ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստում այժմ ներկայացված միջնորդության շուրջ հարցուպատասխանի փուլն է։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով մեղադրանքի բովանդակությանը։
Նրա խոսքով՝ մեղադրանքում կիրառված որոշ ձևակերպումներ չեն համապատասխանում քրեական իրավունքի տրամաբանությանը։
«Օգտագործված է քրեական իրավունքին ոչ բնորոշ տերմինաբանություն։ Օրինակ՝ «փոխկապակցված անձ» ձևակերպումը, որն առավել բնորոշ է մրցակցային, հարկային և այլ ոլորտների օրենսդրությանը։ Քրեական իրավունքում այն չափազանց լայն է և կարող է ամեն ինչ ընդգրկել։ Կան բավականին ընդհանրական ձևակերպումներ, որոնցից պարզ չէ, թե կոնկրետ նախագահի գործողությունների որ մասին է խոսքը»,- նշել է Օրբելյանը։





