Դատապարտելի է իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը. ԳՀԽ

18 Սեպտեմբերի, 2026

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ սեպտեմբերի 15–17-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը։ Նիստերը վարեց Վանական խորհրդի ատենապետ Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։

Ժողովին մասնակցում էին նաև Կ. Պոլսի Հայոց Պատրիարքության ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և Երուսաղեմի Հայոց Պատրիարքության ելևմտից տեսուչ Գերաշնորհ Տ. Թեոդորոս եպիսկոպոս Զաքարյանը։

Եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրների, Եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ ընթացող քրեական վարույթների և իրավական գործընթացների մասին զեկույցներով հանդես եկան ի.գ.դ. տիար Գևորգ Դանիելյանը և ի․գ․թ․ տիար Արա Զոհրաբյանը։

Անդրադարձ կատարվեց Ազգային ժողովում քննարկված օրենսդրական նախաձեռնություններին և Կառավարության ծրագրում ներառված՝ Հայ Եկեղեցուն վերաբերող դրույթներին։ Ներկայացվեցին խտրական վարչարարության, Եկեղեցու առաքելության խոչընդոտման և եկեղեցականների նկատմամբ բռնաճնշումների դրսևորումները, ինչպես նաև Եկեղեցու իրավունքների պաշտպանության ներպետական ու միջազգային իրավական հնարավորություններն ու նախատեսվող քայլերը։

Գերագույն հոգևոր խորհուրդն անընդունելի նկատեց իշխանությունների՝ Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու շարունակվող քաղաքականությունը և պետական լծակների գործադրմամբ իրականացվող բռնաճնշումներն ու սահմանափակումները։ Արձանագրվեց, որ նման գործողությունները ոտնահարում են Եկեղեցու ինքնավարության և հավատացյալների խղճի ու կրոնի ազատության սահմանադրական երաշխիքները։

ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը և հրամայական նկատեց հոգևոր սպասավորների բնականոն ծառայությունը խաթարող խոչընդոտների վերացումը։

Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը ներկայացրեց ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բնականոն գործունեության ընթացքում հարուցվող արհեստական խոչընդոտները՝ մասնավորապես բարեգործական, կրթական ծրագրերի իրականացման, գույքային իրավունքների գրանցման և շինարարական թույլտվությունների տրամադրման գործընթացների անհարկի մերժողական կեցվածքը։

Ժողովականները քննարկեցին առկա խնդիրների կարգավորման և Մայր Աթոռի իրավունքների պաշտպանության հնարավոր ուղիները՝ ընդգծելով, որ Եկեղեցու հոգեխնամ, կրթական, բարեգործական ազգօգուտ ծրագրերի խոչընդոտումը մեծապես վնաս է հասցնում ազգային շահերին, մասնավորապես՝ մատաղ սերնդի կրթադաստիարակչական աշխատանքների և Եկեղեցու բազմոլորտ առաքելության անխափան իրականացմանը։

Եկեղեցու ներքին կյանքը կանոնակարգող կանոնադրական փաստաթղթերի լրամշակման վերաբերյալ զեկույցներով հանդես եկան Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և տիար Արա Զոհրաբյանը։

Գերագույն հոգևոր խորհուրդը քննարկեց ներկայացված առաջարկները և թելադրեց շարունակել փաստաթղթերի լրամշակումը՝ Հայ Եկեղեցու կանոնական սկզբունքներին և նվիրագործված ավանդույթներին համապատասխան։

Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների գործունեության վերաբերյալ զեկույցով հանդես եկավ Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Հուսիկ աբեղա Սմբատյանը՝ անդրադառնալով դիմորդների ներգրավման, կրթության որակի բարձրացման և դասախոսական կազմի համալրման ուղղությամբ կատարված աշխատանքներին։
Խորհուրդը կարևորեց նախանձախնդիր, նվիրյալ և գիտակ հոգևորականների պատրաստման առաքելությունը՝ ընդգծելով ուսումնական ծրագրերի մշակման, առարկայացանկի և մեթոդաբանության վերանայման, դասախոսական կազմի համալրման, սաների աստվածաբանական գիտելիքների խորացման և հովվական հմտությունների զարգացման հրամայականը։

Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Զաքարիա եպիսկոպոս Բաղումյանը ներկայացրեց համայնքներում քրիստոնեական դաստիարակության կազմակերպման նպատակով հոգևոր հովիվներին տրամադրվելիք ուղեցույց-ձեռնարկի պատրաստման, կիրակնօրյա դպրոցների միասնական համակարգի ձևավորման, կրթական ծրագրերի և ուսումնամեթոդական նյութերի մշակման աշխատանքների ընթացքը։

Գերագույն հոգևոր խորհուրդը գոհունակությամբ ընդունեց զեկույցը՝ թելադրելով թեմերի և հոգևոր հովիվների հետ համագործակցությամբ գործնական քայլեր ձեռնարկել կիրակնօրյա դպրոցների գործունեության ընդլայնման և հոգևոր-կրթական ծրագրերին երեխաների ու պատանիների մասնակցությունը խթանելու ուղղությամբ։

Ժողովի ընթացքում քննարկվեցին նաև թեմերի գործունեությանը և Եկեղեցու առաքելության արդյունավորմանն առնչվող այլ հարցեր:

Ժողովն ամփոփվեց Ամենայն Հայոց Հայրապետի օրհնության և գնահատանքի խոսքով։

Նմանատիպ նյութեր

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Մի շարք նախարարներ ԱԺ-ում են

Խորհրդարանը մշտական հանձնաժողովների նիստում շարունակում է 2027թ․ պետական բյուջեի նախագծի քննարկումները։ Այժմ քննարկվում է ԱԳ նախարարության ծախսերն ու եկամուտները։ Մանրամասն՝ ուղիղ...

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը շատ մոտ է ավարտին․ Թրամփ

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը շատ մոտ է ավարտին․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը հայտարարել է, որ հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևի հետ։ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում Թրամփը հավելել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը շատ մոտ է ավարտին, և դրա...

Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Հանրապետության տարածքում նոյեմբերի 6-8-ը, 9-ի գիշերը ժամանակ առ ժամանակ ամբողջ հանրապետությունում, 9-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Նոյեմբերի 6-9-ը լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 10-ին...

Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ ՌԴ ԱԳՆ

Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը հայտարարել է, որ Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից։ Պանկինի խոսքով՝ Հայաստանը ավելի քան երկու տարի չի վճարում կազմակերպության անդամավճարները, ինչի պատճառով կարող է քննարկվել նրա անդամակցության...

Ի՞նչ ունեցվածք ունի ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը․ «Ժողովուրդ»

Ի՞նչ ունեցվածք ունի ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ուսումնասիրել պետական պաշտոններ զբաղեցնող անձանց հայտարարագրերը՝ պարզելու, թե ովքեր են նրանք և ինչ ունեցվածք ունեն։ Այս անգամ մեր ուսումնասիրության կենտրոնում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի...