«Նիկոլ Փաշինյանը, գալով իշխանության գլուխ, առաջինը թիրախավորեց Հայոց եկեղեցին։ Բայց տեսնում ենք՝ ուր է դա նրան տանում։ Ոչ մի լավ տեղ չի տանում։
Նիկոլ Փաշինյանը եկավ դագաղներով․ իրենք դագաղներն էին պարեցնում։ Եվ ես չեմ կարող մոռանալ մի շատ կարևոր փաստ։ 2019 թվականին նրանք երիտասարդներին հորդորում էին կարճ հաղորդագրություն ուղարկել այս հեռախոսահամարին, ինչից հետո նրանց անուն-ազգանունները պետք է արտացոլվեին Եղեռնի հուշահամալիրի այդ քարի վրա։ Երիտասարդները SMS-ներ էին ուղարկում՝ առանց հասկանալու, որ ողջերի անունները մահացածների քարի վրա չեն գրվում։
Այս ամենը ծիսակատարություններ են, որոնք իրենք անում են։ Եվ սա բնավ լիրիկա չէ։
Ես երբեք ամբիցիա չեմ ունեցել այս հարթակից խոսելու, որովհետև սա էլ են պղծել, արժեզրկել, էժանացրել, իջեցրել և հասցրել իրենց մակարդակին։ Որովհետև իրենք սիրում են քանդել, չեն սիրում առաջ տանել, բարձրացնել մարդկանց, երկիրը։ Իրենք ամեն ինչ տանում են դեպի չգիտեմ՝ չարության և մաղձի ինչ-որ խորքեր։ Դա է իրենց նշանաբանը․ «Եթե չկա Հայաստան, չի լինելու դատաստան»։
Ես ուզում եմ նրանց բոլորին ասել՝ դուք չարաչար սխալվում եք։ Հայաստանը եղել է և լինելու է, իսկ դատաստանը՝ առավել ևս։ Ձեզ բոլորիդ համախմբում է մեկ ընդհանուր հանցագործություն․ դուք պետական հանցագործություն եք կատարում Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Դուք բոլորդ ենթարկվելու եք պատժի՝ օրենքի ողջ խստությամբ»,- այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, «Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության հետընթացը, քաղաքական հալածանքների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությունը և իրավական երաշխիքները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց հասարակական գործիչ Հռիփսիմե Եգանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։



