Միջնաժամկետ կանխատեսումների իրատեսականությունը խորը մտահոգությունների տեղիք է տալիս. «ԼՈՒՅՍ»

17 Հուլիսի, 2026

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ կառավարության 2027-2029 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը։

Այսպես.

ՀՀ կառավարության 2027-2029 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) համաձայն՝ 2026 թ. համար կառավարությունը կանխատեսում է 5.4% տնտեսական աճ, որը միջնաժամկետ հատվածում պետք է աստիճանաբար արագանա և 2029-ին հասնի 6.1%-ի։ Մինչդեռ, միջազգային կազմակերպությունների կանխատեսումները միջնաժամկետ հատվածի տնտեսական աճի վերաբերյալ շարունակում են մնալ զգալի չափով պահպանողական։ Սա վկայում է, որ ՄԺԾԾ-ի առավել մտահոգիչ դրույթներից մեկը տնտեսական աճի կանխատեսումների լավատեսական բնույթն է։ Ընդ որում, լավատեսության շուրջ փաստաթղթում ներկայացված հիմնավորումներն առավելապես կապված են այնպիսի գործոնների հետ, որոնց ազդեցությունը կա՛մ արդեն թուլանում է, կա՛մ դրանց իրականացման ժամկետները վերջին տարիներին պարբերաբար հետաձգվում են։

Ավելին, ՄԺԾ ծրագրում միաժամանակ նշված է, որ ՀՀ տնտեսական աճի կանխատեսումներն իրենց մեջ կրում են մեծ անորոշություններ՝ պարունակելով դեպի ներքև (բացասաբար ազդող) և դեպի վեր (դրական զարգացումներ ենթադրող) երկկողմանի ռիսկեր։ Եվ ուշագրավ է, որ դեպի ներքև ռիսկերը գերակշռում են։ Այսինքն, ըստ էության, հենց ՄԺԾԾ-ի հեղինակներն են ընդունում, որ զգալի անորոշությունների շրջանակում ձևավորված ծրագրի հիմնական մակրոտնտեսական սցենարի տնտեսական զարգացումների հավանական շեղումներն առավելապես բացասական ուղղությամբ են։

2027-2029 թթ. ՄԺԾԾ-ով պետական բյուջեի ընդհանուր եկամուտների և հարկային եկամուտների անվանական մեծությունների կանխատեսումները վերանայվել են աճի ուղղությամբ։ Մինչդեռ, աճը չի ուղեկցվում ՀՆԱ-ի նկատմամբ դրանց հարաբերակցության համարժեք ավելացմամբ։

Ծրագրով կանխատեսվում է, որ 2029-ին բյուջեի ընդհանուր ծախսերը կկազմեն 4,461 մլրդ դրամ՝ 2025-ի ցուցանիշից 35.0%-ով ավելի, իսկ կառավարության պարտքը, 2025-ի 5,355 մլրդ դրամից աճելով 43.6%-ով, 2029-ին կհասնի 7,689 մլրդ դրամի։ Պետական բյուջեի ընդհանուր ծախսերի և կառավարության պարտքի շարունակական աճի դիմաց 2029 թվականին 2026-ի համեմատ կանխատեսվում է ՀՆԱ-ի նկատմամբ դրանց հարաբերակցության նվազում՝ պայմանավորված ՀՆԱ-ի առաջանցիկ աճով։

Ըստ Ծրագրի՝ միջնաժամկետ հատվածում կառավարության պարտքի բեռն անհամեմատ ծանրանալու է։ Պարտքի սպասարկման տոկոսավճարները 2025-ի փաստացի մեծության համեմատ 2029-ին կազմելու են 42.4%-ով ավելի՝ 349 մլրդ դրամից հասնելով 493 մլրդ դրամի։

Հատկանշական է, որ ծրագրում շարունակում են կրկնվել մի շարք կանխատեսումներ, որոնց իրականացումը նախորդ տարիներին բազմիցս հետաձգվել է։ Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկի մասին դրույթը դրա ամենաբնորոշ օրինակներից է։ Նախորդ ՄԺԾԾ-ներում էլ էր նշված, որ հանքավայրը կշահագործվի արդեն ծրագրի կազմման տարում և դրական նպաստում կունենա այդ տարվա տնտեսական աճին։ Հաշվի առնելով վերջին տարիներին նման կանխատեսումների պարբերաբար հետաձգվելու հանգամանքը՝ ավելի է հիմնավորվում Ծրագրի իրականացման նկատմամբ թերահավատությունը։

Ուշագրավ է, որ Ծրագրով ընթացիկ տարվա բյուջեի ծախսերի սպասվող մեծությունը նույնիսկ մի փոքր ավելին է, քան տարեկան հաստատված բյուջեով պլանավորված մեծությունը։ Մինչդեռ հայտնի է, որ գործող կառավարության գործունեության տարիներին ձևավորվել է տխուր ավանդույթ՝ բյուջեի ծախսերը մշտապես թերակատարվում են։ Վերջին հասանելի պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ 2026-ի 1-ին եռամսյակում բյուջեի ծախսերը թերակատարվել են 29.6%-ով։

Այս պարագայում, ակնկալել, որ տարեվերջին բյուջեի փաստացի ծախսերը նույնիսկ գերազանցելու են բյուջեով պլանավորված մեծությունը, անհիմն լավատեսություն է։ Իսկ եթե նույնիսկ ընթացիկ տարվա սպասվող մեծությունն է անիրատեսական, ինչպե՞ս կարող են վստահություն ներշնչել դրա հիման վրա առաջիկա երեք տարվա համար կատարված կանխատեսումները։ Այս առումով ևս դրանց հիման վրա կառուցված միջնաժամկետ կանխատեսումների իրատեսականությունը խորը մտահոգությունների տեղիք է տալիս։

Վերլուծությունն ամբողջությամբ՝ այստեղ։

Նմանատիպ նյութեր

Ռուսաստանը հետևողականորեն աջակցում է Հայաստանին և Ադրբեջանին. Լավրով

Ռուսաստանը հետևողականորեն աջակցում է Հայաստանին և Ադրբեջանին. Լավրով

Ռուսաստանը հետևողականորեն աջակցում է Ադրբեջանին և Հայաստանին հարաբերությունների կարգավորման գործընթացում: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հետ Մոսկվայում ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: «Մոսկվան պատրաստ է...

Վարդան Ղուկասյանի  խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով, համակցված՝ 15 մլն դրամ գրավով

Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով, համակցված՝ 15 մլն դրամ գրավով

Վարդան Ղուկասյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով, համակցված գրավով` 15 մլն դրամով: Դատարանն արգելել է Վարդան Ղուկասյանին շփվել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, պատասխանել նրանց հարցերին: Նշենք, որ հանրային մեղադրողը միջնորդել էր ևս 3 ամսով երկարաձգել նրա...

Գագիկ Ծառուկյանի կալանքի դեմ վերաքննիչ բողոքը մուտքագրվել է դատարան. փաստաբան

Գագիկ Ծառուկյանի կալանքի դեմ վերաքննիչ բողոքը մուտքագրվել է դատարան. փաստաբան

Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի դեմ պաշտպանության կողմի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը մուտքագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան։ Այս մասին հայտնում է փաստաբան Էմին Խաչատրյանը: Բողոքում մանրամասն ներկայացվել են առաջին ատյանի...

Բյուրեղավանում խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա Ջուր»

Բյուրեղավանում խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա Ջուր»

Բյուրեղավան համայնքում խմելու ջրի վերաբերյալ մամուլում տարածված հրապարակումների առնչությամբ «Վեոլիա Ջուրը» տեղեկացնում է, որ  ընկերությունը սահմանված կարգով և պարբերաբար իրականացնում է խմելու ջրի նմուշառումներ ջրաղբյուրներում և օրվա կարգավորիչ ջրամբարներում։ Կատարված...

Գնանք մեզի գցենք, պրծնենք, ի՞նչ անենք, որ հասկանան. «Մուլտի սթոուն»-ի աշխատակից

  «Մուլտի սթոուն»-ի աշխատակիցները շարունակում են բողոքի ակցիաները՝ պահանջելով բացել գործարանը։  Նրանք երթով շարժվել են դեպի քննչական կոմիտե։ «Անելանելի վիճակում ենք հայտնվել։ Ամեն օր գալիս ենք այն հույսով, որ կարող է աշխատատեղը բացվի։...