Երևանի քաղաքապետարանը «Մուլտի Ուելնես»-ի շարժական գույքն օգտագործում է առանց հիմքերի. «Ազատություն»

27 Նոյեմբերի, 2026

«Մուլտի Ուելնես» մարզաառողջարանային համալիրի շարժական գույքը Երևանի քաղաքապետարանին ի պահ հանձնելու վերաբերյալ պայմանագիր կնքված չէ, չնայած Երևանի քաղաքապետարանը ամիսներ առաջ հայտարարում էր, թե Գագիկ Ծառուկյանին պատկանող համալիրի շարժական գույքը հանձնվել է նրանց պահպանությանը։ Պայմանագրի բացակայության մասին Երևանի քաղաքապետարանը հայտնել է «Ազատության» գրավոր հարցմանն ի պատասխան։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնես» սպորտային կենտրոնն անցավ Երևանի քաղաքապետարանի կառավարմանը այս տարվա հուլիսին։ Քաղաքապետարանը միակողմանի խզել էր կառուցապատման իրավունքի պայմանագիրը «Մուլտի Ուելնես»-ի հետ, քանի որ, ըստ քաղաքապետարանի, կառուցապատման վճարների գծով պարտավորությունները չէին կատարվել, ինչպես նաև քաղաքաշինական փաստաթղթերից շեղումներ էին եղել։

«Մուլտի Ուելնես» ակումբը քաղաքապետարանը վերանվանեց «Երևան Ուելնես»։ Թեպետ միայն մարզական համալիրի հողն է համայնքային ենթակայության, այս ողջ ընթացքում քաղաքապետարանի կառավարմանն անցած համալիրի շարժական գույքը տնօրինվում է քաղաքապետարանի կողմից, թեպետ այդ գույքն ունի սեփականատեր։

Համալիրի շարժական գույքերը ներառում են մարզասարքեր, կենցաղային ու սպորտային տեխնիկա, ջեռուցման ու հովացման համակարգեր, կահույք և այլն։ Դրանք այժմ շահագործվում են առանց «Մուլտի Ուելնես»-ի սեփականատերերի համաձայնության։

Ինչու՞ է քաղաքապետարանը հայտնել, թե այդ գույքերն ի պահ են հանձնել իրեն, եթե նման պայմանագիր չկա, ի՞նչ իրավական հիմքերով է քաղաքապետանարը շարունակում տնօրինել համալիրի գույքը, արդյո՞ք ձեռնարկվում են քայլեր «Մուլտի Ուելնես»-ի շարժական գույքը դրա սեփականատիրոջը հանձնելու ու համալիրի համար համայնքային գույք գնելու ուղղությամբ, հետաքրքրվել էինք քաղաքապետարանից։

Ի պատասխան հայտնել են, որ «մարզասրահում առկա գույքերի գույքագրում իրականացվել է ՀՀ քննչական կոմիտեի հանձնարարությամբ ՊԵԿ-ի կողմից, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ, որի վերաբերյալ կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտե»։

Ըստ պատասխանի՝ արդեն 4 ամիս համայնքային կառավարման անցած սպորտային կենտրոնի շարժական գույքի գույքագրումը դեռ շարունակվում է, «առկայության դեպքում դրանց հետագա տնօրինման հարցը կարգավորելու համար»։

«Մուլտի Ուելնես»-ը սպորտային կենտրոնի տարածքի պայմանագիրը խզելու գործով դատական գործընթաց է սկսել ընդդեմ Կադաստրի կոմիտեի, քաղաքացիական հայցով առաջին նիստը նախատեսվում է անցկացնել եկող տարի։

Ընկերությունը պահանջում է անվավեր ճանաչել որոշումները, որոնցով հողի նկատմամբ իրենց իրավունքները դադարեցվել են։ Ինչպես «Ազատության»-ը տեղեկացրեց «Մուլտի ուելնես»-ի տնօրեն Արման Փիրոյանը, մոտակա օրերին ևս մեկ հայց կմուտքագրվի դատարան, որ վերաբերում է համալիրի շարժական գույքերին:

«Հայց ներկայացված է, բայց վարույթ դեռ չի ընդունվել, օր չի նշանակվել»,- ասաց Փիրոյանը, ում խոսքով «Մուլտի Ուելնես»-ի շարժական գույքերը գնահատվում են 6 մլրդ դրամի չափով:

«Նրանք գիտեին, որ դա մեր գույքն է, ասացին, որ ի պահ է հանձնվել, որ չվնասվի, մինչև քրեական գործերը հասկանան, բայց ի պահ հանձնված գույքն օգտագործվում է, քանդում են, պատերն են քանդում, որոշ բաներ են տեղափոխում։ Երևում է, որ բաներ են փոխում»,- ասաց նա՝ պնդելով, որ քաղաքապետարանն անօրինական է կառավարում մարզաառողջարանային համալիրը։

Ավանդաբար 1000 խոշոր հարկատուների ցանկում հայտնվող «Մուլտի Ուելնես»-ի անունը այս տարվա առաջին 9 ամիսների խոշոր հարկատուների ցանկում ընդհանրապես չկա։ Անցած տարվա առաջին 9 ամիսներին ընկերությունը վճարել էր 302 մլն դրամի հարկեր, 2024-ի նույն ժամանակահատվածում՝ 375 մլն, իսկ 2023-ի 9 ամիսներին ավելի քան 405 մլն։

Այս գործընթացներին զուգահեռ Քննչական կոմիտեում քննվում է քրեական վարույթ, որ վերաբերում է «Մուլտի Ուելնես»-ի կողմից մոտ 850 միլիոն դրամի շրջանառություն թաքցնելուն։ Այս գործով մեղադրանք ոչ մի անձի առաջադրված չէ, փորձաքննություն է նշանակված, որի եզրակացությունը դեռ չկա:

«Ազատություն»-ը դիմել էր Քննչական կոմիտե՝ տեղեկանալու, թե արդյո՞ք Քննչական կոմիտեի կողմից «Մուլտի Ուելնես»-ի շարժական գույքը ի պահ է հանձնվել Երևանի քաղաքապետարանին։ Իրավապահ մարմինը, սակայն, չի հաստատել սա:

ՔԿ-ից տրամադրած պատասխանի համաձայն՝ ««Մուլտի Ուելնես»-ի շարժական գույքը նշված քրեական վարույթով չի հանդիսանում իրեղեն ապացույց»։ Փոխարենը իրեղեն ապացույց է հանդիսանում անշարժ գույքը (մարզասրահի տարածքն ու շինությունները), որը «պատասխանատու պահպանության է հանձնվել Երևանի քաղաքապետարանի համապատասխան ծառայության աշխատակցին:

Նմանատիպ նյութեր

Քրեական վարույթի ձգձգման համար ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ վճիռ է կայացրել․ «Հետք»

Քրեական վարույթի ձգձգման համար ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ վճիռ է կայացրել․ «Հետք»

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) այսօր՝ 2026թ. նոյեմբերի 26-ին, Հայաստանի դեմ վճիռ է կայացրել՝ քրեական վարույթի ողջամիտ ժամկետների խախտման պատճառով։ Դատարանը գտել է, որ Բաբայանի գործի քննության ընդհանուր տևողությունը՝ մոտ 7 տարի, չի համապատասխանում...

ՔՊ-ական համայնքապետները Իրինա Յոլյանի դեմ հայց են ներկայացրել՝ պահանջելով 18 մլն 300 հազար դրամի փոխհատուցում․ «Փաստինֆո»

ՔՊ-ական համայնքապետները Իրինա Յոլյանի դեմ հայց են ներկայացրել՝ պահանջելով 18 մլն 300 հազար դրամի փոխհատուցում․ «Փաստինֆո»

Վաղարշապատի, Սիսիանի, Գառնիի և Սպիտակի համայնքապետերը ևս դիմել են դատարան ընդդեմ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր   Իրինա Յոլյանի դեմ՝ ԱԺ ամբիոնից հնչեցրած հայտարարությունների վերաբերյալ՝ պահանջելով հերքում և փոխհատուցում։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն։...

Կողոպուտի դեպք՝ Երևանում․ չինացի երիտասարդը հայտնել է, որ իրենից 8 մլն դրամ են հափշտակել

Կողոպուտի դեպք՝ Երևանում․ չինացի երիտասարդը հայտնել է, որ իրենից 8 մլն դրամ են հափշտակել

Նոյեմբերի 11-ին կողոպուտի դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության գվարդիայի հատուկ սպառազինության և մարտավարության գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի 2-րդ ջոկի ծառայողները նույն օրը՝ ժամը 22։00-ի սահմաններում, ծառայություն...

Ռոբերտ Քոչարյանին թույլատրվեց էլեկտրոնային տարբերակով ծանոթանալ գործի նյութերին

Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին թույլատրվեց էլեկտրոնային տարբերակով ծանոթանալ իր գործի նյութերին։ Նոյեմբերի 27-ի նիստում փաստաբան Արամ Օրբելյանը կրկին բարձրացրեց Ռոբերտ Քոչարյանին գործի նյութերն էլեկտրոնային...

«Աղդամն «իր հայրենիքը» լինելու մասին նրան հիշեցրած կլինե՞ն ադրբեջանական կողմի մասնակիցները»․ քաղաքագետ

«Աղդամն «իր հայրենիքը» լինելու մասին նրան հիշեցրած կլինե՞ն ադրբեջանական կողմի մասնակիցները»․ քաղաքագետ

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Ի դեպ, Ալեն Սիմոնյանը երեկ եղել է նաև հայ-ադրբեջանական «քաղաքացիականների» հերթական հանդիպման հյուր։ Բնականաբար, նա խոսացած կլինի «խաղաղության» մասին։ Հետաքրքիր է, իսկ Աղդամն «իր հայրենիք» լինելու մասին նրան...