Մեկ շաբաթ Նիկոլ Փաշինյանը երկրում չէր, ակտիվ շրջագայությունների մեջ էր։ Չէ, էնպես չէ, թե բացակայությունը զգացվում էր. անգամ եթե ընդհանրապես չվերադառնար, դժվար նրա պակասը ծանր տաներ ժողովուրդը․ բայց հարց է՝ ո՞ւր էր գնացել, ինչո՞ւ էր գնացել կամ՝ ի՞նչ իմաստ ուներ գնալը։ Նախ գնաց Ֆրանսիա, հետո՝ Թուրքիա, հետո՝ Իռլանդիա, հետո՝ Հնդկաստան, հետո՝ Կամբոջա։ Այս այցելությունները շքեղ ծախսեր են պետության համար՝ մեծ պատվիրակություններ, հյուրանոցներ, պահպանություն և այլն։
2026թ․ Փաշինյանի աշխատակազմին հատկացվել է մոտ 26 մլրդ դրամ․ սեպտեմբերին մոտ 90 մլն դրամ լրացուցիչ տվեցին՝ գործուղումների համար։ Դա էլ չհերիքեց, մեկ ամիս անց ևս 40 մլն դրամ տվեցին արտասահմանյան գործուղումների համար։ Դեռ տարին չի ավարտվել ու չգիտենք, թե դեռ քանի հարյուր միլիոնով կավելացնեն մարդամեկի գործուղման գումարները։ Չեմ հիշում նախագահ կամ վարչապետ, որին պահելը մեր պետության համար այ էսքան թանկ արժեցած լինի, որքան Նիկոլ Փաշինյանն է։
Լավ, շռայլ ծախսեր են անում, իսկ ի՞նչ օգուտ է ստացել մեր երկիրը այդ այցերից, ի՞նչ մնաց Հայաստանին։ Ի վերջո՝ 5 երկիր գնացել է՝ մեծ միջոցառումների։ Օրինակ՝ Կամբոջայում Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովի շրջանակներում, այդ երկիրը Ֆրանսիայի հետ ստորագրեց 29 երկկողմ համաձայնագիր, Իռլանդիայի Հանրապետությունում Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովի շրջանակներում Ադրբեջանի նախագահն ու Մեծ Բրիտանիայի վարչապետը ստորագրեցին ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր, որն ընդգրկում է պաշտպանության և անվտանգության, առևտրի, ներդրումների, կրթության և այլ ոլորտներ։ Թուրքիայում COP31 կլիմայական համաժողովում Սինգապուրը իր համար կարևոր փաստաթղթեր ստորագրեց Քենիայի և Կոլումբիայի հետ։ Թուրքիան 5 մլրդ դոլար արժողությամբ 10 համաձայնագիր ստորագրեց։ Էներգետիկ համագործակցության փաստաթուղթ ստորագրեցին Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը և Բուլղարիան։
Իսկ ի՞նչ արեց Նիկոլը․ բանանը թուրքական հյուրանոցից վերցրեց-գրպանը դրեց, ման տվեց մի քանի երկիր, ամեն երկրում գրպանից հանեց, սեյֆը դրեց, խաղացրեց, մաժմժեց, 5 օր անց կերավ։ Ժամանակին ասում էին՝ հեռուստատեսությամբ պետք է արգելել անմակարդակ սերիալները, որովհետև հանրության ճաշակը փչացնում են։ Մենք 6 օր շարունակ նայել ենք բանանի մասին անճաշակ սերիալ։
Փաշինյանը երրորդ անգամ էր Թուրքիայում, չի եղել հրավեր, որ բաց է թողել․ Էրդողանը, հակառակը, չի եղել Փաշինյանի հրավեր, որ ընդունած լինի։ Ամեն անգամ սա առիթը բաց չի թողնում Թուրքիա այցելելու համար, ու ամեն անգամ ինչ-որ ձև իրեն ցույց է տալիս, մնում ենք ամոթով։ Էրդողանի երդմնակալության տեսարանը լավ եք հիշում։
Ժողովուրդ ջան, լոուրջ միջոցառումներ էին՝ Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողով, Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողով, COP31 գագաթնաժողով, Փարիզի խաղաղության 9-րդ համաժողով և այլն. բայց էդ բոլորից մեզ մոտ տպավորվում է բանանը, թուրքական չայը, կոշիկի քուղերը կապելը. ինքը անլրջացնում է, ստվերում է այդ միջոցառումները իր ներկայությամբ։ Ստացվում է՝ նրա մասնակցությունը ոչ թե կշիռ է տալիս որևէ միջոցառման, այլ անլրջացնում է։ Եթե, իհարկե, նրան այնտեղ ընդհանրապես նկատել են միջազգաային գործընկերները։ Իհարկե լավ կլներ՝ չնկատեին, բայց ամենայն հավանականությամբ, ռիլերի խաթեր նկատել են, այլապես աննկատ կանցներ իր այցերը։ Ի դեպ, այդ անլրջացումը ամենուր է, Հայաստանում էլ է այդպես։ Վաղը ԱԺ հարցուպատասխան է, կտեսնեք։
Ու նույն ժամանակ պետական գործիչը, որը Հայաստանը շատ մակարդակով, վստահորեն ներկայացնում էր բոլոր երկրներում, բոլոր միջազգային ամբիոններում, որի ներկայությունից գլուխդ չէիր կախում, չէիր ամաչում, որ քո երկրի ղեկավարն է, կալանքի տակ է։ Որևէ մեկը կարող է պատկերացնել, որ Ռոբերտ Քոչարյանը Անթալիայի հյուրանոցից լայվ կմտնի, բանանն էլ ջե՞բը։ Անգամ Քոչարյանին չսիրողներ-չընդունողները չեն կարող դա պատկերացնել։
Ժողովուրդ ջան, էս միջազգային 4 գագաթնաժողովներին էլ մենք կարող էինք ունենալ մեր նորմալ, արժանի ղեկավարը․ բայց համարել եք, որ մեր երկրին ու մեզ արժանի է սա։ Ու սա մենակ մենք չենք տեսնում, այ դա է ցավալին։
Ի դեպ, հետաքրքիր է նաև, թե ինչու բանան, ինչ ակնարկ է․ Հայաստանը «բանանային պետություն» է առանց բանանի՞։ Շատ վատ ակնարկ է։ Ովքեր չգիտեն՝ ասեմ, որ «Բանանային պետություն» արտահայտությունը ներկայացնում է Կենտրոնական Ամերիկայի երկրները, որտեղ բանանի արտահանմամբ զբաղվող օտարերկրյա ընկերությունները մեծ ազդեցություն ունեին իշխանությունների և երկրի տնտեսության վրա։ Այս արտահայտությունը բնութագրում է երկրներին, որոնք ունեն թույլ պետական ինստիտուտներ, կոռուպցիա և օրենքի գերակայության բացակայություն, քաղաքական անկայունություն, օլիգարխիկ կառավարում, երկիրը տնտեսապես կամ քաղաքականապես կախված է այլ պետություններից, երկրում իշխանության չարաշահում է։ Փաշինյանի բանանը է՞ս իմաստն ուներ։ Ու ինչո՞ւ էր Թուրքիայում որոշել այդ ներկայացումը խաղալ․ կախվածությունը նրանի՞ց է։
Ժողովուրդ ջան, մի հատ մեր կողքը նայենք, մեր հարևան պետություններին․ Վրաստանը Չինաստանի հետ ռազմավարական գործընկերություն է կնքում, հրաժարվում է դառնալ ԵՄ-ի խամաճիկը, պահպանում է իր շահերը, Ալիևը ամեն օր մի բան քերում է, մի տեղից՝ զենք, մի տեղից՝ դիվանագիտական հաջողություններ, մեզնից՝ տարածքներ, Իրանը ԱՄՆ-ի ու Իսրայելի դեմ պատերազմ է մղում ու կարողանում է իր շահերից միլիմետր չզիջել, Էրդողանը Սիրիա է մտնում, միլիարդավոր դոլարների լուրջ պայմանագրեր է կնքում տարբեր երկրների հետ։ Իսկ ինչո՞վ է զբաղված նրանց հարևան Հայաստանի ղեկավարը։
Էս սաղ պետությունները կարող են հայտարարել, որ իրենց այցելությունները, ծախսերը արդարացված էին, ինչ-որ լուրջ բաներ են արել, սա՞ ինչ է ասելու․ հեծանիվ է քշել Կամբոջայում, լավ սնվել է, բանան է թռցրել ու պտտվել աշխարհում։
Կարճ ասած՝ իր այս պահվածքով հերթական անգամ Փաշինյանը մեզ ապացուցում է, որ իր վրա պետք չէ հույս դնել, իրենից պետք չէ լուրջ բան ակնկալել։ Ու վստահաբար՝ նույն պահվածքն է նաև էկրանից դուրս, նաև բանակցություններում, հանդիպումներում։ Դրա պատճառով հենց երկիր ենք կորցրել, անգամ դրանից հետո հարաբերությունները մեզ հետ չեն կարգավորում, դրա համար Ռուսաստանի հետ հասել ենք թշնամության շեմին, դրա համար մեր արտադրանքն արգելում են, Եվրամիությունն էլ հոլի նման պտտացնում է ու միայն անիմաստ խոստումներ տալիս։ Ինչո՞ւ է մեր վիճակն այսպիսին, հաճախ եք հարցնում դուք։ Իսկ էս կարգի ղեկավարով զարմանալի չէ՞ր լինի, որ մեր վիճակը սա չլիներ։
Սևակ Հակոբյան




