Փաշինյանը կորցնում է վերջին շանսը․ «Կարճ ասած»

21 Հոկտեմբերի, 2026

6 տարի առաջ այս օրը՝ 44-օրյա պատերազմի 25-րդ օրը, Նիկոլ Փաշինյանը, որպես գերագույն գլխավոր հրամանատար, կոչով դիմեց քաղաքապետ-գյուղապետերին։

Տեսանյութ – Նիկոլ. «Այս կոչն ուղղում եմ մեր երկրի բոլոր քաղաքապետերին, բոլոր գյուղապետերին, պետական և ՏԻՄ բոլոր մարմիններին, ղեկավարներին. կոչ եմ անում ձևավորել կամավորական ջոկատներ, որոնք կիրականացնեն հայ ժողովրդի իրավունքի պաշտպանության գործը։ Այդ ջոկատները պետք է դրվեն ԳՇ պետի տրամադրության տակ, և ձևավորման պահից պետք է համարվի համարժեք զինվորական երդմանը, որը նշանակում է, որ պետք է կանգնեն ամուր էն տեղերում և իրականացնեն իրենց առջև դրված խնդիրը»։

Ֆեյսբուքում էլ մի քանի կետանոց քայլեր գրեց՝ ձևավորել կամավորական ջոկատ, ընտրել հրամանատար, դիմել զինկոմիսարիատ, մեկնել առաջնագիծ, հաղթել։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույցներից մեկում այս որոշումը համարեց պարտության հիմնական պատճառներից մեկը․

Տեսանյութ – Քոչարյան. «Մենք 92-94թթ․ պատերազմը հաղթել ենք հիմնականում այն պատճառով, որ ջոկատներից անցում ենք կատարել կանոնավոր բանակի։ 27 տարի անց ինչպիսի՞ մտածելակերպ պետք է ունենա գերագույն գլխավոր հրամանատարը, որ այդ ամենը շուռ տա ու գնա հակառակ ուղղությամբ՝ կանոնավոր բանակից դեպի ջոկատներ։ Մարդ ինչքա՞ն հեռու պետք է լինի բանակից, անվտանգության հարցերից, որ այդպիսի հիմարություն թույլ տա իրեն նման ճակատագրական պահին։ Ջոկատներն իրենց տեղը պետք է ունենան, և կային ջոկատներ, որ իսկապես լավ են կռվել, բայց ջոկատները պետք է համալրեն, ոչ թե փոխարինեն կանոնավոր բանակին։ Սա ճակատագրական սխալ էր և պատերազմում մեր պարտության հիմնական պատճառներից մեկը»։

Նիկոլն ասում էր՝ 90-ականներին ավելի վատ էր, բայց կային մարդիկ, որոնք իրենց վրա վերցրին հայրենիքի, ժողովրդի ճակատագրի պատասխանատվությունը և հաղթեցինք։ Ա՛յո, ուղղակի այդ մարդկանց տեսակը լրիվ ուրիշ էր, քոնը՝ ուրիշ։ Նրանք անձնական շահերի հաշվին պարտության չէին տանում։

Նույն օրը Փաշինյանը նաև ասում է․

Տեսանյութ – «Այն, ինչ այս պահին ընդունելի է հայկական կողմի համար, արդեն անընդունելի է ադրբեջանական կողմի համար»։

Դրանից ընդամենը երկու օր առաջ պատերազմի դադարեցումը մերժած Փաշինյանն ասում է՝ հիմա էլ Ադրբեջանը արդեն դիվանագիտական լուծում չի ուզում, գնում է մինչև վերջ։ Այսինքն՝ երկու օրում էլ ավելի է վատացել մեր վիճակը։ Սա՝ 6 տարի առաջվա իրադարձությունները։

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին լուր տարածվեց, որ ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը: Բնականաբար՝ ՊՆ-ն, ԱԱԾ-ն գոյություն չունեն նման հարցերում, մամուլից ենք իմանում։ Մեզ մոտ վաղուց է նման լուրերը մամուլը հայտնում։ Միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն ասում է՝ ադրբեջանցի մոլորված հովիվը չի կարող անվտանգության սպառնալիք լինել, ադրբեջանցի հովիվը լիովին կարող է մոլորվել, նման դեպք կարող է տեղի ունենալ նաև մեր կողմից։ Այդպիսի դեպքերին երկու կողմերն էլ կառուցողական են մոտենում»։

Այո, մոլորվել հնարավոր է, բայց արդյո՞ք Միրզոյանի կառուցողական գործընկերները իսկապես կառուցողական են։ Ինչպե՞ս է, օրինակ, վարվել Ադրբեջանը, երբ սահմանն անցել են մոլորված հայ քաղաքացիներ։ Նրանք ենթարկվել են առևանգման, դաժան բռնությունների, խոշտանգումների, կեղծ մեղադրանքներով դատավարությունների և հիմնականում սպանվել են։

2010թ․ սեպտեմբերին Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի 20-ամյա բնակիչ Մանվել Սարիբեկյանը մոլորվել էր սահմանամերձ գոտում՝ մառախուղի պատճառով կորած անասուններին փնտրելիս։ Ադրբեջանական կողմը նրան ներկայացրեց որպես դիվերսանտ։  Գերեվարումից կարճ ժամանակ անց Բաքվի բանտում Մանվել Սարիբեկյանը սպանվեց։ 2014թ․ հունվարին Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի 77-ամյա բնակիչ Մամիկոն Խոջոյանը մոլորվել և անցել էր սահմանը։ Նրան էէլ ներկայացրին դիվերսանտ, ենթարկվեց դաժան ֆիզիկական խոշտանգումների։ Մարտ ամսին վերադարձրին Հայաստան ծայրահեղ ծանր վիճակում, և մահացավ։ 2014թ․ օգոստոսին Տավուշի մարզի Չինարի գյուղի 31-ամյա բնակիչ Կարեն Պետրոսյանը մոլորվելով հայտնվել էր ադրբեջանական գյուղում։ Նա ևս սպանվեց։ Սրանք փաստեր են Միրզոյանենց «կիրթ ու կառուցողական» գործընկերներից։

Այսօրվա իմ հիմնական թեման մեկ այլ աղետի մասին է՝ թե՛ անվտանգային, թե՛ տնտեսական, որը դարձյալ այս իշխանությունը բերում է մեր ու մեր երկրի գլխին։ Այս և հետագա օրերին մենք քանիցս կանդրադառնանք ԵԱՏՄ-ից Հայաստանը հեռացնելու թեմային, որը չափազանց իրատեսական է և աղետալի է լինելու բազմաթիվ փորձագիտական գնահատականներով։

Եվրասիական միջկառավարական խորհուրդը երեկ՝ հոկտեմբերի 20-ին, հրապարակել է զեկույց՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության դադարեցման հնարավոր հետևանքների մասին: Երեկ ամբողջ օրը Փաշինյանը ինչ-որ կատաղած գրառումներ էր անում ՏԻՄ ընտրությունների, բռնաճնշումների մասին։ Ըստ երևույթին, մեզանից շուտ էր տեղեկացել զեկույցի մասին և ինչ-որ ձևով արտահայտում էր իր ջղայնությունը։ Տնտեսական հնարավոր վտանգների մասին կխոսենք հաջորդ թողարկումներում․ այսօր անդրադառնանք հարցին՝ Հայաստանին կարո՞ղ են հանել ԵԱՏՄ-ից, որ տնտեսական վնասներ էլ լինեն կամ չլինեն։ Նիկոլ Փաշինյանը և կառավարության անդամները տարբեր առիթներով հայտարարել են, թե դա մեր որոշելիքն է։

Հիշենք՝ ԵԱՏՄ-ում անդամությունից զրկելու մասին խոսակցությունները սկիզբ էին առել 2025թ․ մարտի 26-ից, երբ Հայաստանի Ազգային ժողովն ընդունեց «Հայաստանի Հանրապետության՝ Եվրոպական միությանը անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը։ Մենք այս ընթացքում չենք տեսել հիմնավորում, թե ինչ օգուտ է տվել այդ օրենքը Հայաստանին։ Տպավորություն էր, թե ինադու են անում, որպեսզի Ռուսաստանի, ԵԱՏՄ-ի վրա ծախեն։ Փաստ է, որ այդ օրենքն ընդունելուց տարիուկես անց դեռ ոչ մի գործողություն տեղի չի ունեցել։ բայց Հայաստանը կանգնել է իր հիմնական շուկան կորցնելու առաջ։

Այս տարվա մայիսիին Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկը հայտարարեց, որ Աստանայում ԵԱՏՄ գագաթնաժողովը կքննարկի այդ կազմակերպությունում Հայաստանի կարգավիճակի հարցը։ ՌԴ փոխվարչապետին արձագանքեց Արարատ Միրզոյանը․ դա Հայաստանում քարոզարշավի ժամանակ էր․ ասաց՝ «Միայն Հայաստանը կարող է որոշել մնա ԵԱՏՄ անդամ, թե դուրս գա, անդամությունից հեռացնելու որևէ տարբերակ չկա»: Հաջորդ օրը թեմային անդրադարձավ Փաշինյանը՝ ասելով․ «ԵԱՏՄ-ում Հայաստանի կարգավիճակի հարցը կարող է քննարկել միայն Հայաստանը։ ԵԱՏՄ-ի անդամը միայն կարող է որոշել դուրս գալ, այլ գործընթաց չկա»։ Ռուսական կողմը բազմիցս է ասել՝ ուր գնում եք՝ ձեր գործն է, բայց չենք կարող թույլ տալ, որ դա տեղի ունենա մեր հաշվին՝ ԵԱՏՄ-ից ստանաք տնտեսական օգուտներ և գնաք հակառակ ուղղությամբ։ Հայկական կողմն էլ ասում է՝ մենք գիտենք, որ անհամատեղելի են, քանի դեռ կարողանում ենք մնալ ԵԱՏՄ-ում, կմնանք, հենց տեսնենք չենք կարողանում այլևս մնալ, կգնանք։ Բայց մենք ենք որոշում՝ երբ է այդ ժամանակը։

Եվ ահա Եվրասիական միջկառավարական խորհուրդը փաստացի ասում է՝ մենք արդեն որոշել ենք և վերջին հնարավորություն են տալիս։ Հղում են տալիս ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի երրորդ կետին, որտեղ նշվում է, որ Միության անդամները պարտավոր են չձեռնարկել միջոցներ, որոնք կարող են վտանգել Միության նպատակները։ Հղում են անում միջազգային պայմանագրերի իրավունքի մասին 1969 թվականի Վիեննայի կոնվենցիային, որի համաձայն՝ պայմանագրի մյուս կողմերը կարող են համատեղ որոշմամբ կասեցնել պայմանագրի գործողությունը էական խախտում թույլ տված պետության նկատմամբ։

Նիկոլենք ասում էին՝ չկա նման հնարավորություն, որ մեր աանդամությունը սառեցնեն կամ հեռացնեն, բայց ԵԱՏՄ-ն նշումէ  հենց այդ հնարավորության մասին։ Իրականում ֆիքսենք՝ եթե ուզենան հեռացնել, կհեռացնեն ամեն դեպքում․ օրինակ երբ Փաշինյանն ուզում էր սառեցնել անդամությունը ՀԱՊԿ-ում, դա արեց, չնայած որ չկար նման որևէ ընթացակարգ։ Իսկ ինչո՞ւ է հնարավոր անդամությունը ՀԱՊԿ-ում սառեցնել, ԵԱՏՄ-ում՝ ոչ։ Ասում են՝ այս կասեցումը կարող է տևել այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը հանրաքվե չի անցկացրել ԵԱՏՄ անդամակցության և ԵՄ-ին միանալու հարցի շուրջ։ Այսինքն՝ շտապեցնում են կատարելու հանրաքվե և վերջնական որոշում կայացնելու։

Հիմա սրանց արձագանքը ո՞րն է։ Արտգործնախարարն ասում է՝ զեկույցը դեռ չի կարդացել, ծավալուն է, Էկոնոմիկայի նախարարն էլ ասում է՝ որ հեռացնեն, մեր տնտեսությունը շատ չի տուժի, գազի գնի թանկացումն էլ հեչ, մի բան կանենք։ Այ սա ամենամեծ բլեֆն է, որովհետև ԵԱՏՄ շուկայից դուրս գաալով՝ Հայաստանի տնտեսությունը, զանազան փորձագետների վստահ գնահատականներով, փլուզվելու է։ Որովհետև այս ամբողջ ընթացքում ԵՄ-ԵՄ գոռալով՝ սրանք նորմալ շուկա չեն ստեղծել, ավելին, տարիներ շարունակ ԵՄ-ից խոսող Փաշինյանի օրոք ավելի է մեծացել տնտեսական կախվածությունը Ռուսաստանից ու դրա մասին խոսում են թվերը։ Կախվածության՝ երբևէ եղած ամենաբարձր աստիճանն է։ Գյուղմթերքի արտահանումը կասեցվեց, ոլորտը հիմա հազիվ է շնչում։

Տնտեսական խնդիրների մասին՝ հաջորդ թողարկմանը։

Կարճ ասած՝ ժողովուրդ ջան, Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամների այս զեկույցը զուտ վերլուծություն չէ․ սա նշանակում է, որ Հայաստանի հարցը մտել է օրակարգ, դրված է սեղանին և առաջիկա նիստում արդեն որոշում կկայացնեն։ Փաշինյանը նոյեմբերի առաջին օրերին, պետք է մասնակցի Եվրամիության ընդլայնման գագաթնաժողովին: Ըստ երևույթին, այս զեկույցն է ցույց տալու և փող ուզի, քանի որ իրեն միայն դա է հետաքրքրում։ Այն, որ Հայաստանը կոնկրետ, շատ լուրջ խնդիրների առաջ է, դա արդեն իրականություն է, նաղդ է, իսկ այն, ինչ նա կստանա Եվրամիությունից՝ վստահաբար լինելու են պարապ խոստումներ։

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը վստահություն է հայտնել, որ եղբայրական...