Փաշինյան-Պուտին զանգն ամեն ինչ բարդացրեց․ «Կարճ ասած»

28 Հուլիսի, 2026

 

Ավելի քան երկու ամիս առաջ, երբ Ռուսաստանը սկսեց արգելել հայկական մի շարք արտադրանքներ, սրանք ասում էին՝ ավելի լավ, կդիվերսիֆիկացնենք, ԵՄ արտահանումը կհնգապատկենք, կփոխհատուցենք․ մեր ինքնիշխանությունը և նման բաներ։ Իրատեսներին, որոնք ասում էին՝ Պուտինը քո վրա հաստ գիծ է քաշել, պատասխանում էր՝ ի՞նչ եք ասում, պայմանավորվել ենք ընտրություններից հետո՝ հունիսի կեսին, գնամ-հանդիպենք, սաղ հարցերը լուծենք։ Ոչ միայն չհանդիպեցին, այլև ընտրություններից միայն 50 օր անց Պուտինը համաձայնում է Նիկոլի հետ խոսել հեռախոսով։ Անգամ չի էլ շնորհավորում, այն դեպքում, երբ Մակրոնը օր ու մեջ զանգում, շնորհավորում է։

Տեքստերն էլ են ուշագրավ․ ըստ Նիկոլի հաղորդագրության՝ Նիկոլն ասել է, որ «հայաստանյան ծագման ապրանքների՝ ՌԴ շուկա արտահանման սահմանափակումները հակասում են Հայաստան–Ռուսաստան իրավապայմանագրային շրջանակին ու Եվրասիական տնտեսական միության կարգավորումներին, և խնդրել է միջոցներ ձեռնարկել՝ այս խնդիրները կարգավորելու ուղղությամբ»։ Ռուսների տեքստում սա չկա․ ըստ նրանց՝ Պուտինն ընդգծել է Հայաստանում հնարավորինս կարճ ժամկետներում ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ կազմում հետագա մնալու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը։ Այսինքն՝ Նիկոլը զանգել-խնդրել է արտահանումը վերականգնել, Պուտինն ասել է՝ նախ դու հանրաքվե արա։ Այսինքն՝ հանրաքվե արա՛, թող հայ ժողովուրդը որոշի, քեզ հետ հետ գործ չունենք, քո խաղեր տալու լիմիտը սպառվել է։ Այս հեռախոսազանգից պարզ է՝ Նիկոլին չեն ընդունում, չեն հանդիպում հետը, չեն շնորհավորում և ասում են՝ ինչ պահանջել ենք, ուժի մեջ է։

Նվաստացուցիչ զանգ՝ նոր խնդիրներով։ Երբ ռուսական շուկան փակվեց մեր առաջ, սրանք դա մի բան էլ դրական էին համարում։ Ըստ երևույթին, ինչ-որ խորհուրդներ էին լսել, թե՝ որ ընտրություններում միանձնյա հաղթես, ուզած-չուզած հետդ կաշխատեն։ Գուցե նաև խորհուրդ էին տվել, որ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման դիրքից հանդես եկողներին որ վնասես, Սամվել Կարապետյանին փակի տակ պահես, քրգործերը շատացնես, Քոչարյանի ելքը երկրից արգելես, Ծառուկյանին նստացնես, բիզնեսը ձեռքից խլես, Թևանյանին ռուսի լրտեսի մեղադրանք առաջադրես ու էս քայլերով շանտաժ անես Ռուսաստանին, որքան էլ գերտերություն լինի, քեզ լուրջ կընդունի, հետդ կսկսի բանակցել։

Մոսկվան ասում է, որ իր դիրքորոշումն անփոփոխ է․ մայիսի 29-ին ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներով ինչ հայտարարություն ընդունել ենք, հավատարիմ ենք։ Քանի անգամ էլ Ծառուկյանին բռնես ու առյուծներին քնացնես, Նարեկ Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկես, մեր պահանջը ուժի մեջ է։ Դու մայիսից մինչև էսօր ամեն բանի մասին 90 հատ դիրքորոշում ես փոխել, մերն անփոփոխ է։ Մի տարի, երկու տարի, 4 տարի, 8 տարի ֆռցրիր, խաբիր, խաղեր տվիր․ վերջ, լիմիտը սպառվել է։

Երեկվա զանգի ֆոնին գիտե՞ք ինչ եղավ․ ՌԴ-ն հայտարարեց, որ կանխվել է հայկական 39,000 վարդի` Բելառուսի միջոցով Ռուսաստան ներմուծելու փորձը։ Այս ազդակը շատ բան ասաց։

Ինձ թվում է՝ զանգը Պուտինին և խնդրանքը ամոթ էր թե՛ Փաշինյանի համար, թե՛ հատկապես Արևմուտքի համար․ չէ՞ որ նրանք ասում էին, թե ճանապարհները բացել են Հայաստանի գյուղմթերքի առաջ։ Նիկոլը կոկորդ էր պատռում, թե՝ «հենց մենք դուրս գանք, ԵԱՏՄ-ն կփլվի, ԵԱՏՄ-ն իր գերեզմանն է փորում․ բա էլ ինչո՞ւ ես աղերսում էդ «գերեզմանափորերին»։

Բա ասում էիք՝ արդեն դիվերսիֆիկացրել ենք, դեպի ԵՄ 80 տոկոսով ավելացել է արտահանումը։ Օր ու մեջ գրառում էին անում՝ «շնորհավորում ենք, հայկական ծիրանը հասավ Փարիզ, հասավ Սինգապուր, հասավ Պինգվինաշեն»․ բա ինչո՞ւ եք զանգել Մոսկվա ու խնդրում, եթե ամեն ինչ էդքան լավ է։ Նիկոլն իր ֆեյքերի ՊՈԱԿ-ը տանում-լցնում էր Հանրայինի եթեր, ասում էին՝ «էնքան շատ ենք արտահանում, որ վախենում ենք Հայաստան ուտելու բան չմնա»։ Իրենց կարճ խելքով, երևի ուզում էին ցույց տալ, թե Հայաստանին ձեռքից ձեռք են խլում, ուշքները գնում ա մեզ համար, Ռուսաստանի պատժամիջոցները չեն էլ ազդել, ու ռուսները կտեսնեն, որ ոչինչ չստացվեց՝ խելքի կգան։ Ուղղակի ոնցոր Պուտինն էլ Հ1 է նայել, տեսել է, որ Հայաստանին բան չի մնում, սաղ արտահանում են ԵՄ, ասել է՝ արգելել ներկրումը, թող իրենց ուտելու բան մնա։ Ու պտուղ-բանջարեղենի արգելքին ավելացավ ձկնամթերքը․ 15 հազար տոննա փչանում է, կաթնամթերքը։ Հերթը մսամթերքինն է։

Այս ընթացքում համոզվեցինք նաև, թե որքան փուչ էին ԵՄ խոստումները։ Կորցրել ենք ռեալ շուկա, և առաջարկ չկա։ ԵՄ-ն ասում է՝ հենա 50 մլն տվել ենք, բավարարվեք։ Մակրոնը, որ 10 անգամ շնորհավորել է Նիկոլին, քա՞նի տոննա հայկական արտադրանքի առաջ է բացել Ֆրանսիայի շուկան։ Շաբաթը 6 անգամ էլ շնորհավորի, բերքը դաշտում փտելու է։ Շատ-շատ դու սպառես, պոմիդորի վրա ծիրան դնես, վրան ձուկ դնես ու մալինայով ուտես՝ անունը դնելով «ինքնիշխանության բուկետ»։ Մեկ է՝ սիրում ես խառը բաներ ուտել։ Բա ասում էիք՝ «հայկական արտադրանքը ուր ասես չի գնում»․ բա էլ ինչո՞ւ եք զանգում, ռուսներին խնդրում, այ ինքնիշխաններ։

Նիկոլ-Պուտին զրույցի ռուսական տարբերակում չկա տող գյուղատնտեսության մասին․ դա իրենց համար մանր հարց է։ Հայաստանից ամբողջ արտադրանքը ՌԴ շուկայի ընդամենը 0,5 տոկոսն է․ դա այլ տեղերից լրացնում են։ Տեսեք, Ռուսաստանը երեկվանից արգելել է հայկական կաթնամթերքը։ Հայկական պանրի 80 տոկոսը արտահանվում է ՌԴ։ Այդ 80 տոկոսը չարտահանելով՝ ոլորտը քայքայվելու է, բայց հայկական պանիրը ՌԴ-ում փակում է ընդամենը 0,3 տոկոսը։

Այս ամենը լուրջ ազդակ է Նիկոլին, որ դու քո նկարած 49 տոկոսով ոչ մեկին պետք չես․ պետք չես նաև Եվրոպային․ նրանց համար բարդ չէր 2,5 միլիոնանոց փոքր երկրի գյուղապրանքի հարցը լուծելը։ Չէ, ուղղակի պետք չես։ Եթե քո 49 տոկոսը 60 լինի, մեկ է՝ դու պետք չես։ Քեզ ով խորհուրդ է տվել, որ «գազ տուր, ընտրություններից հետո հետդ ռուսները խելոք-խելոք կաշխատեն», խաբել են, սխալվել են։

Նիկոլ Փաշինյանի հետ աշխատել չեն ուզում, ու իր պատճառով տուժում է Հայաստանը, հայ ժողովուրդը։ Նիկոլի զանգը Պուտինին ոչինչ չկարգավորեց, ընդհակառակը՝ եթե ամեն ինչ չվատացնի։ Փաշինյան-Պուտին վերջին զանգը հունիսի 1-ին էր, որից հետո ասացին՝ ջերմ են խոսել, սաղ կկարգավորվի, այնինչ ժամեր անց Ռուսաստանը արգելքներն ավելացրեց։

Կարճ ասած՝ ժողովուրդ ջան, էն, ինչ մենք ենք տեսնում, արդեն լուրջ է, բայց պատկերացրեք ինչեր կան, որ մենք չենք տեսնում, բայց Նիկոլենք, որ ի դժբախտություն հայ ժողովրդի՝ պետության ղեկին են, տեսնում են մոտեցող ճգնաժամը։ Ինչքան լուրջ բան կա, որ մեզ համար դեռ տեսանելի չէ, բայց իրենց համար տեսանելի է ու գիտեն՝ ինչ է լինելու։ Սրանք ինչպես որ փորձանք են եղել մեր գլխին, նույն կերպ շարունակում են փորձանք ու աղետ մնալ։ Մենք տեսնում ենք՝ ոնց ա մեր աչքի առաջ քանդվում մեր երկիրը՝ իր ենթակառուցվածքներով, իր արտաքին կապերով, իր շուկաներով, իր ամեն ինչով։

 Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

ԱՄՆ-ն եվրոպացիներին կոչ է արել մեղմել Ռուսաստանի հասցեին հնչեցվող հռետորաբանությունը

ԱՄՆ-ն եվրոպացիներին կոչ է արել մեղմել Ռուսաստանի հասցեին հնչեցվող հռետորաբանությունը

Պենտագոնը ՆԱՏՕ մի քանի երկրների խնդրել է մեղմել Ռուսաստանից բխող սպառնալիքի վերաբերյալ հռետորաբանությունը, Reuters-ին հայտնել են իրազեկ աղբյուրները։ Մասնավորապես, նման խնդրանքներ են ստացել Էստոնիան, Լատվիան և Լիտվան։ Հարցը քննարկվել է Պենտագոնի քաղաքականության բաժնի...

Ուշակովը բացառել է Եվրոպայի մասնակցությունը Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցություններին

Ուշակովը բացառել է Եվրոպայի մասնակցությունը Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցություններին

Ռուսաստանը, Ուկրաինան և ԱՄՆ-ն պայմանավորվել են վերսկսել եռակողմ բանակցությունները։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ մեկնաբանելով ԶԼՄ-ների հաղորդումներն այն մասին, թե իբր բանակցություններին կմասնակցի նաև Եվրոպան։ Նշենք, որ ավելի վաղ նա...

Պուճուր-պուճուր հավաքվում ա, քաշքշուկ ա լինում, հանդարտվում ա․ ՔՊ-ականը՝ ծեծկռտուքի մասին

  «Մենք գործընկերներ ենք, տարբեր հայացքներ ունենք։ Դրանք պուճուր-պուճուր հավաքվում ա, քաշքշուկ ա լինում, հետո էլի հանդարտվում ա»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Ռոման Համբարձումյանը։ Մանրամասն՝...

«Ձեզ հատուկ բերել են Ազգային ժողով, որ այդպես ծեծե՞ք մարդկանց»․ լրագրողը՝ ՔՊ-ական պատգամավորին

Ոչ ոք ինձ հրահանգ չի տվել։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 30–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ - ական պատգամավոր Նարեկ Բաբայանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ երեկվա ծեծկռտուքի հերոսն ինքն է և աջուձախ հարվածներ էր հասցնում, արդյոք...

ՌԴ բանակը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինայի մի քանի օբյեկտների. ՌԴ ՊՆ

ՌԴ բանակը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինայի մի քանի օբյեկտների. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի զինված ուժերը Ուկրաինայում զանգվածային հարված են հասցրել նավերի, նավահանգստային ենթակառուցվածքների, ռազմարդյունաբերական համալիրների և էներգետիկ օբյեկտների։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ «Այսօր գիշերը Ռուսաստանի Դաշնության...