29 03 2022

Հորդորում եմ պարոն Առուշանյանին և նրա թիմին՝ չբավարարվել միայն ազատության դուրս գալով. Չալաբյան

Հորդորում եմ պարոն Առուշանյանին և նրա թիմին՝ չբավարարվել միայն ազատության դուրս գալով. Չալաբյան

Երեկ Գորիսի ընտրված քաղաքապետ Առուշ Առուշանյանը առաջին ատյանի դատարանի կողմից ազատ արձակվեց, և համատարած ցնծությամբ դիմավորվեց իր համաքաղաքացիների և աջակիցների կողմից։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ես սրտանց շնորհավորում եմ պարոն Առուշանյանին և նրա բոլոր աջակիցներին, և համարում, որ նրա ազատության դուրս գալը կարևոր քայլ է՝ մեր բոլորիս ոտնահարված իրավունքների վերականգնման համար պայքարում։ 

Միևնույն ժամանակ, ուշադիր ուսումնասիրելով դատարանի վճիռը, ես պետք է ցավով արձանագրեմ, որ այն չի արդարացրել պարոն Առուշանյանին, այլ համարելով նրան մեղավոր ՔՕ մի շարք հոդվածներով, դատապարտել է նրան պայմանական ազատազրկման, տուգանքի, և որն առավել անհեթեթ է՝ տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ զբաղեցնելու 5 տարով արգելանքի, դրանով փորձելով հետին թվով զրկել Գորիսի բնակչությանը իր կատարած օրինական և արժանապատիվ ընտրությունից։

Այս պայմաններում, ես հորդորում եմ պարոն Առուշանյանին և նրա թիմին՝ չբավարարվել միայն ազատության դուրս գալով, բողոքարկել այս անհեթեթ որոշումը վերադաս դատական ատյաններում, ընդհուպ մինչև ՀՀ Սահմանադրական դատարան, և հասնել ոչ միայն իրական արդարադատության կոնկրետ անձի համար, այլև ստեղծել նախադեպ՝ ապագայում ցանկացած իշխանության կողմից այսպիսի խայտառակ հետապնդումներ որևէ մեկի նկատմամբ թույլ չտալու նպատակով։ Պատրաստ եմ ոչ միայն խոսքով զորակցել, այլ գործնական աջակցել պարոն Առուշանյանին՝ մեր բոլորիս համար իրական արդարադատության հասնելու գործում, մինչ այդ ևս մեկ անգամ շնորհավորում եմ նրան՝ ազատության դուրս գալու կապակցությամբ»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ