«Ինչո՞ւ միջազգային կառույցները չեն արձանագրում Հայաստանում քաղաքական բանտարկյալների առկայությունը։ Սա այն հիմնական փաստարկն է, որը ես լսեցի այս լսումներին նախորդած հանձնաժողովի քննարկումների ժամանակ։ ՔՊ-ականները, իրար հերթ չտալով և ավելի բովանդակային փաստարկ չգտնելով, մշտապես հղում են կատարում այդ կառույցներին։
Նախ՝ առաջինը ասեմ, որ ամեն ինչ այդքան էլ այդպես չէ։ Եվ երկրորդ՝ ավելի ցայտուն է երևում այն հանգամանքը, որ այդ միջազգային կառույցները, որոնց վերադաս են, ըստ էության, խոշոր քաղաքական և միջազգային կառույցները, այս պահին ուղիղ քաղաքական հետաքրքրություն չունեն Հայաստանում քաղաքական բանտարկյալներին անուն առ անուն հիշատակելու հարցում։
Մեծապես փոխվել է Եվրոպական միության, Եվրոպայի խորհրդի և Ամերիկայի Միացյալ Նահանգների վերաբերմունքը Հայաստանում քաղաքական բանտարկյալների արձանագրման նկատմամբ։ Եթե նախկինում բացեինք նրանց տարեկան զեկույցները, ապա այսպես՝ մանր տառերով, ծանոթագրություններով, 40-50, երբեմն նույնիսկ 60 էջանոց զեկույցներ էին հրապարակում ամեն տարվա համար։ Հիմա տառաչափը մեծացրել են, էջերի քանակը՝ կրճատել, և ընդամենը մի քանի տողով նման ձևակերպումներ եմ գտել. ասվում է, որ Հայաստանի օրենսդրությամբ թեև արգելված է մարդկանց կամայականորեն ազատազրկելը, բայց, կարծես թե, տեղեկություններ են ստացվում, որ որոշ մարդիկ կալանավորված են»,- այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, «Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության հետընթացը, քաղաքական հալածանքների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությունը և իրավական երաշխիքները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց փաստաբան Տաթևիկ Սողոյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։





