Թուրքիայի նախկին արտգործնախարար, պատգամավոր Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ անհայտ կորած անձանց հարցը գտնվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի օրակարգում և դրա անբաժանելի մասն է։ Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները։
Չավուշօղլուն այս մասին ասել է Բաքվում անցկացվող Անհայտ կորած անձանց հարցերով 4-րդ միջազգային համաժողովում։
Նրա խոսքով՝ աշխարհում հակամարտությունների հետևանքով հարյուր հազարավոր մարդիկ անհետ կորել են, և նրանց թիվը շարունակում է աճել։ Նա կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել միջազգային մարդասիրական իրավունքն այս հարցում ամրապնդելու ուղղությամբ։
Անդրադառնալով Հարավային Կովկասին՝ Չավուշօղլուն նշել է, որ Ադրբեջանում ավելի քան 4,000 մարդու ճակատագիր շարունակում է անհայտ մնալ։
«Այսօր՝ նախագահ Իլհամ Ալիևի ջանքերի շնորհիվ, Հարավային Կովկասում խաղաղության նախաձեռնությունն ավելի կոնկրետ ձև է ստացել։ Անհայտ կորած անձանց հարցը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի անբաժանելի մասն է և գտնվում է օրակարգում», — ասել է նա։
Նա նաև ընդգծել է, որ կայուն խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է հաշտեցում։



