Շատ ենք խոսում այն մասին, թե ինչ կփոխվի, երբ այս իշխանությունը հեռանա, որքան կարևոր է իշխանափոխությունը։ Բայց եկեք մի պահ սառը հայացքով նայենք հակառակ սցենարին՝ ի՞նչ է սպասվում Հայաստանի Հանրապետությանը, եթե 2026 թվականի ընտրություններում Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ին հաջողվի վերարտադրվել։ Արդյո՞ք մենք պատկերացնում ենք սպասվող աղետի մասշտաբները։
Նորմալ պետություններում իշխանություն փոխում են, երբ մարդիկ դժգոհ են լինում հարկային, կենսաթոշակային քաղաքականությունից, գնաճից, և զանազան հարցերից։ Սովորաբար ընտրություններում ընդդիմությունը պայքարում է կոռուպցիայի դեմ, կլանային համակարգի դեմ, արդարության, հավասարության և նման լոզունգներով։ Իշխանափոխությունը երկիրն ավելի լավը, ավելի արագ զարգացող դարձնելու համար է։ Մեզ մոտ այս բոլոր խնդիրներից առաջ ընդդիմությունը պայքարում է, որ Հայաստանը լինի ինքնիշխան, չվերածվի թուրք-ադրբեջանական ազդեցության գոտու, գրերտերությունների բախման կիզակետի։ Ընդդիմությունը պայքարում է, որ ազգային արժեքները չոչնչացվեն, որ եկեղեցին չքանդվի։ Այս իշխանության հեռացումը ոչ թե երկիրը «լավացնելու», այլ երկիրը փրկելու, պետության լուծարումը կանգնեցնելու միակ ճանապարհն է։ Ու այս առումով Հայաստանի ԱԺ ընտրությունները տարբերվում են ողջ աշխարհից։
Հայաստանում երիտասարդ ու դեռահաս սերունդը արդեն տեսել է 3 պատերազմ, տեսել է հայրենիքի կորուստ, տեսել է 5 հազար զոհ, տեսել է 10 հազարից ավելի վիրավոր, տեսել է բռնագաղթ տեսել։ Ու այս ամենը՝ մեկ իշխանության օրոք։ Ու նույն իշխանությունը ուզում է վերընտրվել, ու այդ դեռահասին, առաջարկ ունի՝ հաջորդ 4 տարում եթե չես ուզում տեսնել նույն բանը, դու էլ լինես զոհվողների շարքում, ուրեմն պետք է հանձնեմ, զիջեմ։ Դա՛ է լինելու սրանց մնալու պարագայում։ Այս պահին Ալիևն Արցախում քանդում է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, Նիկոլ Փաշինյանը հարձակվում է Հայաստանի բոլոր եկեղեցիների վրա, Ալիևը Արցախում քանդում է Ցեղասպանության զոհերի հուշարձանը, Փաշինյանն ասում է՝ պետք է պարզենք՝ Հայոց ցեղասպանություն եղել է, թե չի եղել։ Ի պաշտոնե Ալիևը թշնամի է, Փաշինյանը՝ ոչ․ գործողություններում տարբերություն տեսնո՞ւմ եք։
Ի՞նչ ենք տեսնելու լեգիտիմություն ու հանրային աջակցություն չունեցող ուժի՝ ամեն գնով երրորդ անգամ աթոռը բռնազավթելու դեպքում։ Երկրի ներսում վստահաբար տեսնելու ենք տոտալ տեռոր և վախի մթնոլորտի բազմապատկում։ Նա շարունակելու է իշխել բանտերով ու մահակներով։ Իշխանությունը շարունակելու է մնալ մշտական խուճապի, մշտական պարանոյայի մեջ։ 18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանը, որին երեկ անվասայլակով բանտ են տարել՝ ոչ մի մեղք չունենալու պատճառով, բանտում սպասելու է իր հասակակիցներին։ Ստիպված եք լինելու վախով ապրել ձեր չափահաս ու անչափահաս զավակների համար, որպեսզի չդառնան Նիկոլի հաջորդ պատերազմի մատերիալ, Նիկոլի սադրանքների ու բանտի մատերիալ, հազար տեսակ հանցագործների ու թմրամոլների մատերիալ։ Եթե դա ընտրվեց՝ այլևս զսպող մեխանիզմ չի լինելու։ Դատարանները վերածվելու են ՔՊ գրասենյակների հավելվածների, իսկ պետական ապարատը վերջնականապես կմաքրվի գրագետ մարդկանցից՝ տեղը զիջելով բացառապես «ուսապարկային» հավատարմություն ունեցողներին։ Այսօր ամենուր տեսնում եք կառավարևման քաոսը, ԵՐևանի փողոցներից սկսած։
Պետական բյուջեի լափումը, անիմաստ ծախսերը շարունակվելու են։ Աղքատության շեմը, գործազրկությունը կհատի նոր ռեկորդներ, 5 տարի հետո թոշակը էլի մի 10 հազարով կբարձրանա, բայց այն ժամանակ, երբ գնաճը 30 հազար դրամի վնաս տված կլինի ամեն ամիս։ Իշխանական վերնախավը կշարունակի ստանալ միլիոնավոր դոլարների պարգևավճարներ՝ ապրելով ժողովրդից լրիվ մեկուսացած, իրենց պարսպապատ դղյակներում։ Ունենալով զրոյական վարկանիշ և հասկանալով, որ ժողովուրդն իրենց ատում է՝ նման իշխանությունը սկսում է առաջնորդվել «մեզնից հետո թեկուզ ջրհեղեղ» սկզբունքով։ Երրորդ ժամկետում կոռուպցիան, տենդերների մենաշնորհումն ու պարգևավճարների լափումը կրկնապատկվում-եռապատկվում են։ Չէ՞ որ իրենք իրենց հռչակել են անփոխարինելի ու անպատժելի։
Կձևավորվի անպատժելիության նոր փուլ, որտեղ իշխանությունը կհամոզվի, որ ինչ էլ անի՝ մնում է իշխանության։ Երբ վստահություն չկա, իշխանությունը սկսում է հենվել վարչական ռեսուրսի, ուժային կառույցների, տեղեկատվական վերահսկողության վրա։ Այսինքն՝ վստահությունը փոխարինվում է վերահսկողությամբ։ Նույն մտածողությունը, նույն սխալները, նույն փակ շրջանակը․ այսինքն՝ երկրի քանդում ներսից։
Ընտրություններում Նիկոլի հաղաթանակի դեպքում շատ արագ պատրաստվեք Ալիևի հագով սահմանադրության։ ՔՊ-ի հաղթանակը նշանակելու է Հայաստանի շարունակ վերածում տարածաշրջանային խաղալիքի։ Ռուսաստանի հետ հարաբերությունները կհասցվեն վերջնական խզման՝ իր բոլոր վտանգավոր հետևանքներով, որը մաշկի վրա զգալու է Հայաստանի բնակչության ավելի քան 80 տոկոսը։ Սրանք գնում են արտաքին լեգիտիմության դիմաց ինքնիշխանության վաճառքի։ Երբ երկրի ներսում քեզ չեն վստահում և դու զրո ես, ստիպված ես քո աթոռի պահպանման երաշխիքները մուրալ դրսից։ Դրա դիմաց նրանք պահանջելու են կոնկրետ գին։ Արդեն բավական թանկ գին վճարել ենք, բայց դա բավական չէ։ Չվստահված իշխանությունը դառնում է իդեալական կամակատար. նա պատրաստ է տալ ամեն ինչ, միայն թե դրսից իրենց ասեն՝ «դուք եք օրինական ղեկավարը»։ Դաշնակցային բոլոր կապերը քանդել են այ այդպես, իսկ ի՞նչ ենք ստացել դրա դիմաց․ ՔՊ-ի՝ ընտրություններում աջակցության խոստում։
Հաջորդիվ տեսնելու ենք պատերազմ՝ զիջումների տեսքով։ Բայց թուլացած, սեփական բանակը «պահեստային գործիք» հռչակած ու անընդհատ զիջող իշխանությունը երբեք խաղաղություն չի բերելու։ Պատկերացրեք՝ Ալիևը տեսնում է, որ հաջորդ 5 տարվա համար Հայաստանում էլի իշխանության ղեկին իր խաղալիքն է․ կանցնի հաջորդ փուլին՝ «Արևմտյան Ադրբեջանի» պլանի գործնական իրականացմանը։ Ո՞վ չի մտածել «հետո»-ի շուրջ․ կզիջի Հայաստանի իշխանություն կոչվածը էլի ինչ ուզի Ալիևը, կտա հողերը՝ անկլավների անվան տակ, կհանձնի միջանցք ու ըստ ամենայնի՝ կընդունի մեր երկրում ադրբեջանցիների։ Դա չի լինելու խաղաղություն, լինելու է Հայաստանի դանդաղ, անշրջելի կլանում։
Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը սովորական քաղաքական պրոցես չէ։ Վստահություն չունեցող իշխանության երրորդ ժամկետը պետության դեմ դրված դանդաղ գործողության ռումբ է։ Պետության տակ շարել են ռումբեր՝ իրենց կաշին փրկելու համար։ Որովհետև իշխանությունից դուրս գալը նրանց համար նշանակում է կանգնել դատարանի առաջ տապալված բանակի, հանձնված Արցախի, հազարավոր զոհերի ու ավերված պետականության համար։ Հանդուրժել այս իշխանությանը, վստահել նրանց՝ նշանակում է ստորագրել պետության մահախոսականի տակ։
Եթե այս իշխանությունը մնա, մենք կդադարենք պետություն լինելուց և կդառնանք պարզապես տարածք, որտեղ իշխանավորները ժամանակավորապես փող են աշխատում՝ նախքան երկրի բանալիները թշնամուն հանձնելը։
Ահա սա է այն գինը, որը մենք վճարելու ենք, եթե հանդուրժենք այս աղետի շարունակությունը։
Սևակ Հակոբյան






