ԱՄՆ-ն աստիճանաբար տարհանում է իր ռազմական և դիվանագիտական անձնակազմը Մերձավոր Արևելքի երկրներից, հայտնում է NBC հեռուստաալիքը՝ հղում կատարելով իրազեկ աղբյուրներին։
«Վերջին օրերին ամերիկացի զինվորականներն աննկատ կերպով կրճատում են իրենց ներկայությունը Մերձավոր Արևելքի ողջ տարածքում գտնվող ռազմաբազաներում, իսկ ԱՄՆ Պետդեպարտամենտը հրահանգներ է տալիս տարածաշրջանի բազմաթիվ դիվանագիտական ներկայացուցչություններում աշխատակիցների թվի հետագա կրճատման վերաբերյալ», — ասվում է հրապարակման մեջ։
Նշվում է, որ անձնակազմի այս կրճատումը հիշեցնում է փետրվարին Իրանի հետ հակամարտության սկզբում ստեղծված նմանատիպ իրավիճակը։ Աղբյուրների տվյալներով՝ այս միջոցառումները ձեռնարկվում են տարածաշրջանում շարունակվող սպառնալիքների պատճառով, որոնք, ի թիվս այլոց, բխում են նաև Թեհրանից։
Մասնավորապես, զորքերի վերաբաշխումն անդրադարձել է Հորդանանում տեղակայված ամերիկյան զորակազմին։ Աղբյուրների տվյալներով՝ փոփոխությունները վերաբերել են նաև Քաթարում և Քուվեյթում գտնվող ռազմաբազաներին։
ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության պաշտոնական ներկայացուցիչ Թիմոթի Հոքինսը, անվտանգության նկատառումներից ելնելով, հրաժարվել է մեկնաբանել զորքերի վերաբաշխման հետ կապված հարցերը։ Այնուամենայնիվ, նա նշել է, որ նման տեղաշարժերը պարբերաբար իրականացվում են՝ առաքելությունների պատրաստվածության մակարդակը օպտիմալացնելու նպատակով։






