ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը հայտարարել է, որ Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից։
Պանկինի խոսքով՝ Հայաստանը ավելի քան երկու տարի չի վճարում կազմակերպության անդամավճարները, ինչի պատճառով կարող է քննարկվել նրա անդամակցության ժամանակավոր կասեցման հարցը։
«Ավելի հստակ՝ խոսքը ձայնի իրավունքից զրկելու մասին է՝ մինչև անդամավճարների վճարումը։ Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրության համապատասխան հոդվածով»,- նշել է նա։
ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը հիշեցրել է, որ Ռուսաստանն այս պահին նախագահում է ՀԱՊԿ-ում և պատասխանատու է կազմակերպության օրակարգի համար։ Նա նշել է, որ Հայաստանի հարցը գուցե ամենագլխավորը չէ, սակայն հանրության համար ամենաքննարկվողներից մեկը կարող է լինել։
«Կայանալու է ՀԱՊԿ գագաթնաժողովը, որին նախորդելու է արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհուրդների քարտուղարների եռակողմ հանդիպումը։ Հայաստանի հարցը գուցե ամենագլխավորը չէ, բայց հանրության համար կարող է ամենահետաքրքիրը լինել, քանի որ ՀԱՊԿ-ը համագործակցության, համատեղ խնդիրների և նպատակների մասին է»,- նշել է նա։






