Ադրբեջանցի զինծառայողի՝ Հայաստան ներթափանցելու դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ՝ պետական սահմանն ապօրինի հատելու և հրազենի մաքսանենգության հատկանիշներով։ Այս մասին yerevan.today-ին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Դատախազությունից նախօրեին հայտնել էին, որ 2026 թվականի հոկտեմբերի 1-ին Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրում արձանագրված դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս հասցնելը), 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի ապօրինի շրջանառությունը) և 207-րդ հոդվածի 1-ին մասով (բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը):
Իրավապահ կառույցի փոխանցմամբ՝ նույն դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածի 1-ին մասով (պետական սահմանն ապօրինի հատելը) և 340-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի մաքսանենգություն): Նախաձեռնված այս վարույթը միացվել է մայր վարույթին:
Հիշեցնենք, որ երեկ մամուլում տեղեկություններ տարածվեց, որ Սյունիքի մարզի Շաքի գյուղ ադրբեջանցի է մտել ու կրակել հայ աղջկա ոտքին, որից հետո ԱԱԾ-ն հաստատել էր, որ ադրբեջանցի զինծառայողն ապօրինի հատել է ՀՀ պետական սահմանը և Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել ՀՀ քաղաքացու ոտքին: Ադրբեջանցին, ըստ այդ երկրի պաշտոնական կառույցների, անհայտ հանգամանքներում ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 29-ին։ Ըստ ՀՀ ԱԱԾ-ի՝ այդ մասին Ադրբեջանը հայտնել է հայկական կողմին:






