«Ինչպես գիտեք, երեկ Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցան «Հայաստան» խմբակցության նախաձեռնած լսումները, որոնց միացել էր նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը։ Լսումները վերաբերում էին Հայաստանում ժողովրդավարության հետընթացին, ինչպես նաև քաղաքական բռնաճնշումների ենթարկվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքներին և նրանց պաշտպանության երաշխիքներին։
Մինչ այդ մենք պատրաստել էինք համատեղ հայտարարություն, որի տեքստը ներկայացվեց Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում։
Բնականաբար, այդ հայտարարությունն անդրադառնում էր Հայաստանում ժողովրդավարության խայտառակ հետընթացին, որն արձանագրված է բազմաթիվ միջազգային կազմակերպությունների կողմից։ Ժողովրդավարության այդ հետընթացը, սակայն, իշխող քաղաքական ուժի կողմից ներկայացվում է որպես ձեռքբերում։ Եվ այն խոստումները, որոնցով «Քաղաքացիական պայմանագիր» քաղաքական մեծամասնությունը եկել է իշխանության, ցավալիորեն մեզ բոլորիս այսօր հանգեցրել են մի իրականության, երբ մեր իրավունքները պարզապես ոտնահարվում են՝ օրը ցերեկով»,- այս մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։






