Ովքե՞ր են ադրբեջանցի տեռորիստին պաշտպանողները․ «Կարճ ասած»

7 Հոկտեմբերի, 2026

 

6 տարի առաջ այս օրը պատերազմ էր, և որքան մեր վիճակը ծանրանում էր, այնքան ավելանում էր սուտը։ Գոնե չէին ուզում աստիճանաբար մոտեցնել իրականությանը, կտրուկ հակառակն էին ասում։ Ստի հիմնական քարոզչավայրը ֆեյսբուքն էր։ Կարծես դիտմամբ չէր արգելափակվում այդ հարթակը, որպեսզի իշխանությունները ստերը տարածելու տեղ ունենան։

2020 թ․ այս օրը ԱԺ փոխնախագահ աշխատող Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքում գրեց․ «Ինչ-որ բան ինձ հուշում է, որ շուտով էլի լավ լուր կլինի»։ Դե, մարդիկ ասում էին, քիչ մարդ չէ, ԱԺ փոխնախագահ է, մի բան գիտի։ Ի՞նչ գիտեր Ալեն Սիմոնյանը․ այո, ստել։ Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը շարունակում էր ծաղրել Ալիևին՝ գրելով․ «Ալիևը շուտով չոքեչոք ցարի մոտ է գնալու, բայց ցարը, հավանաբար, ավելի կարևոր գործեր կունենա։ Սուլթանին գրկախառնվելն այլևս օգուտ չի»։ Արծրուն Հովհաննիսյանը գրում էր․ «Այս օրը հայոց պատմության փառավոր հաղթանակներից մեկի օրն է»։

Նիկոլ Փաշինյանն ափալ-թափալ հարցազրույց տվեց՝ ասելով․

Տեսանյութ — «Իմ տեղեկություններով, այս րոպեներին դրվում է ղարաբաղյան բանակի վերջնական հաղթանակի իրական հիմքը»։

2021 թվականի սեպտեմբերի 23-ին Իլհամ Ալիևը հայտարարեց, որ 2020թ․ այս օրը՝ հոկտեմբերի 7-ին, ինքն ու Վլադիմիր Պուտինը առաջարկել են հայկական կողմին դադարեցնել պատերազմը, բայց Փաշինյանը մերժել է, ինչը ճակատագրական է եղել։ Եթե ընդուներ առաջարկը, այդքան ստորացուցիչ չէր լինի պարտությունը, զոհերը քիչ կլինեին, տարածքային կորուստները՝ ևս։ Սա ծայրահեղ ծանր վիճակում ոչ միայն մերժում է դադարեցնել պատերազմը, այլ մի հատ էլ ասում է՝ «վերջնական հաղթանակ ենք տանում»։ Երևի մտածել է՝ որ առաջարկում է կանգնեցնել, ուրեմն պարտվում է։ Հերքում չենք լսել, որ եղել է պատերազմը դադարեցնելու առաջարկ։

Եթե այդ օրերին թշնամուն որքան հնարավոր է՝ թույլ ու վախկոտ էին ներկայացնում, որն ամեն պահի նահանջում է, և նահանջը կոծկելու համար հրթիռակոծում մեր քաղաքները, ապա հիմա լրիվ հակառակ պատկերն է․ թշնամու ամեն պահանջ կատարում են, կուլ են տալիս բոլոր նվաստացումները՝ «որ պատերազմ չլինի» պատճառաբանությամբ։

Ի՞նչ է կատարվում այսօր․ մարդամեկը հարցազրույց է տվել ու անդրադարձել Հայաստանի սահմանն անցած ադրբեջանցի տեռորիստին։ Երևի ասում եք՝ ավելի ճիշտ կաներ՝ ոչ էլ խոսեր։ Ակնարկում է, որ ինչ-որ ժամանակ կմնա Հայաստանում, հետո կարտահանձնի։ Բայց գերիների հետ չի ուզում փոխանակել․ հիմնավորումը վերջն է․ «Ենթադրենք իրենց ասենք՝ գերիներից մեկին մեզ տվեք, որ էս զինվորին տանք. վաղը որ մեզնից զինվոր անցնի, բա մենք ո՞ւմ ենք տալու»։ Նախ՝ կա «բոլորը բոլորի դիմաց» սկզբունք․ պարտադիր չէ մի գերի հետ բերես։ Բայց հարցն այն է, որ սրա մտքով չի անցնում փոխանակումը։ Ի՞նչ եք կարծում, ժողովուրդ, որ հանկարծ Հայաստանից զինվոր անցնի Ադրբեջան, գերի վերցնի, վիրավորի, բռնեն՝ ի՞նչ կանեն։ Դուք այդ տեռորիստի դեմքը տեսե՞լ եք։ Իսկ նրանք կնկարեն ու ամբողջ ստորացումը ցույց կտան ու կասկածում եմ, թե ողջ կհանձնեն։ Սա քա՞նի հատ տեռորիստի, մարդասպանի է հանձնել, որպես բարի կամք։

Կամ ասում է՝ «Մենք ունենք պայմանավորվածություն, որ զինվորների անցնել-դառնալու պրոցեսները անջատ ենք նայելու բոլոր դեպքերից»։ Դու այս պահին ունես գերիներ, ինչո՞ւ ես դեպքերը առանձին նայում, չես կարողացել բանակցել-ստանալ, հիմա ունեսդ առիթ ստանալու համար։ Ի՞նչ է նշանակում զինվորի դեպքը ուրիշ է։ Փաշինյանը, վախենամ, մոտենում է այն տրամաբանությանը, որ ասի՝ որպեսզի նրանց հետ բերենք, պետք է իրենց համարժեք մարդ գերի բռնենք՝ նախագահ, արչապետ, ԱԺ նախագահ, արտգործնախարար։ Այ էդքան աբսուրդ է։

Մարդկանց մոտ տպավորություն է, որ Փաշինյանը մեղմացնում է տեռորիստի քայլերը․ ասում է՝ դե չի դիմադրել։ Վիրավորել է կնոջ, նրա երեխային։ Սա ասում է՝ դե չի դիմադրել։ Բայց հլը դա էլ մի կողմ, ասում է՝ «Պարզ չի` ադրբեջանցի զինվորը ուզեցել ա անցնի Հայաստան, թե՞ մոլորվել ա», «Բացարձակ անհեթեթություն է, որ դիվերսիա է եղել»։ Այդ ադրբեջանցին դեռ չի հարցաքննվել, Նիկոլն արդեն ասում է՝ չէ, ի՞նչ դիվերսիա։ Հիմա որ հարցաքննվի-ասի ես նպատակաուղղված սահմանն անցել եմ և կրակել եմ, ի՞նչ են ասելու քննչական մարմինները, խնդրելու են ցուցմունքը փոխի՞, որպեսզի համապատասխան լինի Նիկոլի վարկածներին։ Ինչպես միշտ, վարկածները դա է թելադրում․ չենք զարմանա, եթե գործը քննվի իրոք մոլորվելու, կնոջ ուղղությամբ անզգուշաբար կրակելու հատկանիշներով։

Ժողովուրդ ջան, նկատե՞լ եք, թե ադրբեջանցի տեռորիստի մասով ինչքան հանգիստ է այդ երկրի պաշտոնական շրջանակը, մամուլը, պահանջներ առանձնապես չկան․ ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է այդպես։ Ես մեկ պատճառ եմ տեսնում և կարծում եմ՝ համաձայն կլինեք․ նրանք ինչ էլ ասեն՝ Փաշինյանից ու ՔՊ-ից լավ չեն պաշտպանի էդ տեռորիստին։ Ի՞նչ պետք է ասի «Ենի Ազերբայջան» կուսակցությունը, որ ավելի լավ պաշտպանի այդ տեռորիստին, քան ՔՊ-ն, ի՞նչ պետք է ասի Ալիևը, որ ավելի լավ պաշտպանի, քան Փաշինյանը։ Ի՞նչ պետք է ասի Հասանովը, որ Պապիկյանից ավելի լավ պաշտպանի ադրբեջանցի տեռորիստին։

Մարդիկ, բնականաբար, նյարդային են արձագանքում Փաշինյանի՝ այդ ադրբեջանցու վերաբերյալ ձևակերպումներին։ Ժողովուրդ ջան, առաջարկում եմ անել հետևյալ կերպ (ես այդպես եմ անում)․ երբ ինչ-որ բան է տեղի ունենում, առաջարկում եմ ձեզ չտանջեք՝ մտածելով, թե ինչու է մարդամեկը ուշ արձագանքում, ի՞նչ կասի, կարո՞ղ է հանձնի, փոխանակի և այլն։ Եթե ուզում եք հասկանալ՝ ինչ ռեակցիա կտա Նիկոլը, միանգամից պատկերացրեք՝ ինչ ռեակցիա կտար Իլհամ Ալիևը։ Ի՞նչ ռեակցիա կտա Ալիևը, եթե ադրբեջանցի դիվերսանտը հատի Հայաստանի սահմանն ու տեռոր անի։ Ինչ ռեակցիա որ կտա Ալիևը, վստահաբար՝ նույնն էլ՝ Նիկոլը։ Մեծ հավանականությամբ, Ալիևը կասի՝ «ի՞նչ դիվերսիա, անհեթեթություն է»։ Նաև կասի՝ «Մոլորվել է, չի ուզել սահմանն անցնել»։ Եթե Ալիևին հարցնես՝ «կփոխե՞ք գերիների հետ», կասի․ «Ոչ մի դեպքում, սա միամիտ է կրակել, նրանք հանցագործ են»։ Դե ամենքդ ձեզ համար որոշեք, թե ում շահերն է սպասարկում Հայաստանում իբրև վարչապետ աշխատողը։

Կարճ ասած՝ ժողովուրդ ջան, սա հեռակառավարման վահանակ է՝ պուլտ։ Ոնց ուզես՝ կառավարում ես։ Դնում ես այն ալիքը, որը ցանկանում ես տեսնել․ եթե տրամադրությունդ վատ է՝ կարող ես փոխել կոմեդիա, լացդ գալիս է՝ հնդկական կինո։ Տպավորություն է, որ նրան էլ այդպես կառավարում են վահանակով։

Կհարցնեք՝ որտե՞ղ է գտնվում մարդամեկի կառավարման պուլտը, երբ խոսում է ադրբեջանցի տեռորիստից։ Կհարցնեք՝ որտե՞ղ է գտնվում նույն պուլտը, երբ հարաբերությունները քանդում է և գյուղացուն մատնում աղքատության․ տպավորություն է, որ Եվրամիության ձեռքին։ Ո՞վ է  կառավարում պուլտը, երբ սա Իրանի հետ սահմանին բերում է նրանց թշնամի ամերիկացիներին։ Տպավորություն է, որ հենց ԱՄՆ-ն։ Երբ հարձակվում է Եկեղեցու վրա, տպավորություն է, որ կառավարման պուլտը գտնվում է Փաշազադեի ձեռքին։

Այ տպավորություն է, որ այդ պուլտը գրպանները դրել են և կառավարում են ըստ տրամադրության և ցանկության։ Մի տարբերություն կա․ երբ մենք պուլտը սեղմում ենք, երբեմն դանդաղում է, ուշ է կատարում հրահանգը։ Իսկ այ այդ մյուս պուլտին «զադերժկա» չկա․ հենց սեղմում են համապատասխան կոճակը, հրահանգը կատարում է անմիջապես։

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Լիլիթ Գալստյանը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովին կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու

Լիլիթ Գալստյանը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովին կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու

ԵԱՀԿ ԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանի ելույթը՝ Անդորրայում ընթացող ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանում «Հարգելի՛ գործընկերներ, Դիմում եմ ձեզ՝ որպես ԵԱՀԿԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ և ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային...

Երեկվանից ստանձնել եք հանցագործություն իրականացրած ադրբեջանցու դատապաշտպանի դերը․ Գրիգորյանը՝ Փաշինյանին

Երեկվանից ստանձնել եք ադրբեջանցու՝ հանցագործություն իրականացրած ադրբեջանցու դատապաշտպանի դերը։ Դուք Հայաստանի Հանրապետության վարչապետն եք և ոչ թե Ադրբեջանի։ Հետևաբար, ավելի հետաքրքրված պետք է լինեք...

Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին

  «Ինչի՞ եք այսքան նյարդային, այս թեմայից ինչի՞ եք սենց նյարդայնանում․ ադրբեջանցին եկել է, կրակել է հայ ընտանիքի վրա, հայ կնոջը վիրավորել է, եկել եք ընդդիմությանն եք սպառնում։ Ձեզնից վախեցող չկա, քանի անգամ ասենք։ Ութ տարի անում եք՝...

Երևանի կենտրոնում էլ է կրիմինալ լինում, Երևանի կենտրոնում էլ են մտնում մարդու տուն, գնդակահարում․ Փաշինյան

Երևանի կենտրոնում էլ է կրիմինալ լինում, Երևանի կենտրոնում էլ են մտնում մարդու տուն, գնդակահարում են, ավազակային հարձակում են անում։ Ի՞նչ, փշալարեր քաշե՞նք Երևանով, Մաշտոցի պողոտայով, ռազմական դրությո՞ւն...

Եթե բիզնեսները չեն աշխատում ոչ իրենց կամքով, դա լավ չէ. Մհեր Գրիգորյան

  «Այսօր Հայաստանի Հանրապետությունում 60-ից ավելի բիզնեսներ փակված են, և փակված են ապօրինի։ Եվ սա իմ քաղաքական գնահատականը չի, որովհետև մեկ ամիս շարունակ 20-ից ավելի հարցումներ եմ ուղարկել իրավապահ, ուժային կառույցներին, և որևէ մեկը...