«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2026թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին։
Այսպես.
- 2026թ. հոկտեմբերին արդյունաբերության անկման խորացումն ու ծառայությունների աճի դանդաղումը միաժամանակ սահմանափակել են տնտեսական ակտիվությունը։ ՏԱՑ-ի 12-ամսյա աճը նվազել է մինչև 3.5%, իսկ արդյունաբերության թողարկումը մեկ տարի առաջվա համեմատ կրճատվել է 12.9%-ով։ Շինարարությունը շարունակել է աճել շուրջ 24% տեմպով, մինչդեռ առևտրի շրջանառությունը գրեթե չի փոխվել։ Այս տարբերությունները ցույց են տալիս, թե որքանով է տասնամսյա ՏԱՑ-ի 6.4% աճը կախված ծառայությունների և շինարարության հետագա ընթացքից։
- Արտաքին առևտրում հոկտեմբերն առանձնացել է ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման կրճատմամբ։ Արտահանման 25.4% անկումը զգալիորեն գերազանցել է ներմուծման 4.1% անկմանը։ Տասն ամսում արտահանման արժեքը կազմել է ներմուծման մոտ կեսը։ Ապրանքային կազմի վերջին՝ իննամսյա տվյալներով թանկարժեք մետաղների և քարերի արտահանման անկումը միայն մասամբ է փոխհատուցվել հանքահումքային արտադրանքի արտահանման ավելացմամբ։ Տասն ամսում ապրանքների ներմուծման արժեքը գերազանցել է արտահանմանը 5,242.1 մլն ԱՄՆ դոլարով։
- Հոկտեմբերին պետական բյուջեի ծախսերը եկամուտներին գերազանցել են 145.1 մլրդ դրամով, ինչի արդյունքում ինն ամիսների 27.8 մլրդ դրամ հավելուրդը տասն ամիսների արդյունքներով փոխվել է 117.3 մլրդ դրամ պակասուրդի։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակասուրդը, այնուամենայնիվ, փոքր է եղել։ Հաշվեկշռի տարեկան բարելավումը պետք է դիտարկել նաև ծախսերի կառուցվածքի համատեքստում․ ընթացիկ ծախսերն աճել են 16.5%-ով, իսկ կապիտալ ծախսերը` կրճատվել 25.4%-ով։
- Հոկտեմբերին կառավարության պարտքն ավելացել է 535.9 մլն ԱՄՆ դոլարով, որի շուրջ երկու երրորդը բաժին է ընկել ներքին պարտքի դոլարային արժեքի ավելացմանը։ Ներքին պարտքի շուկայում կարճ և միջին ժամկետով պետական պարտատոմսերի եկամտաբերությունները սեպտեմբերի համեմատ բարձրացել են։ Եթե այս մակարդակները պահպանվեն, նույն ժամկետներով նոր փոխառությունների ներգրավումը կարող է ավելացնել դրանց սպասարկման ծախսերը։
Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ այստեղ։





