Կառավարության նիստից հետո ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը հիշեց, որ 2020 թվականի այս օրը պատերազմ էր, և կային զոհեր։ Իսկ ի՞նչ էր տեղի ունենում 2020 թ․ հոկտեմբերի 8-ին՝ պատերազմի 12-րդ օրը։ Չկար օր, որ ՊՆ-ն չհորդորեր զինվորներին հանկարծ հեռախոսով չխոսել, ծնողներին կոչ չաներ զավակներին չզանգել՝ նրանց իսկ անվտանգությունից ելնելով, որպեսզի թշնամին չկարողանա տեղորոշել և հարվածել։ Իսկ ի՞նչ էր անում մարդամեկը․ ուղիղ եթերում զանգել էր զինվորներին ու հարցնում էր, թե որտեղ են գտնվում, քանի հոգով են․․․
Զինվորների կյանքը վտանգի էր ենթարկում, որպեսզի ասի, թե իբր սիրում է նրանց, իր սրտի մեջ են, իր հոգու մեջ են։ Չգիտեմ՝ այդ զինվորների ճակատագիրն ինչպես դասավորվեց Փաշինյանի բերած-պարտված պատերազմում, բայց ամիսներ անց հոգու հանգստության կենաց էր խմում։
«Դուխ էր տալիս» ու տանում զոհելու։ Ինչի՞ էր արժանի․ դուք ասեք։ Պատերազմի 12-րդ օրը սկսեց դավաճանների որոնումները, թե բա՝ զինվորներին ինչ-որ մարդիկ գնում-համոզում են թողնել դիրքերը, ասում են, թե Նիկոլը ծախել է, պայմանավորված պատերազմ է և այլն։ Էն, որ Նիկոլ Փաշինյանը եկել էր Արցախը հանձնելու, 2018-ից ենք ասել, բայց, այ, իր նշած դեպքի առիթով պատերազմից 6 տարի անց դեռևս մեկ ապացույց չկա։ Սրանք մեկ խոսում էին հաղթող բանակի մասին, որն ազատագրում է ու գրավում, բայց զուգահեռ՝ ինչ-որ առերևույթ դավաճանների ու դասալիքների մասին։ Փաստենք, որ առաջինը հողեր ծախելու ու պլանավորված պատերազմի մասին խոսեց հենց ինքը՝ Փաշինյանը։
Երեկ հիշեցինք Փաշինյանի ելույթը, թե հենց հիմա էնպիսի օպերացիա ենք անում, որը դնելու է Արցախի բանակի հաղթանակի հիմքը։ Սաղ ՔՊ-ականներն էլ գրում էին՝ լավ լուր ենք լսելու, հերոսական օր է և այլն։ Խոսքը, ըստ երևույթին, հենց «Լելե Թեփեի» օպերացիայի մասին էր։ Տեղեկություններ կան, որ հրամանատարները կոչ են արել չգնալ այդ քայլին։ Գնացել են, և հայկական կողմը, տարբեր տեղեկություններով, կորցրել է հարյուրավոր զինվորներ, 60-ից ավելի տանկ։ Ըստ երևույթին, այս օպերացիայի տապալումն է կանխորոշել պատերազմի ելքը։ Եվ ասում են, որ դավաճանների փնտրտուքը հենց «Լելե Թեփեի» ձախողումը թաքցնելու համար էր, ինչպես նաև մեղքը գերագույն հրամանատարությունից տեղափոխելու համար։
Պատերազմի 12-րդ օրը աշխատանքից անակնկալ ազատվեց ԱԱԾ պետը․ մինչ օրս հայտնի չեն պատճառները։ Արդեն ոչ մի պաշտոն չունեցող Քյարամյանը անհասկանալիորեն ու կասկածելիորեն հայտնվեց պատերազմը կառավարող շտաբում։ Ընդհանրապես, այդ շտաբում հայտնվում էր ով ասես։ Հետո Քյարամյանը հայտնվեց Շուշիում, որտեղից նրա տարհանման մասին ուշագրավ լուրեր են շրջանառվում։ Սա՝ 6 տարի առաջ․․․
Իսկ երեկ ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը ադրբեջանցի զինվորի ու ադրբեջանցիների փաստաբանությունն էր անում, «դոշ էր տալիս» նրանց համար, աջակցում՝ որքան հնարավոր է, տեղ-տեղ կաշվից էլ դուրս գալով։ Նրա հետ միասին՝ պաշտպանության նախարար աշխատողը և ՔՊ-ական երեսփոխանները։ Աբսուրդ մտքերը շատ են տարածվել, վստահաբար՝ լսել եք․ փորձեմ ընդամենը մի քանի կետի անդրադառնալ։ Փաշինյանը հայ կնոջն էր մեղադրում, որը պաշտպանել է իր երեխաներին ու կասեցրել ահաբեկչին՝ այդ ընթացքում ծանր վիրավորվելով։ Ի՞նչ է ասում Նիկոլ Փաշինյանը։ Ասում է՝ եթե էդ կինը չլիներ, չդիմադրեր, այդ ադրբեջանցին չէր կրակի, ես նույն օրը հանձնած կլինեի։ Ասում է՝ այդ կինը թող սպասեր ոստիկանությանը, և ոչինչ էլ չէր լինի։ Թշնամին մտել է տուն, գերի վերցրել երեխաներին, զենքը պահել վրան, սա ասում է՝ թող սպասեր ոստիկանությանը։ Ես չգիտեմ՝ ինքը ոնց է պատկերացնում, ինքն այդպե՞ս կաներ։
Նախ՝ ոստիկանության մասին։ Տեսնենք, թե որ ոստիկանությանը պետք է սպասեր որդիներին տեռորիստի մոտ տեսած կինը։ Կարդում եմ միայն վերջին օրերի լուրերը․ Երևանի փողոցներում տղամարդը, դանակը ձեռքին, հայհոյել է, փորձել հաշվեհարդար տեսնել․ ոստիկանությունը չկա։ Մյուսը․ Աշտարակ քաղաքից դանակահարված քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց։ Ոստիկանությունը դեպքի մասին իմացել է հիվանդանոցից։ Երևանում ծեծկռտուք է եղել Առնո Բաբաջանյան փողոցում, հնչել են կրակոցներ, կա վիրավոր։ Ոստիկանությունը դեպքի մասին իմացել է հիվանդանոցից։ Դավթաշենի խճուղում վիճաբանություն-ծեծկռտուք է եղել՝ կրակոցներով․ ոստիկանությունը չկա։ Ոստիկանությանը հայտնել են, որ Երևանի Նազարբեկյան 26 շենքի բակում վիճաբանություն է տեղի ունենում․ մինչ եկել-հասել են, հայտնաբերել են ընդամենը արնանման հետքերը, իսկ տուժածը մահացել է հիվանդանոցում։ Արաբկիրում երկար ժամանակ եղել է ծեծկռտուք, ահազանգել են ոստիկաններին, այդ ընթացքում հնչել են կրակոցներ, երկու երիտասարդ տեղափոխվել է հիվանդանոց․ մինչ ոստիկանությունը եկել է, ինչպես ասում են՝ «պարահանդեսն» արդեն ավարտվել էր։ Մինաս Ավետիսյան փողոցից հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ, ոստիկաններն այդ մասին իմացել են հիվանդանոցից, և այլն, և այլն։ Սա այս օրերի լրահոսն է․ հիմա Նիկոլն ասում է՝ թող էդ կինը, ում երեխաները թշնամու ահաբեկչի նշանառության տակ էին, գերի էին, թող սպասեր այ էս ոստիկանությանը, որից ընդամենը մեկ դեպք եմ հիշում վերջին ամիսներին, որ կանխել է՝ «օրենքով գողի» մահափորձ, մնացած բոլոր դեպքերում ոչ թե կանխում է հանցագործություններ, այլ հանցագործություններից հետո պարզում է մասնակիցների շրջանակը։ Ոստիկանությունը իսկի իր դեմ գործողությունները չի կարողանում կանխել։ Հոկտեմբերի 5-ին կարդացի, որ Կոտայքի մարզում իրավախախտ վարորդը կրակել ու վիրավորել է երկու պարեկի։
Հարցն այն է, որ այդ կինը, ասում են, զանգել է ոստիկանություն, բայց ինքը ոստիկաններից շուտ է հասել ու ինքն է կանխել սպանությունը՝ ստանալով ծանր վիրավորում։ Երեկ մի քաղաքացի ասում է․ «Ով գիտի, Նիկոլը հենց լսել է ադրբեջանցի ահաբեկչի մասին, իր «ախռանիկների» թիվն ավելացրել է»։ Ծաղր է, բայց՝ խելքին մոտ։ Եթե դուք լինեիք գոնե մի քիչ խելքը գլխին իշխանություն, ոստիկանական համակարգը միայն Նիկոլի անվտանգության համար չլիներ, ի՞նչ կանեիք։ Ես, մասնագետ չլինելով, պատկերացնում եմ, որ հենց ստանային տեղեկություն, որ Սյունիքի մարզի այդինչ հատվածից ադրբեջանցի է մտել, այն էլ՝ զինված, անմիջապես կհաշվարկեին՝ նման բարդ տեղանքում 3 օրում ինչքան ճանապարհ կարող էր անցնել, քանի գյուղ կա էդ հատվածում, և ոտքի կհանեին ամբողջ ոստիկանությանը։ Պայմանական 30 հազար ոստիկան ինչի՞ համար եք պահում․ այդ հատվածի ամեն գյուղ անգամ 500 ոստիկան կարող էր հսկել, ուղեկալներ դնեիք։ Էդ դու հենց մի տեղ գնալիս ես լինում, ոստիկանական ուղեկալները շներով 5 օր առաջ էդտեղ են։ Սա է սրանց վերաբերմունքը քաղաքացիների նկատմամբ։
Մարդամեկը մե՛կ մեղադրում էր իր զավակներին պաշտպանող մորը, մե՛կ ընդդիմությանն էր մեղադրում։ Այնքան ասաց՝ բա որ մեր մի զինվորը շփոթվի ու հայտնվի Ադրբեջանում, որ մնում էր հարցնել՝ իսկ արդեն որոշե՞լ եք, թե երբ է մեր զինվորը «մոլորվելու» և հայտնվելու այնտեղ։ Ալիևի հե՞տ եք որոշել։
Փաշինյանը մինչ այս էլ բազմիցս ընդդիմությանն է մեղադրել, երեկ էլ էր մեղադրում, թե՝ ձեր բառապաշարը պատերազմի է, պատերազմ եք հրահրում և այլն։ Անկեղծորեն, ես որևէ այլ երկրում չեմ հանդիպել նման մեղադրանք ընդդիմության հասցեին։ Ո՞նց կարող է թշնամին ասել՝ «ես գերիներին չեմ տալիս ձեր ընդդիմության ելույթների պատճառով»։ Թո՞ւյլ եք, բանակցել չգիտե՞ք, պարտավորությունների տա՞կ եք, շանտաժների տա՞կ եք, պարզապես չե՞ք պահանջում, այլ պայմանավորվածությո՞ւն գուցե ունեք և գերիներին չի՞ տալիս, ի՞նչ կապ ունի ընդդիմությունը։ Ո՞նց կարող է ընդդիմադիրի ելույթը պատերազմի հանգեցնել։ Մեկ օրինակ բերեք աշխարհի պատմությունից։ Ռազմական բալանսի խախտումը կարող է բերել պատերազմի, դիվանագիտական ձախողումը ևս կարող է բերել պատերազմի, դաշնակից չունենալն ու միայնակ մնալը կարող է լավ գայթակղություն դառնալ թշնամու համար և բերել պատերազմի։ Այլ գործոններ էլ կան, բայց դրանց մեջ ընդդիմության ելույթները չեն տեղավորվում։
Փաշինյանի օրոք պատերազմ է եղել 2020 թ․ սեպտեմբերին․ ո՞վ է բերել, ընդդիմությո՞ւնը, թե՞ «Արցախը Հայաստան է, և վերջ» արտահայտությունը, բանակցությունների ձախողումը, գուցե ինչ-ինչ պայմանավորվածություններ կամ դրանց խախտումը։ 2022 թվականի Ջերմուկի պատերազմի պատճառը ընդդիմությո՞ւնն էր։ 2023 թվականի Արցախի շրջափակման, պատերազմի ու հանձնման պատճառը ընդդիմությո՞ւնն էր, թե՞ Փաշինյանը, որ Պրահայում ստորագրեց-հանձնեց Արցախը։
Կարճ ասած՝ ձեր «կիրթ ու կառուցողական գործընկերոջ» ահաբեկիչներին, դիվերսանտներին, ձեր բերած պատերազմները ընդդիմության գրպանը գցել ոնցոր չի ստացվում։ Ոչ էլ Ալիևի առաջ ստանձնած հնարավոր պարտավորություններն է ծածկվում քաղաքական հակառակորդներին մեղադրելով։ Ուշադրություն, չի ասում՝ կբերեմ հայ կնոջն ու երեխային վիրավորած տեռորիստի քթից, ասում է՝ կբերեմ ընդդիմության քթից։ Եվ ուրեմն հարց նրան՝ ադրբեջանցի տեռորիստը վափշե՞ մեղավոր չէ, Ադրբեջանը պատասխանատվություն կրո՞ւմ է, թե՝ չէ։
Իսկ թե ինչու է «դոշ տալիս» ադրբեջանցիների համար, ինչու է կրծքով պաշտպանում, և ընդհանրապես, որտեղից՞ ՔՊ-ին էսքան թրքասիրություն, այդ մասին կիմանանք, երբ նա այլևս իշխանություն չի լինի։
Սևակ Հակոբյան






