Ինչե՞ր են պայմանավորվել թշնամու հետ․ «Կարճ ասած»

28 Սեպտեմբերի, 2026

Լրացավ 44-օրյա հրահրված պատերազմի և պլանավորված պարտության 6-րդ տարելիցը։ 6 տարի առաջ հենց այս օրը մեր երկրի գլխավոր սուտասաններից մեկը՝ Արծրուն Հովհաննիսյանը, ճեպազրույցում ասում էր․ «Մեր ԶՈՒ-երն ունեն նշանակալի հաջողություններ։ Մեր զոհերի մասին ադրբեջանական կողմի հայտնած թվերը չեն համապատասխանում իրականությանը»։ Իսկ թշնամին, ըստ նրա, սարսափած է ծանր կորուստներից։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ասում էր․ «Տասնյակ տանկեր գալիս են, խփում ենք, նորից գալիս են։ Մի պահ արդեն չէինք կարողանում հաշվել՝ ինչքան տեխնիկա ենք խփում։ Հաղթելու ընթացքում քաղաքական ճիշտ որոշումներ կկայացնենք»։ Իրականությունը լրիվ հակառակն էր հենց առաջին օրից։ Սա ստերի ընդամենը երկրորդ օրն էր, դեռ 42 օր պետք է շարունակվեր։

2020թ․ սեպտեմբերը մեր աղետների սկիզբն էր։ Պատերազմից հետո անընդհատ ասել են, համոզել են, մարդկանց հիմարացնել են փորձել, թե՝ նախկիններն են հանձնել Արցախը, վաղուց էր հանձնված, գցեցին հարիֆի ջեբը, զենք չկար, դասալիքներ կային և այլն։ Բայց անցնող տարիներին կատարվածը, այս իշխանության պահվածքը, գործողությունները շատերին ստիպեցին վերագնահատել կատարվածը։

Այս տարիները մեր երկրի, ժողովրդի համար չեն եղել ցավն ամոքելու, առաջ նայելու շրջան․ մենք մնացել ենք նոյեմբերի 9-ի մեջ, ու գլխավոր պատճառն, ըստ իս, գլխավոր հերոսին չփոփոխելն է։ Մեր բազմադարյա պատմության գլխավոր հակահերոսին իշխանության թողնելը պատճառ է շարունակական նվաստացումների, մարդկային, տարածքային կորուստների։

Անցնող տարիները եկան ժողովրդին ապացուցելու, որ այս մարդիկ ամեն ինչ արել են միտումնավոր, պլանավորված։ Չգիտեմ՝ երբ է դա ծրագրվել․ գուցե 2018թ․ հունիսին, երբ բեմադրվում էր հայտնի «տուշոնկա-շոուն»։ Գուցե 2018թ․ հուլիսին, երբ կալանքի տարան Ռոբերտ Քոչարյանին, քրգործեր հարուցվեցին Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի դեմ, արդեն պատրաստե՞լ էին այդ պատերազմն ու պարտությունը։ Երբ փոփոխում էին զենքի գնման պլանը ու անօդաչուների, ՀՕՊ միջոցների փոխարեն ելակ էին բանակ մատակարարում, արդեն պլանավորե՞լ էին պարտությունը։ Սրանց պահվածքից շատ բան ակնհայտ դարձավ։

Օրինակ՝ ակնհայտ էր, որ չեն սգալու սեպտեմբերի 27-ը, չեն հղելու ուղերձներ, չեն այցելելու Եռաբլուր․ բայց որ պատերազմի օրը սրանց համար կլինի տոն, նորություն էր։ Մենք մինչ այս մտածում էինք, թե իրենց համար մեկ են մեր զոհերը, մեր հայրենիքի հանձնումը, բայց կարծում եմ՝ սխալվել ենք․ նրանց համար մեկ չէ, նրանք ուրախ են, իրենց համար տոնական օր էր, պետական հեռուստաեթերով ուրախ համերգ է։ Եռաբլուրի բարձունքում ողբ էր, Նորքի բարձունքից՝ քեֆ-ուրախություն։ Իսկ ինչի՞ պետք է ՔՊ-ն քեֆ չաներ, ինչի՞ պետք է ուրախ չլինեին․ հո՞ղ են կորցրել, երեխանե՞ր, ամուսիննե՞ր, հայրե՞ր, տնե՞ր, առողջությո՞ւն, հայրենի՞ք․․․ Մենք կորցրել ենք, իրենք ի՞նչ են կորցրել, անգամ իրենց գրողի տարած աթոռը չեն կորցրել։

Դրա համար են ուրախ, դրա համար են Արցախը հանձնելու օրը հռչակում Հայաստանի ազատագրման օր։ 44-օրյա պատերազմի տարելիցին ևս մեկ անգամ իմացաք՝ ում հետ գործ ունենք։ Եվ այսքանը մեր գլխով անցնելուց հետո, այո, հարցնում ենք՝ այս ամենը դիտմամբ չէ՞ր։ Բանակցությունները տապալելը դիտմամբ չէ՞ր, պատերազմ հրահրելը դիտմամբ չէ՞ր՝ ամբաղ-զամբաղ ելույթներով․ պատերազմը չկանգնեցնելը դիտմամբ չէ՞ր։

44-օրյա պատերազմում պարտությամբ ու հետագա քայլերով սրանք միայն չհանձնեցին Արցախը․ փոխեցին նաև տարածաշրջանում իրավիճակը, ուժերի հարաբերակցությունը, Հայաստանի հարաբերությունները թշնամացրին ռազմավարական գործընկերոջ հետ, Հայաստանից օկուպացնել տվեցին տարածքներ, հանձնեցին տարածքներ՝ գրավոր ու բանավոր պայմանավորվածություններով, պարտավորվեցին փոխել Սահմանադրությունը, պարտավորվում են ադրբեջանցիներին բերել մեր երկիր։ Հետո հասան նրան, որ մեր երկիրը միջանցք դառնա թուրքերի ու ադրբեջանցիների համար։ Իսկ սա պայմանավորված չէ՞ր։ Որ պատերազմը պլանավորված էր, հետպատերազմյան այս աղետները պլանավորված չէ՞ին։

Բազմիցս հարցրել ենք՝ ինչո՞ւ եք երկու անգամ մերժել պատերազմը դադարեցնելու առաջարկը, երբ գիտեիք՝ պարտվում ենք։ Իսկ եթե շարժվենք այն վարկածով, որ պլանավորված գնում էր պարտության, դադարեցնելը պարտվելու տրամաբանության մեջ տեղավորվո՞ւմ է։ Ասում ենք՝ շուտ դֆադարեցնեիք՝ զոհերը քիչ կլինեին։ Բայց կարևոր եմ համարում հասկանալը՝ նրանց պե՞տք էր զոհերի քիչ լինելը։ Եթե այդ մարդն առանց օդը փակելու ասում էր՝ հելեք տանից կասկա առեք-գնացեք, չգիտե՞ր, որ ուղարկում է երաշխավորված զոհվելու։ Հերոսի մայրը հարցնում է՝ «Էս տղերքն էին խանգարո՞ւմ ձեր խաղաղությանը»։ Ո՛չ, Տիկին Աստղիկ, մենակ մեր նահատակները չէ, մե՛նք ենք խանգարում, հայ ժողովուրդը․ խանգարում ենք Նիկոլին ու Ալիևին։

Հարցնում ենք՝ ինչո՞ւ պատերազմից 6 տարի անց ունենք գերիներ․ իսկ սրանք ուզո՞ւմ են գերիների վերադարձ։ Իսկ եթե պատերազմի և 5 հազար զոհի տարելիցը սրանց համար տոնական օր է, գերիների դատավճիռների օրերը տոնական չէի՞ն։ Երբ Արցախը շրջափակել էին, սովի մատնել, ի՞նչ արեց Հայաստանի իշխանությունը․ այդ տարի Երևանում մեկ ամիս շուտ վառեց տոնածառի լույսերը ու ամեն օր համերգներ կազմակերպեց Հրապարակում։

Պատերազմից 6 տարի անց դեռ պահանջում ենք հրապարակել զոհերի անունները։ Իսկ ինչո՞ւ հրապարակի, եթե զոհերն իր համար մեկ են․ եթե մեկ չեն, ինչո՞ւ չկան անունները, ինչո՞ւ են թվեր, համարակալված, այն էլ՝ պլյուս-մինուսով։ Եթե մեկ չեն, ինչո՞ւ են նրանց նահատակության օրերին իշխանական խրախճանքներ։

Մեկ դեպք ասեք, որ սրանք դատապարտել են օկուպացված Արցախում հայկական հուշարձանների քանդումը։ Ասում ենք՝ արձագանքեք․ իսկ ինչո՞ւ արձագանքեն, գուցե դե՞մ չեն։ Ժողովուրդ ջան, սրանք որ Հայաստանի Հանրապետությունում դպրոցներից, շենքերի պատերից ջնջում են հայ հերոսների նկարները, պետք է ըմբոստանա՞ն, որ Ադրբեջանը քանդում է հայկական հուշարձաններն ու պղծում հերոսների շիրիմները։ Սրանք էլ այստեղ են պղծում։

Վերջին տարիները եկան ապացուցելու, որ, իմ ժողովրդի գնահատմամբ, ամեն ինչ արել են դիտմամբ։ Չի արվել ոչ մի բան, որ չլինի պատերազմ, և արվել է ամեն ինչ, որ դա լինի։ Չի արվել ոչինչ չպարտվելու համար, և արվել է ամեն ինչ, որ դա լինի։

Գնում է իբր խաղաղության մրցանակ ստանալու, շնորհակալություն է ասում Ալիևին, ասում է՝ նա էլ է արժանի։ Բա չէ՞ որ միասին են սրանք արել։ Ի՞նչ տարբերություն կա էն երկուսի միջև, որոնցից մեկը մեր տղերքին ուղարկում է հստակ մահվան, որ իրեն դավաճան չասեն, ու էն մարդու միջև, որ սպանում է նրանց։ Ասում էր՝ պատրաստ եմ զոհվելու, բայց զոհեց հազարներին, հանուն իր աթոռի, իսկ ողջ մնացածներին էլ ասում է՝ ինչո՞ւ չեք զոհվել։

Ի դեպ, Ադրբեջանը, որը պատերազմում հաղթած կողմ է, հարգեց իր զոհերին և պետական եթերներով համերգ չկազմակերպեց։

Մեր տղերքն էին ափսոս։

Կարճ ասած՝ ՄԱԿ-ի ամբիոնից Փաշինյանն ասում է․ «Արտաքին ու ներքին մի շարք ուժեր պետության զավթման պլան էին մշակել»։ Պետության զավթման պլանը չգիտեմ՝ երբ է մշակվել, բայց իրականացվել է 2018թ․։

Ժողովուրդ ջան, գիտե՞ք որքան կուզենայի այսօր խոսել վերափոխման մասին, առաջ նայելու, ողբերգությունը հաղթահարելու մասին, բայց ուղղակի դրա նախադրյալները չեմ տեսնում։ Մենք պատերազմից հետո երկու անգամ ունեցել ենք այդ վերափոխման հնարավորությունը․ չենք օգտվել։ Հիմա մենք դեռ նոյեմբերի 9-ի մեջ ենք։ Այդ կտրուկ փոփոխությունը կլինի էն ժամանակ, կարծում եմ, երբ բոլորս հասկանանք՝ մեր երկիրը զավթված է ներսից։ Հենց դա գիտակցենք ամենայն խորությամբ, մենք ինքներս մեզ կազատենք այս գերությունից։

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

ԱՄՆ-ն և Իրանը միջնորդների միջոցով նոր շփումներ են ունեցել․ Թրամփ

ԱՄՆ-ն և Իրանը միջնորդների միջոցով նոր շփումներ են ունեցել․ Թրամփ

Իրանը և Միացյալ Նահանգները միջնորդների միջոցով նոր շփումներ են ունեցել։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Այո, նրանք արել են դա»,- ասել է ԱՄՆ վարչակազմի ղեկավարը Սպիտակ տանը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք այսօր...

«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ Լիխաչով

«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ Լիխաչով

«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում, պատմել է պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, հաղորոդում է ՏԱՍՍ-ը։ «Հայ գործընկերների հետ աշխատում ենք «Նաիրիտ» նախագծի...

Հաղթել Ռուսաստանի պես երկրին անհնար է. Պուտին

Հաղթել Ռուսաստանի պես երկրին անհնար է. Պուտին

Հաղթել Ռուսաստանի պես երկրին և վախեցնել ռուսաստանցիների պես մարդկանց անհնար է։ Այս մասին ընդգծել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Նա նշել է, որ հակառակորդը փորձում էր խանգարել քվեարկությանը, և...

«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». ՔՊ-ական թաղապետը սպառնացել է իր կրթության բաժնի պետին. «Ազատություն»

«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». ՔՊ-ական թաղապետը սպառնացել է իր կրթության բաժնի պետին. «Ազատություն»

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը նիստի ժամանակ կրթության բաժնի պետին սպառնացել է թևից բռնել, «դուրս շպրտել», երբ նա հանդգնել է արձագանքել թաղապետի դիտողություններին; Այդ մասին «Ազատությանը»պատմում է կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Լիանա...

Հանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․ զոհվածի հայր

Հանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․ զոհվածի հայր

44 օրյա պատերազմի մասնակից Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր հանդիպել եմ քաղաքապետարանի մամուլի խոսնակ Ջուլիետա Աղաջանյանի հետ։ Հանդիպման ընթացքում ստացա անհրաժեշտ պարզաբանումներ և ունեցանք կառուցողական զրույց։...