ՔՊ-ն հարստանում է, ժողովուրդը դառնում անգրագետ․ Այդ ո՞նց․ «Կարճ ասած»

16 Սեպտեմբերի, 2026

 

Վերջին օրերին խորհրդարանի ՔՊ-ական պատգամավորներն ակտիվորեն զավթում են ԱԺ ամբիոնը, արդարանում կրթական էն խայտառակ ցուցանիշների համար, որոնք արձանագրվել են իրենց իշխանության օրոք։ Միայն տեսնում ենք արդարացումներ։ Հեղափոխությունից հետո կրթության նախարար նշանակվածը, որ մետրոյով էր իբր գործի գնում, հետո թողեց ցուցադրականությունը և սահուն անցավ «ատելի» պադավատին, էն որ կամերան ձեռքին վազում էր դպրոցից դպրոց, իբր դրամահավաքություն էր բացահայտում, այ էս վիճակի թիվ 1 պատասխանատուներից է բայց ամբիոնից արդարանում է։ Այսինքն՝ փորձում է արդարանալ․ դրանց արդարացում չի կարող լինել։ Ձեր օրոք առաջին դասարան գնացած աշակերտը 9-րդ դասարանում վարժ կարդալ չգիտի, կարդացածը հասկանալ չգիտի, կարդացածը վերլուծել չգիտի, մեղավորը՝ Նիկո՛լ, Արայի՛կ, Ժաննա՛, դո՛ւք եք։ Վրաստանը, օրինակ, նույնիսկ շատ առաջ է Հայաստանից։ Տեսե՛ք․ 2018 թվականի մայիսի 8-ի մի դժբախտ ու ճակատագրական օր Նիկոլ Փաշինյանին շանտաժով ընտրում են վարչապետ․ նույն օրը վրացական մի գյուղում հարսանիք է լինում․ 9 ամիս հետո այդ զույգն ունենում է երեխա։ Նիկոլի իշխանության 9-րդ տարում այդ վրացի երեխան գնում է երրորդ դասարան և ավելի գրագետ է, քան Նիկոլի իշխանության առաջին տարում դպրոց գնացած և հիմա 9-րդ դասարանում սովորողը։

Բնավ տեղին չէ այն արդարացումը, թե՝ 9 տարում ի՞նչ կարող էինք անել։ Քաղաքական և համակարգային պատասխանատվության տեսանկյունից, 9 տարվա արդյունքների համար տվյալ իշխանությունը կրում է լիարժեք պատասխանատվություն։ Ցանկացած, անգամ ամենաքայքայված երկրի իշխանությունն ունի բավարար ժամանակ՝ ոչ միայն ընթացիկ ճգնաժամեր կառավարելու, այլև խորքային, համակարգային փոփոխությունների։ 9 տարին բավարար է ոչ միայն կրթական համակարգի զարգացման, այլև երկրում հարյուրավոր ներդրումներ ապահովելու, օտարերկրյա ներդրումների կայուն աճ ապահովելու, տնտեսության դիվերսիֆիկացման և կախվածության թուլացման համար, արտահանելի ապրանքների ու ծառայությունների տեսակարար կշռի մեծացման, բիզնես միջավայրի բարելավման, հավասար մրցակցային պայմանների ստեղծման, աղքատությունը զգալի նվազեցնելու, ծայրահեղ աղքատությունը վերացնելու համար։

Օրինակներով խոսենք․ Կոնրադ Ադենաուերը Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլերի պաշտոնը ստանձնել է 1949 թվականին։ Երբ եկավ իշխանության, Երկրորդ աշխարհամարտի ավարտից անցել էր ընդամենը 4 տարի, երկիրը դեռ նոր էր սկսում ուշքի գալ ավերածություններից։ Գերմանիայի վրա միլիոնավոր ռումբեր էին ընկել։ Երկրում 1,5 մլն գործազուրկ կար, երկիր էին լցվել Արևելյան Եվրոպայից և խորհրդային օկուպացիոն գոտուց փախած ավելի քան 8-9 միլիոն գերմանացի փախստականներ, ռմբակոծությունների հետևանքով քանդվել էր բնակարանային ֆոնդի ավելի քան 20%-ը, միլիոնավոր մարդիկ ապրում էին ժամանակավոր կացարաններում: Այ էդ վիճակում 73-ամյա Ադենաուերը ստանձնում է երկրի կառավարման ղեկը։ 9 տարի անց Արևմտյան Գերմանիան արձանագրում է այսպես կոչված «Ռեյնյան տնտեսական հրաշքը». իրական ՀՆԱ-ն ավելի քան կրկնապատկվել էր, գործազրկությունը 10.3%-ից իջել էր 3.5%-ի, գերմանական ապրանքները՝ Volkswagen, Siemens և այլն, նվաճեցին համաշխարհային շուկան: 9 տարում ԳԴՀ-ն դարձավ աշխարհում երկրորդ խոշորագույն արտահանողը: Այ սա կարելի է անել 9 տարում։ Ռումբերից փլված Գերմանիայում գործազրկությունը պատերազմից հետո ավելի քիչ տոկոս էր կազմում, քան Նիկոլի պահած Հայաստանում։

Կապիտուլացված Ճապոնիան Երկրորդ համաշխարհային պատերազմում կաթվածահար վիճակում էր. արդյունաբերության կոլապս, խոշոր քաղաքներն ու գործարանները ավերված էին ռմբակոծություններից, արժույթի արժեզրկումը հասել էր աղետալի չափերի, սով էր, մոտ 13 միլիոն մարդ անօթևան և անաշխատանք էր, այդ թվում՝ բանակից զորացրված 6 միլիոն զինվորներն ու արտերկրից վերադարձածները: 9 տարի հետո՝ 1954 թվականին, երկիրն արդեն թևակոխել էր «տնտեսական հրաշքի» փուլ։ Ճապոնիան դարձավ արտահանմանն ուղղված տնտեսություն՝ ակտիվորեն վաճառելով տեքստիլ, մեքենաշինական ապրանք և այլն: Ինֆլյացիան լրիվ արգելակվել էր, Sony-ն ու Toyota-ն նվաճում էին աշխարհը։

Աղքատ, սովի մեջ գտնվող երկիրը 9 տարում շուկաներ է նվաճում․ սրանց մի ապրանք արգելակում են արտահանումը, գյուղատնտեսությունը փլուզվում է։ 9 տարում հնարավոր էր Հայաստանի՝ արտաքին փոխանցումներից և մի քանի ոլորտներից կախվածության նվազեցումը։ Սրանց մոտ իշխանության 9-րդ տարում աղքատությունը համարյա այնքան է, ինչքան 9 տարի առաջ էր։ 24 տոկոսից դարձել է 22 տոկոս, այն էլ ինչպե՞ս․ մի քիչ թոշակ են բարձրացրել, ասել են՝ էլ աղքատ չես, գիծն անցար։ Իսկ որ թոշակառուն էլ ավելի վատ է ապրում, դա Արսեն Թորոսյանին հետաքրքիր չէ։

Սրանք 9 տարում 8 մլրդ դոլար պարտք են կուտակել ու ասում են՝ բա ի՞նչ անեինք, նախկիննե՜րը․․․ Իսկ նախկինները․ ինչպես որ Սինգապուրյան առաջընթացն էին անվանում տնտեսական հրաշք, գերմանական ու ճապոնական՝ պատերազմից քայքայված տնտեսության վերականգնումը, այնպես էլ 90-ականների պատերազմից ու թալանից հետո Հայաստանի զարգացումը Քոչարյանի օրոք անվանում էին «Կովկասյան վագր»։ Չասե՛ք նախկինները։ Նախկին էլ կա, նախկին էլ։ Դուք էլ նախկին պետք է լինեիք, չլինեին զանգվածային կեղծիքներն ու թվանկարչությունը։

9 տարին բավարար է Հայաստանի նման երկրի ճանապարհային ենթակառուցվածքների ամբողջական զարգացման համար։ Սրանք մի գլուխ ասում են՝ ասֆալտ ենք արել, հաջորդ տարի նույն տեղը էլի ասֆալտ են անում, որովհետև քանդվում է։ Մի հատ լուրջ ճանապարհային ենթակառուցվածք ասե՛ք, որ սարքել են։ 9 տարվա ընթացքում Վրաստանում կառուցել են «Արևելք-Արևմուտք» և «Հյուսիս-Հարավ» միջազգային տարանցիկ ավտոմայրուղիները։ Վերջին 9 տարում Թբիլիսիում շահագործման է հանձնվել մետրոյի 1 նոր կայարան՝ «Ստեյթ Յունիվերսիթի»-ն, հիմնանորոգվել և արդիականացվել են «Գոչիրիձե», «Հավլաբարի», «Վարկեթիլի» կայարանները։ 9 տարի առաջ խոսել եք Աջափնյակի մետրոյի կառուցման մասին։ Հայաստանում 2000-ականներին 1,5 տարում կառուցել են Դիլիջանի թունելը․ 9 տարի իշխանության եք, ի՞նչ եք կառուցել։

9 տարին բավարար է հանրակրթության և բարձրագույն կրթության որակի արմատական բարելավման, դպրոցների ու բուհերի նյութատեխնիկական բազայի թարմացման համար։ 9 տարվա ընթացքում՝ 2006–2015 թթ․, Էստոնիան հետխորհրդային կրթական համակարգից դարձավ Եվրոպայի թիվ 1 կրթական տերություն. նույն Միջազգային աշակերտների գնահատման ծրագիրը, որն ասում է, որ Նիկոլի Հայաստանում անգրագիտությունն է զարգանում, այդ ծրագիրը գնահատել էր, որ Էստոնիան առաջ է անցել Ֆինլանդիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից՝ զբաղեցնելով 1-ին տեղը Եվրոպայում բնագիտության, մաթեմատիկայի և ընթերցանության ոլորտներում․ նույն ոլորտներում, որտեղ մենք զրո ենք: Պատճառն էն է, որ այդ երկրում կա հստակ կրթական քաղաքականություն, իսկ դուք քաղաքականությունն եք մտցրել կրթության մեջ։ Երեկ կարդում եմ, որ Նիկոլի քարոզարշավին «Գազելներով» տարված ուսուցիչների ու աշակերտների դեպքով տնօրենները չեն ազատվել աշխատանքից։ Վստահ եմ՝ պարգևավճարներ են ստացել, փեշով։ Էս չի՞ վիճակը, Ժաննա՛ Անդրեասյան։ Թողնեն, սաղ աշխարհին դաս կտաք, թե որը որից հետո է։ Բայց հենց գործ պետք ա անեք, պարզվում է՝ կրթական համակարգն էլ եք ձեր իշխանության շահերին ծառայեցնում։ Դրա համար էլ դուք քանի տարի էլ ղեկավարեք երկիրը, մենք զարգացում չենք ունենա։

Միջազգային փորձը ցույց է տալիս, թե ինչպես արդյունաբերական քաղաքականության, կրթության, արտահանման, բիզնես միջավայրի բարեփոխման, ներդրումների, տեխնոլոգիական զարգացման, երկարաժամկետ պետական ռազմավարության, կարգապահ կառավարման, հետևողական բարեփոխումների համադրությամբ կարելի է վիճակը փոխել։ Իսկ սրանք զարգացող երկիրը տարան պատերազմի, մի եքա անկախ, զարգացող հանրապետություն հանձնեցին, մյուսի տարածքները հանձնել են օկուպացիայի, պետությունը, ենթակառուցվածքները քայքայել են ու ասում են՝ նախկինում սենց, նախկինում նենց։

Բայց այնպես չէ, թե սրանք 9 տարի բան չեն արել։ Ասեմ, թե ինչ են արել այդ տարիներին․ նիհար, լոյլոզ պատմության դասատուից ստացել են այլևս չաղ պաշտպանության նախարար, վարձով ապրողից ստացել են 8 տան տեր ՔՊ-ական, 500 հազար դրամ տարեկան եկամտով ՔՊ-ականից ստացել են տարեկան 24 մլն դրամ աշխատավարձով աշխատակազմի ղեկավար։ Ու դա՝ միայն հայտարարագրերով, փոփոխություն լինի, նոր կիմանանք՝ էլ որտեղ ինչ ակտիվներ ունեն։ Գերմանիան, Ճապոնիան, Վրաստանը, Կորեան, Վիետնամը ջանք են գործադրել արդյունաբերության, կրթության, արտահանման, բիզնես միջավայրի, ներդրումների, կարգապահ կառավարման վրա, Նիկոլը՝ ՔՊ-ականների բարգավաճման, միայն ՔՊ-ականների կյանքի որակի սրընթաց աճի վրա։ Բացե՛ք ՔՊ-ական այսօրվա պաշտոնյաների, պատգամավորների՝ 2018 թվականի ֆոտոները ու հիմիկվա ֆոտոները, ու այս հաղորդումից ավելի լավ կասեն, թե ինչու է երկիրը վարի գնում, իրենք՝ դառնում չաղ ու բախտավոր։

Կարճ ասած՝ մարդամեկն ասում է՝ «Եղել են օրեր, որ ես անիծել եմ այն օրը, երբ դարձա վարչապետ»։ Բա որ իմանաս, թե հայ ժողովուրդը՝ միլիոնավոր ժողովուրդը, ո՜նց է անիծել ու անիծում էդ օրը, այդ 8-9 տարիները։ Մեր բոլորի կյանքից օրեր են գնում, անիմաստ. այն տարիները, որ կարող էին երկրի համար զարգացում, բարգավաճում, առաջընթաց դառնալ, դարձել են անիմաստ անցնող, շատերի համար՝ ողբերգական, շատերի համար՝ կյանքը, առողջությունը քայքայող, ազատությունից զրկող, ունեցվածքից զրկող, հայրենիքից զրկող ժամանակահատված։

 

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Գաղտնիք բացեմ՝ խլուրդը դուք եք․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին

Գաղտնիք բացեմ՝ խլուրդը դուք եք․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին

Դուք ասում էիք, թե խուզարկությունների ու կալանքների շրջանակում, ըստ ձեզ, եղել է «խլուրդ», որն ինֆորմացիա է փոխանցել։ Գաղտնիքը բացեմ․ ձեր ասած կոնտեքստում այդ «խլուրդը» դուք եք, որովհետև այդ ինֆորմացիան ստացվել է ձեր հայտարարություններից ու ասածներից։ Սա սարկազմով չեմ...

Էդ երբվանի՞ց դարձավ Քյարքի. մինչև ընտրությունները Տիգրանաշեն էր․ Աննա Գրիգորյանը՝ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանը ֆանտաստիկ տրոլինգ է անում, բռնում է բոլոր ընդդիմադիր ուժերի ղեկավարներին համատարած ռեպրեսիաներ է իրականացնում, ու հետո ասում է՝ Քյարքի եմ ասում, դե գնացեք հեղափոխություն արեք։ Այս ԱԺ-ում կառավարության հետ...

Ոչ մեկին չի հաջողվի մեզ բաժանել կամ վախեցնել․ Պուտին

Ոչ մեկին չի հաջողվի մեզ բաժանել կամ վախեցնել․ Պուտին

Ոչ մեկին չի հաջողվի մեզ բաժանել կամ վախեցնել։ Ռուս ժողովրդի ընտրությունը ցույց կտա, որ միլիոնավոր մարդիկ կանգնած են զինվորների կողքին, որ մենք միասնական ժողովուրդ ենք՝ ընդհանուր արժեքներով, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ խոսելով ՌԴ Պետդումայի...

Ի՞նչ իրավական հիմքով եք Տիգրանաշենն անվանել ադրբեջանական անունով․ Վարդանյանը՝ Փաշինյանին 

«Նախքան հարցը՝ երեք արձանագրում։ Նախ՝ դուք երբևէ որևէ գրամով դաշնակցական չեք եղել, փոխարենը միշտ եղել եք պոպուլիստ։ Երբ ձեզ պետք է եղել՝ ազգային գաղափարախոսությունից եք խոսել, երբ պետք է եղել՝ հակառակի մասին եք խոսել։ Իզուր ձեզ ու ձեր...

Անկախության տոնի առթիվ երթևեկության սահմանափակումներ կլինեն

Անկախության տոնի առթիվ երթևեկության սահմանափակումներ կլինեն

Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով մայրաքաղաք Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ։ Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 9։00-ից, Հանրապետության հրապարակում...