Գազի թանկացման հարցում արդեն որոշել են․ «Կարճ ասած»

22 Հոկտեմբերի, 2026

Ձմռանն ընդառաջ՝ մարզերի շատ քաղաքացիներ, որոնք տունը գազով են ջեռուցում, նաև սկսել են գնել փայտ ու քարածուխ։ Վստահ են, որ գազը թանկանալու է կամ գուցե ընդհանրապես Ռուսաստանը կտրի, քանի Հայաստանի ղեկավարը սա է, և նախապատրաստվում են։ Այդ գնումները վաղուցվանից են սկսել՝ ԵԱՏՄ-ի 70 էջանոց՝ վտանգներով լի զեկույցից դեռ առաջ․ զեկույցը եկավ հաստատելու, որ ճիշտ են անում, պետք է այլընտրանք նախապատրաստել։

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամների զեկույցում նշվում է, որ Հայաստանի անդամության սառեցման-դադարեցման դեպքում բնական գազի գինը կաճի մինչև 300 դոլար 1 հազ. խմ-ի դիմաց՝ այսօրվա 177․5-ի փոխարեն, ինչը 69%-ով բարձր է գործող բազային գնից։ Սա՝ նվազագույնը։

Հայաստանի իշխանությունը ոչ թե քայլեր է ձեռնարկել, որ գազը չթանկանա, այլ սկսել է իր մեղավորությունը քչացնելու ակցիա և մարդկանց հիմարացնում, թե՝ «հանգիստ եղեք, դա հեչ, տակից դուրս կգանք»։ Ամսական 2 — 2,5 մլն դրամ եկամուտ ստացող ՔՊ-ական նախարարը, պատգամավորը, մարզպետը հա՛, տակից դուրս կգան, նույնիսկ եթե գազը 50 անգամ թանկանա ու թանկանա ամեն ինչ, բայց նրանք մի ավտոբուս են, մեր երկրում 3 մլն մարդ կա։

Այնպես չէ, որ իշխանությունից բոլորն են, որ ձև են տալիս, թե չեն հասկանում ինչ է սպասվում․ օրինակ՝ ԿԲ նախագահն ասում է՝ «կլինի ընդհանուր գնաճ, տնտեսության անկում և, ընդհանրապես, ապոկալիպտիկ սցենար է»։ Նիկոլն արձագանքում է՝ «ԿԲ նախագահը տնտեսությունից բան չի հասկանում»։ Տնտեսությունից մենակ ինքն է գլուխ հանում, դրա համար էլ վերադառնում ենք աթարին։

Եթե թանկացումը փոխանցվի սպառողներին, շատ մեծ բեռի տակ են ընկնելու։ Հարյուր հազարավորները ստիպված են կրճատել ամեն ծախս, ընտրություն կատարել սնվելու և հագնվելու, սնվելու և կրթություն ստանալու, սնվելու և բուժվելու, սնվելու և տաքանալու և կենսական անհրաժեշտության շատ բաների միջև։ Արդեն մտածելու է՝ որ ծախսը կրճատի։

Եթե գինը զսպվի պետական բյուջեով, պետք է արտաքին պարտք վերցնեն, բազմաթիվ ծրագրեր դադարեցնեն, կրճատեն՝ ենթակառուցվածքների, կրթության, սոցիալական աջակցության և այլն և հարկային քաղաքականությունն ավելի սրեն, ժողովրդից տուգանքով փող քերեն։

Եթե թանկացումը մտնի բիզնես, ապրանքի ինքնարժեքը կբարձրանա, շահույթը կնվազի, ներդրումները կպակասեն, որոշ արտադրողներ ստիպված կլինեն բարձրացնել գները կամ փակվել։ Ջերմոցային տնտեսությունները, սննդի արդյունաբերությունը, շինանյութերի արտադրությունը և ծանր արդյունաբերությունը սպառում են հսկայական քանակությամբ գազ: Նրանց մի մասը կկանգնի փակման կամ աշխատատեղերի կրճատման եզրին։ Առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների ու ծառայությունների թանկացում է սպառնում: Տեղական արտադրանքը կկորցնի իր մրցունակությունը թե՛ ներքին շուկայում, թե՛ արտահանման շուկաներում:

Մենակ Հայաստանում այդպես չէ, աշխարհում է այդպես։ 2021-22 թթ․ ռուսական գազի մատակարարումների նվազման և գների բազմապատիկ աճի հետևանքով Եվրոպայում գրանցվեց վերջին 40 տարվա ամենաբարձր գնաճը: Հազարավոր փոքր և միջին ձեռնարկություններ փակվեցին կամ կրճատեցին արտադրությունը: Եվրոպական կառավարությունները ստիպված եղան հարյուր միլիարդավոր եվրոներ ծախսել բնակչությանը սուբսիդավորելու համար: Մոլդովայում գազի գնի բազմակի թանկացումից հետո երկրում գնաճը հասավ ռեկորդային 30%-ի: Բնակչության գնողունակությունը կտրուկ ընկավ, իսկ պետությունը ստիպված եղավ արտաքին վարկեր վերցնել սոցիալական աջակցության ծրագրեր ֆինանսավորելու համար: Պակիuտանը, Շրի Լանկան սեղմված բնական գազի համաշխարհային գների աճի պատճառով չկարողացան գնել անհրաժեշտ ծավալի գազ, ինչը հանգեցրեց էներգետիկ ճգնաժամի, էլեկտրաէներգիայի մասսայական անջատումների և արտադրությունների փակման։

Գազի 69% թանկացումը չի կարող աննկատ կամ սրանց ասած՝ «առանց էական վնասների» անցնել որևէ տնտեսության, առավել ևս՝ Հայաստանի համար: Իշխանությունների հանգիստ արձագանքը, սպասվող ռիսկերի լրջությունը նվազեցնելը գուցե պարզապես բանակցային տակտիկա է, բայց հաստատ՝ արդարացված չէ։ Էլ չեմ ասում, որ խոսքը չի գնում միայն գազի թանկացման և գազից բխող այլ շղթայական թանկացումների մասին, խոսքը գնում է միաժամանակ բազմաթիվ ոլորտներում եղած համակարգը քանդելու մասին:

Ըստ էության, կարող ենք ֆիքսել, որ ԵԱՏՄ-ն ոչ թե վտանգն է ցույց տալիս, այլ ասում է, թե առաջիկայում ինչ է անելու։ Ոչ թե զգուշացնում են, թե ինչ կարող են անել, այլ՝ ինչ են անելու։ Կարծում եմ՝ Հայաստանի անդամությունը սառեցնելու են։ Եվ ուրեմն՝ գազն էլ է թանկանալու, արտագնա աշխատանքի մեկնողների աառաջ դռներն է փակվելու, վիզային ռեժիմ գուցե մտնի, զբոսաշրջության կորուստ է լինելու, քանի որ մեր զբոսաշրջիկների կեսը ՌԴ-ից են, դրամական փոխանցումներն են դադարելու և այլն։ Դրա համար են ասում ապոկալիպտիկ։

Հայաստանը չի կործանվի, եթե այս ամենը տեղի ունենա․ մենք Ցեղասպանություն, երկրաշարժ, պատերազմ ու Նիկոլ Փաշինյան ենք տեսել, չենք կործանվի․ բայց ժողովուրդ ջան ինչի՞ մենք պետք է էդ տրամաբանությունից նայենք, որ քանի դեռ չենք կործանվել՝ կարելի է դիմանալ։ Ինչո՞ւ ենք մենք ընկել մեր հետևից։ Պապոյանն ասում է՝ պետք է հարմարվենք։ Հերիք չէ՞ ձեր բերած ամեն ինչին հարմարվենք։ Լա՛վ, ժողովո՛ւրդ, ինչի՞ն հարմարվենք ու ինչքա՞ն հարմարվենք, հերիք չէ՞։

Կարճ ասած՝ գազի հնարավոր թանկացման ֆոնին Էս կառավարությունն ասում է՝ «Կարևորը մեր ինքնիշխանությունն է, անկախությունն է, դրա համար կարելի է առաննց գաազ էլ մնալ կամ թանկ գազ ունենալ»։ Քաղաքացին հարց ունի՝ ինչո՞ւ պետք է ե՛ս ընտրության առաջ լինեմ՝ ինքնիշխանությո՞ւն, թե՞ գազ, ինքնիշխանությո՞ւն, թե՞ հաց։ Դուք այս ընտրություններում զանազան կեղծիքներով պահել եք իշխանությունը էն խոստումներով, որ հա՛մ պետք է ինքնիշխանություն լինի, հա՛մ անկախություն, հա՛մ գազ, հա՛մ բարեկեցություն․ բարոյական չէ մարդուն կանգնեցնել ընտրության առաջ՝ ուզում է տաքանա՞լ, թե՞ երկիրն ինքնիշխան լինի։ Սրանք 9 տարի այ էդ ընտրության առաջ են կանգնեցնում և փաստացի՝ ոչ մեկն էլ չեն ապահովում։

Սևակ Հակոբյան

 

Նմանատիպ նյութեր

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...

ԱՄՆ-ն Իրանին մեղադրել է նավթի գներն արհեստականորեն բարձրացնելու փորձերի մեջ

ԱՄՆ-ն Իրանին մեղադրել է նավթի գներն արհեստականորեն բարձրացնելու փորձերի մեջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Իրանին՝ ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունների նախաշեմին նավթի գներն արհեստականորեն բարձրացնելու փորձերի մեջ։ «Նրանք նույնիսկ միջադեպեր են հորինում, պայթյուններ հրահրում և այլ ստոր գործողություններ իրականացնում, քանի որ այժմ Հորմուզի...

Նախագահը լիազորություն չուներ չվավերացնելու Կառավարության որոշումները․ Արամ Օրբելյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստում այժմ ներկայացված միջնորդության շուրջ հարցուպատասխանի փուլն է։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով...