Ալիևի սրտի վարչապետը․ «Կարճ ասած»

18 Հունիսի, 2026

Հայաստանի այս ընտրությունները բացառիկ էին նրանով, որ մենք ոչ թե քննարկում էինք, թե ինչ առաջընթաց կունենա մեր երկիրը այս ընտրություններով, այլ՝ եթե Նիկոլը ընտրվի, թուրքերը կլցվեն Հայաստան, մեր տարածքներից կհանձնեն, եկեղեցու պառակտում ու քանդում կլինի, կլինի Արևմտյան Ադրբեջան, գյուղատնտեսությունը կփլվի և այլն։ Ուրիշ ոչ մի իշխանության պարագայում նման հարց չէինք քննարկի։ Նիկոլը մանկավարժներին ստիպում էր գնալ-ծափ տալ էն արտահայտության վրա, որ՝ հենց ընտրվեմ՝ Տիգրանաշենը հանձնելու եմ։

Նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ամեն ելույթի վերջում ասում էր՝ ով ընտրում է Նիկոլին, ընտրում է Իլհամ Ալիևին, ընտրում է Արևմտյան Ադրբեջանը։ Ես հեռու եմ այն մտքից, որ Նիկոլ Փաշինյանին ընտրել են․ նա կեղծիքով, սպառնալիք-շանտաժով, կաշառքով յուրացրել է վարչապետի աթոռը։ Ու այդ աթոռը միայն նա չի յուրացրել, նրա միջոցով՝ Իլհամ Ալիևը։ Երբ ուզում ես հասկանալ, թե տվյալ ղեկավարն ում շահերն է սպասարկում, նայիր, թե ով է նրան սատարում սահմանից այն կողմ։ Հայաստանի ընտրություններում Փաշինյանին ակտիվ սատարում էին ադրբեջանցիները, թուրքերը, ամերիկացիները, եվրոպացիները․ ժողովուրդը չէր սատարում, անգամ դրա հավաքներին չէր գնում, ոչ էլ ընտրել է։ Եթե քո թշնամին գովում է քո երկրի ղեկավարին, ուրեմն դուք լրջագույն խնդիր ունեք։ Ադրբեջանը Նիկոլի քարոզիչն էր դարձել։ Չեմ մեղադրում, բա իսկական գտածո է իր համար․ եթե Ադրբեջանի հարևան Ռուսաստանում, Վրաստանում, Իրանում և անգամ Թուրքիայում լիներ Նիկոլ Փաշինյանի նման ղեկավար, Ադրբեջանը հիմա 2 մլն քառակուսի կիլոմետր դարձած կլիներ։ Թշնամուն պետք է ծնկի եկած, խեղճացած ու ժողովրդի դիմադրողականությունը կոտրող իշխանություն։ Եվ ի դեմս Նիկոլի՝ նրանք գտել են իրենց իդեալական կատարածուին։

Երբ ընդդիմությունը ոտքի է կանգնում՝ պաշտպանելու պետականությունը, Ադրբեջանն ասում է՝ «սրանք ռևանշիստներ են, ուզում են պատերազմ բերել»։ Անցնում է կես ժամ, ու ՔՊ-ական պատգամավորներն ու դրանց շեֆը ասում են նույնը։ Բաքուն ասում է՝ «Արցախի էջը փակված է», Փաշինյանն ասում է՝ Ղարաբաղյան շարժումը չի շարունակվելու։ Եթե Ալիևը իր դեմքով մասնակցեր ընտրություններին, ավելի հասկանալի կլիներ։ Ադրբեջանն իր ամենամեծ ձեռքբերումներից է համարում այն իրավիճակը, որում հայտնվել է Հայաստանը 2020-ից հետո։

Ի՞նչ էր ասում Նիկոլը․ եթե ընդդիմությունն ընտրվի, սեպտեմբերին լինելու է պատերազմ, եթե ես ընտրվեմ, կլինի խաղաղության դարաշրջան։ Սուտ էր ասում, բայց ասում էր։ Կեղծելով ընտրվելուց հետո հենց առաջին խորհրդարանական ելույթում ասում է՝ Հայաստանի խորհրդարանում Ղարաբաղի դրոշների առկայությունը պատերազմի սպառնալիք է ստեղծում։ Խաղաղության դարաշրջանից խոսողն ասում է՝ մի հատ ոտքներս ծուռ դնենք՝ պատերազմ է լինելու։ Չհնազանդվելու այլընտրանքը՝ պատերազմ։

Այսինքն՝ շանտաժով հրադադարը շարունակվում է։ Ժողովուրդ ջան, ևս մեկ՝ հարյուրերորդ անգամ համոզվեք, որ պատերազմի առհավատչյան, երաշխավորը, գրավականը հենց Փաշինյանն է։ Մինչ այդ մարդը խոսում է խաղաղությունից, ընդամենը երեք օր առաջ՝ հունիսի 15-ին, Ալիևը Շուշիում համաժողով է անում ու Հայաստանի տարածքի մի մասը հայտարարում Զանգեզուրի միջանցք։ Այսպես կոչված «Խաղաղության դարաշրջան բացող» Ալիևն ասում է՝ «Երբեք չենք մոռանա, թե ինչ են արել հայ «օկուպանտները» մեր ժողովրդի և մեր քաղաքների հետ, ինչպես նաև 65 մզկիթների ոչնչացումը»։ Նիկոլն ասում է՝ էջը փակել ենք, Ալիևն ասում է՝ երբեք չենք մոռանա, այսինքն՝ ոչ մի էջ էլ չենք փակելու։

Ընտրություններից անմիջապես հետո Հայաստան այցելեց Ալիևի ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը։ Նվաստացնող կադրեր էին նրան Դիլիջանում զբոսնելիս տեսնելը։ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին երբեք ավելի ձիգ, զգաստ կեցվածքով չեմ տեսել, քան ադրբեջանցու հետ զբոսնելիս։ Կարծես երազանքին հասած լիներ։ Ինչի՞ էր եկել Ալիևի ներկայացուցիչը, ցուցումներ տալո՞ւ, տարածքն է՞ր ուսումնասիրում, թե որտեղ են բերելու ադրբեջանցիներին։ Մարդամեկն ասում է՝ այն, որ Հաջիևը եկել է Հայաստան, դա խոսում է խաղաղության մասին։ Խաղաղությունը կախված է, այսինքն, Ալիևի օգնականի՞ց։ Վաղը չզարմանաք, որ Նիկոլն ասի՝ ինչքան շատ ադրբեջանցի գա Հայաստան, այնքան խաղաղությունը երաշխավորված կլինի, իսկ եթե գան մշտական ապրելու, հաստատ կլինի խաղաղություն, հո Ալիևը չի՞ հարձակվի ադրբեջանցիների վրա։ Այ այդպես սկսելու է ժողովրդին շանտաժ անելու հերթական փուլը, որով կբերեն ադրբեջանցիներին։

Ընդդիմությունը բազմիցս է ասել, որ Նիկոլի վերընտրվելու դեպքում սպասեք «Արևմտյան Ադրբեջան» ողբերգական թեզի գործնական փուլին։ ՔՊ-ն ու Նիկոլը հանգստացնում էին ժողովրդին, թե՝ դա ընդդիմությունն է հորինել։ Հունիսի 3-ին, երբ Հայաստանում քարոզարշավ էր, Նիկոլենք հերքում էին «Արևմտյան Ադրբեջան» թեզը, Բաքվում տեղի է ունենում «Վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ որպես ազգային գաղափարի նոր փուլ» միջազգային ​​​​կոնֆերանսը։ Ի՞նչ եք կարծում՝ ո՞վ է ֆինանսավորել․ կազմակերպել էին Բաքվի պետական ​​​​համալսարանը, «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կոչված հիմնարկը՝ Ալիևի աշխատակազմի ֆինանսավորմամբ։ Այդ կոնֆերանսում խաղաղության գրավական են համարել իրենց վերադարձը։

Հենց այսօր Նախիջևանում մեկնարկել է երկօրյա համագումար-փառատոն՝ «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» թեմայով։ Սա երրորդն է։ Սա դարձյալ կազմակերպել է Ալիևի աշխատակազմը։ Նիկոլ, ի՞նչն եք հերքում․ այսօր կառավարության նիստ էր, ճեպազրույց էիր տալիս, ինչ-որ խոսքերով ասֆալտին էիր ծեփում, համարձակվեցի՞ր դատապարտել «Արևմտյան Ադրբեջան» փառատոնը։ Արցախի դրոշը համարում ես պատերազմի սպառնալիք, բա որ ասում են գնալու ենք Հայաստանում ապրենք, դա սպառնալիք չէ՞։ Ասել են՝ Հայաստանը պետք է ստեղծի պայմաններ՝ «արևմտյան ադրբեջանցիների» անվտանգ, արժանապատիվ և խաղաղ վերադարձի համար։ Կարծում եք՝ չե՞ն ստեղծում։ Իսկ գուցե էս պահին նիկոլենք թաքուն զբաղված են ադրբեջանցիների համար արժանապատիվ և անվտանգ պայմանների ստեղծմա՞մբ։

Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչը հայտարարում է, թե «Հեյդար Ալիևը Արևմտյան Ադրբեջանի․․․» և այլն և այլն, և «Նոր իրողությունների պայմաններում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Արևմտյան Ադրբեջանի հարցը սահմանել է որպես ազգային օրակարգի կարևոր ուղղություններից մեկը»։ Դուք Հեյդար Ալիևից երբևէ լսել ե՞ք այդ թեզը։ Չէ, ժողովուրդ ջան, դա իրենց համար երազանք էր, Նիկոլը՝ երազանքի կատարող։ Այստեղ բանալի բառերն են՝ «նոր իրողություններ»-ը։ Նոր իրողությունը ո՞րն է․ դա Նիկոլ Փաշինյանն է։

Կարճ ասած՝ երբ Նիկոլը նոր էր եկել, Հայաստանի քարտեզը լրիվ ուրիշ տեսք ուներ, միացյալ էր Արցախի հետ։ 2020 թվականից սկսած՝ ամեն տարի փոքրանում է․ սկզբից Արցախի մի կտորը պոկվեց, հետո՝ Հայաստանից մասեր պոկվեցին, հետո Արցախը լրիվ պոկվեց, հետո էլի Հայաստանից մասեր պոկվեցին․ հիմա խոստացել է էլի հանձնել։ Բայց հիմա, արդեն, այդ քարտեզի փոքրացմանը զուգահեռ, նաև բովանդակությունն են փոխում, մեջի պարունակությունն են փոխում, բնակիչների կազմն են փոխում։ Սարսափելի է մտածել, թե ինչ է մնալու Հայաստանից, եթե սրանք մի քիչ էլ մնան։

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Ռուսաստանը կհարվածի այն թիրախներին, որոնցից կախված է Ուկրաինայի զինված ուժերի մարտունակությունը. Լավրով

Ռուսաստանը կհարվածի այն թիրախներին, որոնցից կախված է Ուկրաինայի զինված ուժերի մարտունակությունը. Լավրով

Կիևի հարձակումներին ի պատասխան՝ Ռուսաստանը պարբերաբար կհարվածի Ուկրաինայում գտնվող այն թիրախներին, որոնք պահում են նրա զինված ուժերը։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Ես վաղուց համոզված եմ, որ խոսքերը բավարար չեն։ Պատահական չէ,...

Հիմա էլ ԱԺ-ում ընդդիմության դրած Արցախի մի քանի փոքր դրոշներն եմ մեղավոր․․․ Ռոբերտ Մարգարյան

Հիմա էլ ԱԺ-ում ընդդիմության դրած Արցախի մի քանի փոքր դրոշներն եմ մեղավոր․․․ Ռոբերտ Մարգարյան

Ամերիկաբնակ քաղաքահետ Ռոբերտ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Հիմա էլ ԱԺ-ում ընդդիմության դրած Արցախի մի քանի փոքր դրոշներն եմ մեղավոր, որ ադրբեջանը օրակարգում պահում է այսպես կոչված «արևմտյան ադրբեջան»-ի թեման։ Հիշեցնեմ, որ Լոս Անջելեսի ամենաբանուկ փողոցներից...

Փաշինյանի հիստերիկ ու գռեհիկ ելույթի պատճառն իրականությունն է. նա չունի մանդատ Ալիևի պահանջները կատարելու համար

Փաշինյանի հիստերիկ ու գռեհիկ ելույթի պատճառն իրականությունն է. նա չունի մանդատ Ալիևի պահանջները կատարելու համար

 Ըստ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի՝ Փաշինյանի հիստերիկ ու գռեհիկ ելույթի պատճառն իրականությունն է, որտեղ նա չունի մանդատ Ալիևի պահանջները կատարելու համար։ Ֆեյսբուքյան եթերում Իշխան Սաղաթելյանը, մասնավորապես, ասաց․ «Նիկոլի երեկվա Ազգային ժողովի...

Փաշինյանի հետ Մետրոյում վիճաբանած արցախցու երեխան հաղթել է թուրք մրցակցին․ Գեղամ Մանուկյան

Փաշինյանի հետ Մետրոյում վիճաբանած արցախցու երեխան հաղթել է թուրք մրցակցին․ Գեղամ Մանուկյան

ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտնում է. «Արցախի հերոս հրամանատար Մերուժան Մոսիյանի դստեր եւ թոռնիկի դեմ։ Այդ օրը երեխան պետք է մասնակցեր շախմատի մրցաշարի, աշխարհի առաջնության ուղեգրի համար։ Նա իհարկե հաղթեց, բանի տեղ չդնելով նիկոլական լաչառությունը։ Ու հիմա...

Ամենավտանգավորն այն է, որ իշխանությունը նույնիսկ չի փորձում թաքցնել իր անտարբերությունը․ Մանթաշյան

Ամենավտանգավորն այն է, որ իշխանությունը նույնիսկ չի փորձում թաքցնել իր անտարբերությունը․ Մանթաշյան

Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Կառավարության նիստում վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հերթական անգամ խորհուրդ է տալիս արտահանողներին՝ «գնացեք, հարմարվեք նոր շուկաների»։ Կողքին նստած էկոնոմիկայի նախարարն էլ գլխով հաստատում է, կարծես հերթական հաջողության...