Վաղարշապատի, Սիսիանի, Գառնիի և Սպիտակի համայնքապետերը ևս դիմել են դատարան ընդդեմ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանի դեմ՝ ԱԺ ամբիոնից հնչեցրած հայտարարությունների վերաբերյալ՝ պահանջելով հերքում և փոխհատուցում։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն։
Խոսքը, մասնավորապես,2026թ.-ի հոկտեմբերի 29-ին ԱԺ ամբիոնից Իրինա Յոլյանի ելույթի մասին է, որի ընթացքում նա հայտարարել էր, որ համայնքների ՔՊ-ական ղեկավարներն ընկերություններ են հիմնել և պետական բյուջեն մսխում են անորակ ասֆալտապատման աշխատանքներով։
«Ես մի փոքր ուսումնասիրել եմ՝ ինչքա՜ն ՔՊ-ական համայնքների ղեկավարներ կան, ընդ որում՝ կարկառուն, բացել են ընկերություններ և մսխում են պետական բյուջեն ասֆալտապատման՝ անորակ ասֆալտապատման աշխատանքներով։ Ընտանիքներով՝ քույր, եղբայր, հայր, մայր, հորեղբայր… բոլորը լծված են պետական բյուջեն մսխելով։ Եվ ի՞նչ ա տեղի ունենում. ասֆալտը իրականացնում են, մի ամիս հետո քանդվում է։
Բավականին շատ հետաքննական նյութեր կան, հրապարակումներ կան, հոդվածներ կան։ Հարց է առաջանում՝ ինչի՞ որևէ անգամ Քննչական կոմիտեն սերիալ չի նկարահանում, Հակակոռուպցիոն կոմիտեն մարտաֆիլմ չի նկարահանում, որովհետև բոլորը պորտալարով կապված են իշխանության հետ։ Իսկ այն ինստիտուտը, որը պատասխանատու է էս ամեն ինչի մասին, էս հանցավոր անգործության մատնված խոսել՝ էդ կոռուպցիոն սխեմաների մասին, լռում է։ Բոլորը գալիս են էստեղից խոսում են թալանից, չգիտեմ ինչից… Դուք ձե՛ր մասին խոսեք»,- հայտարարել էր նա։
Այս հայտարարությունից հետո ՔՊ-ական համայնքապետերը հայցեր են ներկայացնում պատգամավորի դեմ։ Այժմ դատարանում թվով ութ հայց կա ներկայացված։ Մասնավորապես, դատարան են դիմել Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը, Վարդենիսի համայնքապետ Ահարոն Խաչատրյանը և Արմավիրի քաղաքապետ Վարշամ Սարգսյանը՝ պահանջելով հերքում և փոխհատուցում՝ ընդհանուր 11 մլն դրամի չափով։
Այժմ դատարան են դիմել ՔՊ-ական մի քանի համայնքապետեր ևս․ մասնավորապես, Գառնիի համայնքապետ Տիգրան Պողոսյանը պահանջում է պարտավորեցնել Իրինա Յոլյանին՝ հայտարարությունները հերքել Ազգային ժողովի ամբիոնից՝ հերթական նիստի ընթացքում, իսկ դրա անհնարինության դեպքում հերքումը պետք է տարածվի առնվազն երեք լրատվամիջոցով, որոնց յութուբյան ալիքներն ունեն առնվազն 200 հազար բաժանորդ։ Հերքումը պետք է տեսաձայնագրվի և հեռարձակվի ուղիղ եթերով։ Պողոսյանը պահանջում է, որ հերքումը հրապարակվի նույն ձևաչափով, տեղակայմամբ, տառատեսակով և հաղորդման ժամով, ինչ սկզբնական տեղեկությունը, և չպարունակի որևէ այլ մեկնաբանություն կամ հավելում։
Բացի հերքումից Տիգրան Պողոսյանը նաև փոխհատուցում է պահանջում է 2 մլն դրամի չափով՝ զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի համար։ Համանման պահանջ հայցով ներկայացրել է նաև Սիսիանի համայնքապետ Հովսեփ Առաքելյանը։ Վաղարշապատի համայնքապետ Արգիշտի Մեխակյանը նույնպես պահանջում հերքում։ Ըստ պահանջի՝ հերքումը պետք է հրապարակվի նաև Իրինա Յոլյանի ֆեյսբուքյան էջում՝ բոլորի համար հասանելի եղանակով, առնվազն 10 աշխատանքային օր, կամ առնվազն 5000 տպաքանակ ունեցող տպագիր մամուլում։
Հրապարակման վերնագիրը, ըստ Մեխակյանի հայցադիմումի, պետք է լինի՝ «Ես՝ Իրինա Սամվելի Յոլյանս, զրպարտել եմ Վաղարշապատ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակի Մեխակյանին»։ Մեխակյանը ևս փոխհատուցման պահանջ է ներկայացրել, պահանջում է 3 մլն դրամ։ Ինչ վերաբերում է Սպիտակի համայնքապետ Քաջայր Նիկողոսյանին, ապա վերջինս հերքում է պահանջում և փոխհատուցում՝ 300 000 դրամի չափով։





