտուժեք։
Եթե իրենք որոշել են դիմել դատարան, դա ավելի վատ իրավիճակի է հանգեցնելու։ Ինչո՞ւ է ավելի վատ իրավիճակի հանգեցնելու, որովհետև ակնհայտ է դառնում, որ հարաբերությունները ոչ թե գնում են հանգուցալուծման, այլ փակուղի են մտնում։ Այսինքն՝ այն արդյունքը, որին իրենք հասնում են, որևէ լավ բան չի խոստանում։ Մի քանի ժամանակ առաջ ասում էի, որ Գևորգ Պապոյանը կտրվել է գետնից, և այսօր այդ քայլերը դա փաստում են։ Եթե ինքը, ճիշտն ասած, չեմ լսել նրա խոսքը, չեմ տեսել, բայց հիմնվում եմ ձեր ասածի վրա, հայտարարել է, որ դիմելու են դատարան, ապա այդ տարբերակով գնալը ոչ մի լավ տեղ չի տանում։ Դա ցույց է տալիս, որ մենք նոր տնտեսական վատ իրավիճակի մեջ ենք հայտնվելու»,- այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։





