Այսօր` հոկտեմբերի 15-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 03:00-ի սահմաններում «Kia» մակնիշի ավտոմեքենան Աղավնատուն-Ամբերդ ավտոճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին, հողաթմբերին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող Արարատի մարզի բնակիչ 27-ամյա Գուրգեն Թ.-ն և Արմավիրի մարզի բնակիչ 27-ամյա Գագիկ Ե.-ն օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն են ստացել, ապա տեղափոխվել Վաղարշապատ քաղաքի «Մաստեր Մեդ» բժշկական կենտրոն։Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Արմեն Մուրադյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արթուր Խաչատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Լիտվին Գևորգյանի և վաշտի հրամանատար Դավիթ Մանուկյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արմեն Կարապետյանն ու Հրանտ Համբարձումյանը։Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Փայլակ Շմավոնյանի գլխավորությամբ։Վթարի մասին ոստիկանության Վաղարշապատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արամ Ղուկասյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, ու մինչ կժամաներ քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Վաղարշապատի բաժին, որ վիրավորներից Գուրգեն Թ.-ն գիտակցության չգալով մահացել է։Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։Քննչական բաժինը պարզում է՝ վիրավո՞րը, թե՞ մահացածն է եղել վարորդը։





