Իսկ թալանի մրցանա՞կը երբ կստանա․ «Կարճ ասած»

18 Սեպտեմբերի, 2026

 

Կար մի մարդ, որը սրանից ուղիղ 13 տարի առաջ, երբ խորհրդարանում քննարկվում էր պաշտոնյաների աշխատավարձի բարձրացման հարցը, դատափետեց, ասաց, որ ինքը չի կարող կողմ քվեարկել, որովհետև երբ իր ուսուցիչը իրեն հարցնի՝ ինչու է իր աշխատավարձը քիչ, ինչու է թոշակը քիչ, որ ապրելուն չի հերիքում, պատասխան չի կարող տալ։ Ասում էր՝ ամոթ է ժողովրդի աղքատության ֆոնին սեփական գրպանները լցնելը։ Երեկ այդ մարդն արդեն որպես վարչապետ որոշեց հերթական անգամ կտրուկ բարձրացնել պաշտոնյաների, բարձր պաշտոնյաների, անձամբ իր աշխատավարձը։ Նվազագույն աշխատավարձը մեր երկրում 75 հազար դրամ է։ Երբ բարձրանում է նվազագույն աշխատավարձը, ինքնաբերաբար բարձրանում է պաշտոնյայի աշխատավարձը։ Հիմա սրանք ոչ թե բարձրացնում են նվազագույն աշխատավարձը, որ իրենց աշխատավարձն էլ բարձրանա, այլ ընդամենը իրենց գործակիցներն են շատացնում, որպեսզի նվազագույն աշխատավարձը հանկարծ չբարձրանա, այլ բարձրանա միայն պաշտոնյայի աշխատավարձը։ Օրինակ՝ սելֆիների սիրահար և տաղանդավոր դաշնակահար Վահագն Խաչատուրյանի, այն է՝ ՀՀ նախագահ աշխատողի աշխատավարձի գործակիցը 19-ից դարձնում են 32։ Այսինքն՝ եթե Վահագն Խաչատուրյանը հունվարի 1-ից կստանա ոչ թե 1,5 մլն դրամ ամսական աշխատավարձ, 2027թ․ հունվարի 1-ից կստանա 2.6 միլիոն։ Նույնը՝ Նիկոլ Փաշինյանի աշխատավարձը։ Բայց ընդամենը այդքանը չէ․ Նիկոլ Փաշինյանն ամեն ամիս ստանում է մեկուկես մլն դրամ աշխատավարձ և նույնքան հավելավճար, այսինքն՝ 3 մլն դրամ ամեն ամիս։ Հիմա, երբ նրա աշխատավարձը բարձրանում է 2,6 մլն, հավանաբար, նույնքան էլ հավելավճար է ստանալու, այսինքն՝ 5,2 մլն այնքան աշխատավարձ կստանա ամեն ամիս, որքան զավթված ՀԷՑ-ից ստանում է Ռոմանոս Պետրոսյանը։ Նախարարները ստանալու են 2 մլն դրամ ամսական աշխատավարձ՝ հավելավճարներն ու պարգևավճարները չհաշված։ Պատգամավորները ստանալու են 1,5 մլն դրամ ամսական՝ չհաշված հավելավճարներն ու պարգևավճարները։ Այսինքն՝ գումարեք ևս այդքան։ Երևի որպեսզի Կոնջորյանի աշխատավարձը հավասարեցնեն պետհիմնարկում աշխատող յուր տիկնոջ աշխատավարձին։ Սիրելի՛ ժողովուրդ, ձեզանի քանի՞սի ընտանիքներում է, որ մարդ ու կին ամսական 3 մլն դրամից ավելի եկամուտ ունեն։

Օրինակ՝ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարը մեկ տարում ստացել է շուրջ 35 մլն դրամ աշխատավարձ, այսինքն՝ մոտ 3 մլն դրամ ամսական։ Հիմա կրկնապատկվում է։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ստացել է ամսական 2,5 մլն դրամ, հիմա կրկնապատկվելու է։ Ուսուցչին ասում են՝ ատեստացիա անցիր, որ աշխատավարձդ բարձրանա։ Երեկ Նիկոլն ասում էր՝ մենք զրո դասարանի վրա ենք, այսինքն՝ անգրագետ կառավարություն, ըստ Նիկոլի, բայց աշխատավարձը կտրուկ բարձրանում է։ Մարդամեկն  ասում է՝ պաշտոնյայի աշխատավարձը բարձրացնում ենք ժողովրդի համար։ Էդ ո՞նց։ Ո՞նց կարող է Հայաստանում աղքատությունը 8 տարի համարյա չնվազել, լինի 22 տոկոս, սոցապ նախարարը ստանա 2 մլն դրամից ավելի՝ աշխատավարձով, հավելավճարներով, պարգևավճարներով, ու հիմա էլ կրկնապատկեն։ Ո՞նց կարող է սոցապ նախարարը մեկ ամսում ստանա թոշակառուի 7 տարվա թոշակը։ Ասում է՝ ժողովրդի համար ենք բարձրացնում։ Արսեն Թորոսյանի աշխատավարձը բարձրացրել եք սովից մահացած Հակոբ Սարգսյանի համա՞ր։

Օգոստոս ամսին բանակում երեք զոհ ենք ունեցել։ Սուրեն Պապիկյանը մեկ տարում ստացել է 29.5 մլն դրամ աշխատավարձ, այսինքն՝ ամսական 2,4 մլն դրամ, հիմա կրկնապատկում եք։ Այսինքն՝ Սուրեն Պապիկյանի աշխատավարձը, ըստ Նիկոլի, բարձրացնում եք զոհված զինծառայող Գրիգոր Զաքարյանի համա՞ր։

Ժաննա Անդրեասյանի աշխատավարձը բարձրացնում եք էն աշակերտների համար, որ իր օրոք ընթերցանությունից զրո են ստանո՞ւմ։ Գևորգ Պապոյանի աշխատավարձը կրկնապատկում եք գյուղմթերքի արտահանումը պրավալ տալու համա՞ր։ Ամիսը 2,3 մլն դրամ ստացող Անահիտ Ավանեսյան, ե՞րբ պետք է թոշակառուն կարողանա դեղորայք գնել՝ առանց սննդից հրաժարվելու։

Արդարադատության նախարարին հարցնում են՝ ինչո՞ւ Նուբարաշենի գաղութը չեք քանդել, որ նորը սարքեք, 6 տարի առաջ պետք է սարքած լինեիք, ասում է՝ գումարն ուղղվեց այլ առաջնահերթությունների։ Այդ առաջնահերթությունն իրենց աշխատավարձն է։ 70 մլն դոլար տալիս են այդ աշխատավարձի բարձրացմանը։ Այսօր ՔՊ-ական նախարարի մի ամսվա աշխատավարձով Հայաստանում ապրում է առնվազն 20 ընտանիք։ Նիկոլի 1 ամսվա աշխատավարձի չափ գումարով Հայաստանում ամեն ամիս ապրում է 108 թոշակառու։ Հետհեղափոխական Հայաստանում։

Ժողովուրդ ջա՛ն, սրանց տարեկան եկամուտը ամենաքիչը 15 մլն դրամն է ու ձգվում է անսահմանություն, ձեզանի՞ց քանիսի տարեկան եկամուտն է 15 մլն դրամ հասել էս 8 տարում։ Քարոզարշավին պերաշկի էր ուտում ու ասում էր՝ պերաշկի ուտողները ձայն կտան պերաշկի ուտողնորին։ Պերաշկի ուտողնե՛ր, ամիսը 2,6 մլն դրամ եկամուտ ունե՞ք։ Տպավորություն է, թե սրանք աճուրդ են հայտարարել օրենքի նախագծի, ու կառավարության նիստում ով աշխատավարձի ամենաբարձր թիվն է տվել, դրա առաջարկն էլ ընդունել են։

Ժողովուրդ ջա՛ն, մեր երկրում կառավարության առաջնահերթություններն իրենք են՝ ՔՊ-ականները, նախարար Գալյանը, Պապոյանը, Պապիկյանը և մյուսները։ Երեկ փողոցում մի թոշակառու ասում էր՝ չի կարողանում ո՛չ միս առնել, ո՛չ բանջարեղեն, ո՛չ միրգ, ո՛չ քաղցր, ո՛չ կաթնամթերք, ո՛չ հագուստ, միայն կոմունալներ, չոր հաց ու մի քանի դեղ։ Ինչո՞ւ։ Որովհետև նրա ոլորտի նախարարը մեկ տարում ստանում է իր 87 տարվա թոշակը։ Մայրն ասում է՝ դպրոցի պատին գրել են լավ սովորիր, որ լավ ապրես․ եթե ես չեմ կարողացել նվազագույն բաներն առնել, որ սեպտեմբերի 1-ին երեխան նորմալ գնա դպրոց, ո՞նց լավ սովորի։

Ի՞նչ է ստացվում․ կառավարության նիստում նախարարներն ու վարչապետն իրենց որոշմամբ իրենց աշխատավարձը կրկնապատկում են ու ասում՝ բայց էս ինչ լավ բարեփոխում էր։ Հետո հարցը գնում է ԱԺ, որ օրենքի ուժ ստանա, նրանք նայում են՝ իրենցն էլ է կրկնապատկվում, օրենքն ընդունում են ու համարում բարեփոխում։ Իսկ էն մարդիկ՝ թոշակառուները, նվազագույն աշխատավարձ ստացողները, սովորական աշխատողները, որոնք իրենք իրենց աշխատավարձը բարձրացնելու իրավասություն չունեն, մնում են օդում։ Ընտրությունից առաջ ձեր թոշակը 10 հազարով բարձրացրեց, որ ընտրեք, ընտրությունից հետո իրենց աշխատավարձը բարձրացրեց 2 միլիոնով։ Կեցցե՛ արդարությունը կամ էլ հավասարությունը։

Հայաստանը տարածաշրջանում ամենացածր նվազագույն աշխատավարձ ու թոշակ տվող երկիրն է։ ԵԱՏՄ-ում երկրորդ ամենացածրն է։ Եվրոպա են ուզում գնալ․ ԵՄ-ում ամենացածր նվազագույն աշխատավարձը Բուլղարիայում է, բայց Բուլղարիայում այն 3,5 անգամ շատ է Հայաստանից։ Բայց գիտե՞ք զավեշտը որն է․ Հայաստանի ղեկավարության ամսական աշխատավարձը հասնում և անցնում է բազմաթիվ երկրներում նախարարների ու վարչապետների աշխատավարձից։ Բայց ամենազավեշտը դա չէ, այլ այն է, որ սրանք ամեն օր խոսում են թալանից։ Է՛ս ա թալանը, ժողովուրդ, սա բյուջեի թալան է։ Օրենքով։ Այն մարդը, որ գնում է Գերմանիա ինչ-որ խաղաղության մրցանակ ստանալու, լավ կանի ձեռքի հետ մի հատ էլ թալանի մրցանակ վերցնի։ Որովհետև սա բյուջեի, ժողովրդի միջոցների թալան է։ Այն մի թվին արված հեղափոխությունը ձեր համար էր, բայց թյունինգի են ենթարկվում իրենք, իսկ դու մնում ես կոտրած տաշտակի առաջ։

Պետության իրական արդյունավետությունը չի չափվում նրանով, թե որքան բարձր է նախարարի աշխատավարձը։ Այն չափվում է նրանով, թե որքան քիչ ընտանիքներ են ապրում աղքատության մեջ, որքան հասանելի է առողջապահությունը, որքան որակյալ է կրթությունը, որքան պաշտպանված է քաղաքացին, որքան արժանապատիվ է թոշակառուի կյանքը։ Մեզ մոտ ղեկավարների ու հասարակության իրական կյանքի միջև հսկայական անդունդ կա։ Նախարարների բարձրացված աշխատավարձով ոչ մի պետություն ուժեղ, ապահով, բարեկեցիկ, արդար չի դառնում։

Կարճ ասած՝ պաշտոնյաների աշխատավարձի կտրուկ բարձրացումով, ամենայն հավանականությամբ, սրանք պատրաստվում են հնարավոր կտրուկ թանկացումներին։ ԿԲ նախագահն ասում է՝ գազի գինը որ աճի, ապոկալիպտիկ սցենար է։ ՔՊ-ական պատգամավորն ասում է՝ ի՞նչ ես ասում, բան էլ չի լինի, փող կունենանք։ Այո՛, ճիշտ է ասում, փող կունենան, բայց՝ մենակ իրենք, կառավարությունն այնքան բարձրացրեց իրենց աշխատավարձը, որ ցանկացած գնաճ՝ գազ կլինի, բենզին կլինի, ոչ մի ազդեցություն չի ունենա իրենց վրա։ ԿԲ նախագահն ասում է՝ վարկերի տոկոսները կբարձրանան, գնաճ կլինի։ Այսինքն՝ այս մարդիկ իրենց ապահովագրում են հնարավոր ամեն ինչից։ Նիկոլն այս բարձրացումներով, ըստ երևույթին, կանխում է պետապարատում բունտը։ Իսկ դուք, ժողովուրդ, սրանց վեջը չեք։ Քեզ ասում է՝ եթե դժգոհ չլինեիր, ինձ չէիր ընտրի, իսկ եթե դժգոհ ես՝ հեղափոխություն արա

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

«Եկեղեցին բռնազավթված է և մենք այդ խնդիրը պետք է լուծենք»․ Փաշինյան

«Եկեղեցին բռնազավթված է և մենք այդ խնդիրը պետք է լուծենք»․ Փաշինյան

Պետության և եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով կամ կարգավորվում են օրենքով։ Օրենքը ընդունում է Ազգային Ժողովը, այսինքն, քաղաքական մեծամասնությունն է օրենք ընդունում և որևէ տեղ գրված չի, թե էդ օրենքի մեջ ինչ պետք է գրված լինի։ Այս մասին «Բուն TV»...

Արցախը բեռ համարում է Փաշինյանը և հենց Փաշինյանի օրոք Արցախն ընկավ․ Արթուր Խաչատրյան

Արցախը բեռ համարում է Փաշինյանը և հենց Փաշինյանի օրոք Արցախն ընկավ․ Արթուր Խաչատրյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սեպտեմբերյան պատերազմները․․․ Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմը կոչվում 44-օրյա։ Այդ պատերազմը 44 օր չի տևել, չի ավարտվել...

«Վերադառնալո՛ւ են Արցախ, որքան էլ այն շատերի համար լինի բեռ․ վերադառնալո՛ւ ենք». Բագրատ սրբազան

«Վերադառնալո՛ւ են Արցախ, որքան էլ այն շատերի համար լինի բեռ․ վերադառնալո՛ւ ենք». Բագրատ սրբազան

Բագրատ սրբազանն Արցախի դեմ վերջին ագրեսիայի 3-րդ տարելիցի օրը նախկինում արված տեսանյութ է հրապարակել, որտեղ նա խոսում է Արցախի ու արցախցիների վերադարձի իրավունքի մասին։ «Վերադառնալո՛ւ են Արցախ, որքան էլ այն շատերի համար լինի բեռ․ վերադառնալո՛ւ ենք»,- իր խոսքում նշել է...

Վերադարձի իրավունքը հիմնարար իրավունք է․ Արամ Վարդևանյան

Վերադարձի իրավունքը հիմնարար իրավունք է․ Արամ Վարդևանյան

Արցախի հայաթափման երրորդ տարելիցին ՀՀ ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանն անդրադարձել է արցախահայության վերադարձի իրավունքին։ «Արցախից մեր հայրենակիցները էթնիկ զտման զոհ են: Երեք տարի է անցել: Վերադարձի իրավունքը՝  հիմնարար իրավունք է: Իրավունք, որը ենթադրում է անվտանգ,...

Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում. «Հրապարակ»

Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում. «Հրապարակ»

Այս տարվա հունվարին Շվեյցարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Գուսան վարդապետ Ալճանյանը հայտարարություն արեց և միացավ 10 տիրադավ եպիսկոպոսներին, ապա հեռավար հարցազրույց տվեց Պետրոս Ղազարյանին՝ հայտարարելով, թե Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը «երկար սպասված էր» և թե...