Ի դեպ, ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանին հարցրել են, թե ինչ պետք է անեն այն քաղաքացիները, որոնք ավտոմեքենա են պատվիրել, սակայն տարբեր կազմակերպությունների կողմից խաբեության զոհ դարձել։ Պատասխանն ուշագրավ էր․
«21-րդ դարն է չէ՞, այսքան տեղեկատվության մեջ ո՞նց կարելի է այդպես գնալ և խաբեության զոհ դառնալ»։
Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ հենց 21-րդ դարում են խաբեության տեխնոլոգիաները հասել աննախադեպ կատարելության։ Եվ մի կողմ թողնենք նաև, որ երկիր ղեկավարողից այլ պատասխան էր ակնկալվում, օրինակ՝ բռնելու և խստորեն պատժելու, նա մեղադրում է խաբվողներին, թե ո՞նց կարելի է 21-րդ դարում խաբվել։
Իսկ ո՞վ, եթե ոչ Նիկոլ Փաշինյանը, պետք է լավ իմանա այդ մասին։ Չէ՞ որ տարիներ շարունակ հենց նրան է հաջողվել խաբեության զոհ դարձնել մի ամբողջ հասարակության՝ քաղաքական խոստումներից մինչև իրականության հետ որևէ կապ չունեցող հայտարարություններ։
Հետո եղավ նրա մեկ այլ՝ թերևս ամենահայտնի հայտարարություններից մեկը՝ «Արցախը Հայաստան է և վերջ»։
Վեց տարի առաջ՝ հենց այս օրերին, երբ պատերազմական իրականությունը գնալով ավելի ողբերգական էր դառնում, Փաշինյանն ու նրա թիմակիցները շարունակում էին հանրությանը համոզել, որ մենք հաղթում ենք և հաղթելու ենք։
Հետաքրքիր է՝ այդ օրերին ևս Փաշինյանը նույնքան զարմացած էր, թե ինչպես կարելի է 21-րդ դարում խաբեության զոհ դառնալ։
Նիկոլ Փաշինյանը հարյուրավոր խոստումներ է տվել քաղաքացիներին, որոնցից ելնելով՝ նրան ընտրել են, իսկ խոստումները՝ մնացել թղթի վրա։ Այդ անձինք խաբեության զոհ չե՞ն։ Դա էլ է եղել հենց 21-րդ դարում։ Այս մասով է՞լ է նրա պատասխանը նույնը՝ 21-րդ դարում ո՞նց կարելի է խաբեության զոհ դառնալ։




