«Հայաստան» խմբակցությունը նամակ է հղել ՀՀ ժամանող ԱՄՆ փոխնախագահին

7 Փետրվարի, 2026

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը  նամակ է հղել ՀՀ ժամանող ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսին․

«Մեծարգո պարոն փոխնախագահ, Ձեր առաջիկա այցը Հայաստան տեղի է ունենում մեր ժողովրդի համար ներքին ու արտաքին բավական բարդ պայմաններում։ Հայաստանը մի կողմից դիմագրավում է արտաքին ագրեսիայի, ինքնիշխան տարածքի ադրբեջանական օկուպացիայի՝ հարևան երկրների կողմից ապօրինի շրջափակման և թշնամական քաղաքականության տեսքով, մյուս կողմից դիմագրավում է ժողովրդավարական ինստիտուտների ճգնաժամի, դատական համակարգի քաղաքական վերահսկողության, իշխանության կողմից օրենքի գերակայության ոտնահարման, ընդդիմադիրների նկատմամբ համակարգային ճնշումների ու հալածանքների։

Հայաստանի իշխանությունների ամբողջատիրական ձգտումները չեն շրջանցել նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուն՝ եկեղեցին իշխանությունների քաղաքական կամքին ենթարկելու մտադրությամբ։ Տասը բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ հարուցված են շինծու քրեական գործեր։ Նշված հոգևորականներից մեկն արդեն դատապարտվել է երկու տարի ազատազրկման, իսկ երեքի նկատմամբ կալանավորումը կիրառված է որպես խափանման միջոց։ Հայաստանի իշխանություններն ապօրինի կերպով խախտում են եկեղեցու ինքնիշխանությունն ու անկախությունը՝ այդպիսով կոպտորեն ոտնահարելով Հայաստանի օրենսդրությունն ու միջազգային կոնվենցիոն պարտավորությունները։

Մենք գնահատում ենք ԱՄՆ գործող վարչակազմի` Այսրկովկասում երկարատև խաղաղության հաստատմանը միտված ջանքերը, ինչի արդյունք է նաև Ձեր այցը տարածաշրջան։ Պարոն փոխնախագահ, Ձեր այցը Հայաստան և տարածաշրջան իրապես կարող է հատկորոշվել հայ-ամերիկյան հարաբերությունների պատմության մեջ խաղաղության իրական օրակարգի առաջմղմամբ, խաղաղություն, որ հիմնված է արդարության և արժանապատվության վրա, խաղաղություն, որտեղ հարգված ու միջազգային երաշխավորությամբ իրացված են արցախահայության անքակտելի իրավունքները, խաղաղություն, որը չի արդարացնում էթնիկ զտումները և պատերազմական հանցագործությունները։

Այս համատեքստում թույլ տվեք անգամ ևս գոհունակությամբ արձանագրել ԱՄՆ պետդեպարտամենտի՝ 2025 թ․ սեպտեմբերին ԱՄՆ Կոնգրեսի դիմումատու անդամներին ներկայացված քաղաքական դիրքորոշումը արցախահայության վերադարձի իրավունքի և Արցախի սրբավայրերի պաշտպանության, Բաքվում պահվող հայ ռազմագերիների վերադարձի վերաբերյալ։ Ձեր այս այցելությունը լավագույն հնարավորությունն է հետամուտ լինելու ԱՄՆ գործադիր իշխանության կողմից հրապարակված այս սկզբունքներին։ Հայ-ամերիկյան հարաբերությունները մշտապես աչքի են ընկել ամուր բարեկամությամբ, քաղաքական երկխոսության և փոխըմբռնման բարձր մակարդակով․ մեր պետությունների երկկողմանի հարաբերություններում իր ուրույն դերն ունի նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների ավելի քան մեկ միլիոնանոց հայ համայնքը, որը ձևավորվեց Հայոց ցեղասպանության սարսափը վերապրած և Միացյալ Նահանգների հյուրընկալ հարկի տակ ապաստան գտած մեր հարյուր հազարավոր հայրենակիցների կողմից։ Մենք տրամադիր ենք ապագայում ևս խորացնելու հայ-ամերիկյան ռազմավարական գործակցությունը՝ ի շահ մեր պետությունների և ժողովուրդների։

Պարոն փոխնախագահ, Ձեզ իրազեկելով Հայաստանի ներքաղաքական իրողությունների մասին, ամենևին չենք ակնկալում Ձեր միջամտությունը Հայաստանի Հանրապետության ներքին կյանքին։ Հայաստանի քաղաքական գործընթացների անկախությունը և աշխարհաքաղաքական որևէ կենտրոնի կողմից ցանկացած միջամտության բացառումը Հայաստանի Հանրապետության ընդդիմության առանցքային առաջնահերթություններից մեկն է։ Հայաստանի ժողովրդավարական կարգերի վերահաստատումը մեր ներքին գործն է, ինչին և հետամուտ է ընդդիմությունը։

Մեր ակնկալիքը Բաքվում ապօրինի պահվող մեր առնվազն 19 հայրենակիցների, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության, վերադարձի հարցում Ձեր գործուն ներգրավումն է։ Այս մարդիկ զրկված են մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունից և խոշտանգումների են ենթարկվում բացառապես իրենց ազգային ու կրոնական պատկանելության համար։

Համոզված ենք, որ ամերիկյան գործող վարչակարգը, իր սկզբունքներին հավատարիմ, կարող է լուծել մեր ժողովրդի ու պետության համար շատ կարևոր այս խնդիրը՝ ինչն էապես կբարձրացնի նաև փոխվստահության մթնոլորտը հայ-ադրբեջանական բանակցություններում, ինչպես նաև կուժեղացնի ամերիկյան միջնորդության դիրքերն ու կամրապնդի դրա հասարակական ընկալումը։ Պարոն փոխնախագահ, վերը հիշատակված խնդիրները քննարկելու համար ուրախ կլինենք Ձեզ հետ հանդիպելու Ձեր այցելության ընթացքում։ Մենք նման հանդիպումը համարում ենք հատկապես կարևոր՝ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի և տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ մեր գնահատականները փոխանցելու համար։

Նմանատիպ նյութեր

Արցախում ոչնչացվել է 19-րդ դարի հայ-ռուսական գերեզմանոցը․ ահազանգ

Արցախում ոչնչացվել է 19-րդ դարի հայ-ռուսական գերեզմանոցը․ ահազանգ

Ադրբեջանի իշխանությունները Շուշիում հերթական մշակութային վանդալիզմն են իրականացրել՝ հիմնահատակ ավերելով քաղաքի պատմական Հին հայկական-ռուսական գերեզմանոցը: Այս մասին փաստագրված տվյալներ է հրապարակել Caucasus Heritage Watch (CHW) միջազգային մոնիթորինգային...

«Պահանջում են ազատման դիմում գրել՝ Լևոն Քոչարյանի հետ լուսանկար հրապարակելու համար»․ Սյուզի Բադոյան

«Պահանջում են ազատման դիմում գրել՝ Լևոն Քոչարյանի հետ լուսանկար հրապարակելու համար»․ Սյուզի Բադոյան

Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Ավանի մարզադպրոցում Լևոն Քոչարյանի հետ նկարը ճակատագրական է դարձել մարզչի համար։ Մարզադպրոցի տնօրեն Գենադի Ասլանյանը 6 տարվա աշխատակցի նկատմամբ սկսել է հետապնդումներ այն բանից հետո, երբ...

ՆԱՏՕ-ում մտավախություն ունեն․ Եվրոպան չի կարողանա դիմակայել Ռուսաստանի հետ պատերազմին

ՆԱՏՕ-ում մտավախություն ունեն․ Եվրոպան չի կարողանա դիմակայել Ռուսաստանի հետ պատերազմին

ՆԱՏՕ-ում մտավախություն ունեն, որ Եվրոպան չի կարողանա դիմակայել Ռուսաստանի հետ պատերազմին, հայտնում է The Guardian-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Թերթը ՆԱՏՕ-ի պլանավորողների «ռազմական հոռետեսության» պատճառներից նշում է Եվրոպայում աջ կուսակցությունների ժողովրդականության...

Մարիա Ազիզյանը հաղթող է ճանաչվել Թենիսի միջազգային պատանեկան մրցաշարում

Մարիա Ազիզյանը հաղթող է ճանաչվել Թենիսի միջազգային պատանեկան մրցաշարում

Հայաստանի ներկայացուցիչ Մարիա Ազիզյանը հաղթող է ճանաչվել Բուլղարիայի Բուրգաս քաղաքում անցկացված Թենիսի միջազգային ֆեդերացիայի` ITF-ի J60 պատանեկան մրցաշարում: Եզրափակիչում Ազիզյանը 2։1 (6։2, 3։6, 7։6) հաշվով առավելության է հասել իտալացի Աննա Ներելիի նկատմամբ: Ազիզյանը...

Միջկրոնական համագումարում ընթերցվել է Արամ Ա. Վեհափառի պատգամը

Միջկրոնական համագումարում ընթերցվել է Արամ Ա. Վեհափառի պատգամը

Արամ Ա. Վեհափառ Հայրապետի ուղերձը ներկայացվել է Նյու Յորքում կայացած միջկրոնական համագումարում․ Շաբաթ, 29 Օգոստոս 2026-ին Նիւ Եորքի մէջ տեղի ունեցաւ “One World: One Humanity” («Մէկ աշխարհ՝ մէկ մարդկութիւն») միջ-կրօնական համագումարը, կազմակերպութեամբ Կրօնական...